Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետ. «Բավարարվենք նրանով, ինչ ասել եմ այն ժամանակ»

Դեկտեմբեր 18,2012 21:05

Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հեռանում էր քաղաքապետի պաշտոնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ շրջանում հասարակական հնչեղություն ստացած` Օղակաձեւ զբոսայգում սրճարանների կառուցման խնդրին, ասաց, որ փորձել է պայքարել ապօրինությունների դեմ ու չի կարողացել. չի հաջողել, իրեն թույլ չեն տվել: Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանը չմանրամասնեց` թե ովքե՞ր թույլ չեն տվել եւ ինչո՞ւ չի կարողացել իրագործել իր ցանկությունը:

Օրերս Aravot.am-ը պարոն Նազարյանին խնդրեց այժմ փոքր ինչ բացել փակագծերը` նկատի առնելով, որ այդ ժամանակաշրջանի իրադարձություններից բավական շատ տարիներ են անցել: «Վաղեմության ժամկետը նշանակություն չունի, ես եթե ցանկանում եմ ինչ-որ բան ասել, ասում եմ ցանկացած պահի: Բավարարվենք նրանով, ինչ ասել եմ այն ժամանակ եւ ինչը կրկնում եմ այսօր»,-ասաց Ռոբերտ Նազարյանը:

Երեւանի նախկին քաղաքապետը կիսում է այն մարդկանց կարծիքը, ովքեր ասում են, որ Երեւանը գեղեցկացել է: «Ներկայիս քաղաքապետը բավականաչափ մեծ ուշադրություն է դարձնում քաղաքի արտաքին տեսքին, կանաչապատմանը, բարեկարգմանը, հատկապես բակային տարածքների վերականգնմանը եւ  այդ տեսակետից, այսօր աչք շոյող քաղաք ունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում իր երիտասարդ գործընկերոջը գովեց նա: Հարցին` ինչո՞ւ նախորդ քաղաքապետերը դա չէին անում, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերլուծել յուրաքանչյուր քաղաքապետի աշխատած ժամանակաշրջանը եւ կարողանալ այդ ժամանակահատվածում տեսնել` որո՞նք էին առավել առաջնային խնդիրները եւ ի՞նչ հնարավորություններ կային դրանք լուծելու: Այդ տեսակետից, յուրաքանչյուր քաղաքապետի համար իր ժամանակաշրջանը կարեւորվում է իր հնարավորությունների եւ հարցերի կարեւորության հետ միասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31