![IMG_1196[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/12/IMG_11961.jpg)
2007-ի օգոստոսի 30-ին Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Այն ժամանակվանից ես պայքարում եմ, բողոքում եմ, իրենք պնդում են, որ իմ երեխեն էլեկտրահարվել է: Դեպքի վայրում ոչ մի էլեկտրասյուն, ոչ մի նման բան չկա, ինչ իրենք են նկարագրել: Նրան սպանել են: Մարդասպանները իրենց կողքն են, նույն այդ զորամասում են: 2001-ին սպանել են՝ չեն պատժվել, 2007-ին սպանեցին, դա շարունակվում է: Եթե մեր նախագահն ուզում է իր աթոռը պինդ բռնել, թող պատասխանատվություն վերցնի իր վրա, որովհետեւ համարվում է գերագույն գլխավոր հրամանատար: Նա գոնե պիտի գոնե այս աղմկահարույց դեպքերը բացահայտի: Մարտի 1-ին 10 զոհերի դատաբժշկական եզրակացություն Վիգեն Ադամյանն է տվել, այդ նույն դատաբժիշկը եղել է իմ երեխու դատաբժիշկը, որը վնասվածքները չի նկարագրել: Ասել է՝ հոսանքահարվել է: Եթե հոսանքահարվել է՝ իմ երեխու ատամը չկա, իմ երեխու շորերը պատռված են: Երեւի բոլորը հոսանքն է արել: Ինչի՞ մասին է խոսքը»:
Տիկին Սարգսյանն ուզում էր որպես ծնող իմանալ՝ ո՞րն է որդու սպանության դրդապատճառը, ի՞նչ է պատահել նրան. «Ես ծնող եմ, ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է արել իմ երեխեն, որ սպանել են: Թող ասեն՝ չենք սպանել, դժբախտ պատահար է եղել, բայց դա էլ չեն կարողանում ապացուցել: Թող ապացուցեն իրենց սարքած քրեական գործը: Այդ ցավն ավելի տանելի է, քան որ իմանաս՝ քո երեխուն սպանել են: Իմ վիշտն այնքան մեծ է, ինչի՞ պիտի ես փնտրեմ մարդասպանին: Իմ երեխուն սպանել են Կարճաղբյուրի զորամասում: Կորպուսի հրամանատարն եղել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Եթե Հայկազ Բաղմանյանի նստավայրը հենց Կարճաղբյուրում է, իմ երեխուն սպանել են 15 մետր հեռավորությամբ, իր թիկնապահների սենյակում, ումի՞ց ինչ պահանջեմ: Այսօր Բաղմանյանն ո՞ւր է՝ կորպուսի հրամանատարի պաշտոնից հանեցին, բերեցին Խաչատուրովի կողքը նստացրեցին: Ախր ցավ է ինձ համար: Ո՞վ է Հայկազ Բաղմանյանը՝ մեր նախագահի զինակից ընկերը, էլ ո՞ւր ենք հեռու գնում»:
Վայքի զորամասերից մեկում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանն էլ վստահեցրեց, որ իր որդու սպանության դրդապատճառն էլ է հայտնի, սպանություն կատարող անձն էլ է հայտնի, բայց 2009-ին գործը կասեցրել են՝ սպանություն կատարող անձը անհայտ լինելու պատճառաբանությամբ. «Այն պարագայում, որ 9 քմ սենյակում 4-5 հոգու ներկայությամբ են տղայիս սպանել՝ 100 դոլարի համար, որովհետեւ արձակուրդի պետք է գնար 100 դոլար տալու պայմանով, բայց գնաց 15.000 դրամով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































