Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկով կով կթել են սովորեցնում

Հունվար 11,2013 15:38

2011 թվականին մեկնարկած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային 5 ամյա ծրագիրը հնարավոր է նախատեսված ժամկետից շուտ ավարտվի: Այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:  Ծրագրի ընդհանուր արժեքը  21.3 միլիոն դոլար է, որից 16-ը համաշխարհային բանկի վարկն է, 3.5 միլիոն դոլարը մեր կառավարությունն է տրամադրել, իսկ 1.8-ը ծրագրից օգտվող շահառուներն են վճարել: Ծրագրի շնորհիվ, կառավարությունը նախատեսել է, որ կաթնատվությունը կբարձրանա, կենդանիների քաշը կավելանա, հանրապետության տարածքում չօգտագործվող արոտավայրերն էլ արդեն կսկսեն օգտագործել: Մինչ օրս, ըստ ԾԻԳ-ի տնօրենի, 30 միլիոն դրամի խորհրդատվություն է տրամադրվել ծրագրի շրջանակներում ստեղծված սպառողական կոոպերատիվներին: Պարոն Խաչատրյանը նշեց, որ բազմաթիվ համայքներում գյուղամերձ արոտավայրերում գերարածեցում է լինում, ինչի պատճառով հողն է վնասվում, իսկ կաթի արտադրությունում էլ գյուղացիները էլեմենտար հիգիենիկ պայմանները չեն պահպանում:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք միայն  խորհրդատվության հաշվին հնարավո՞ր է կաթի արտադրության որակն ու մաքրությունը բարձրացնել, մանավանդ, որ ՀՀ վարչապետն արդեն անվճար խորհուրդ տվել էր՝ կթելուց առաջ անասունի պտուկները պետք է լվանալ: ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Աշխարհում կան հատուկ ֆերմաներ, որտեղ ունեն կաթի սրահներ եւ մեքենայացված է կիթը, սա բավականին թանկարժեք բան է: Մեր բոլոր ֆերմերային տնտեսություններին բերել այդ դաշտ դժվար կլինի, բայց գոնե փոքր հնարավորություները, որ կթելուց առաջ ձեռքերը լվանան, գոնե դա պետք է սովորեցնենք»: Մեր այն դիտարկմանն էլ, գյուղացիներն այդ տարրական գիտելիքները չունե՞ն, դրա համար անպայման պետք է վա՞րկ վերցնել ու սովորեցնել, պարոն Խաչատրյանն ասաց՝ «Չգիտեն, չեն պահպանում հիգիենայի կանոնները: Պատկերացրեք, գյուղացին ունի 4 կով, էդ մարդը օրական էդ 4 կովի տված կաթը հո չի՞ շալակելու տանի վերամշակողին հանձնելու: Ինչ-որ միջնորդ է գալիս ու ասում՝ քո կաթի որակն ու յուղայնությունը ցածր է, այս գնով պիտի մթերեմ, դե էդ խեղճ մարդն էլ ի՞նչ անի: Հիմա կոոպերատիվը պետք է ստեղծի հնարավորություն, որ ֆերմերից ընդունելով ստուգի կաթը, ու հանձնի վերամշակողին՝ էլի ստուգելով, եւ ոչ թե վերամշակողի թելադրած գնով, այլ սահմանված պայմանագրային գնով: Այս դեպքում կոոպերատիվը կպահանջի, որ կաթը կթելուց պահպանեն հիգիենիկ պայմանները»:

Ինչ վերաբերում է արոտավայրերին, ապա պարոն Խաչատրյանն ասաց, որ հեռավոր արոտավայրերը չեն օգտագործվում, քանի որ անասունների համար խմելու ջուր չկա, իսկ, ըստ  ծրագրի, խմոցներ են տեղադրում արոտավայրերում՝ սարերի աղբյուրներից հավաքած ջրերով. «Նախկինում կենդանին առավոտը ջուր է խմել, հետո 15 կմ հեռու գնացել է արածելու, բայց շուտ հետ է դարձել ջուր չլինելու պատճառով, էլ էդ կովից ի՞նչ կթես:  Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, կենդանու հոգսերը հոգալ, որ փոխհատուցի: Եթե գոնե տարեկան 2500 լիտրի հասցնենք կենդանու կաթնատվությունը՝ լիարժեք կերակրելու դեպքում, կարող ես լիարժեք էլ կթես»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031