Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ոստիկանության բաժնում իրեն վնասած երիտասարդի բողոքը

Հունվար 12,2013 13:36

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց ոստիկանության բաժնում խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Հակոբ Կյուրեղյանի փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը առաջադրված մեղադրանքում մեղավոր էր ճանաչել ոստիկանության Վանաձորի բաժնում իրեն վնասած երիտասարդին՝ դատապարտելով նրան 2,5 տարվա ազատազրկման:

Կայացված վճռի դեմ էլ նրա փաստաբան Կարեն Թումանյանը բողոք էր բերել ՀՀ վերաքննիչ դատարան:

Հակոբ Կյուրեղյանին մեղադրանք էր առաջադրվել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ինչը զուգորդվել էր իշխանության ներկայացուցիչների եւ հասարակական կարգի խախտումը խափանող անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, որի պատճառով խախտվել էր ոստիկանության Վանաձորի բաժնի բնականոն աշխատանքը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2011 թվականի սեպտեմբերին վանաձորցի Հակոբ Կյուրեղյանը ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնում իր հետ նախապես վերցրած սափրվելու մեկանգամյա սայրով վնասել էր պարանոցը, ապա՝ նախաբազուկը: Այնուհետեւ նյարդայնացած վիճակում սկսել էր բարձրաձայն բղավել, որից հետո երկրորդ հարկի աստիճաններից իրեն նետել էր առաջին հարկ:

23-ամյա Հակոբ Կյուրեղյանը ոստիկանության Վանաձորի բաժին էր ժամանել այն բանից հետո, երբ իրեն անծանոթ գործի շրջանակներում ոստիկանության տեղամասային տեսուչ Նարեկ Սեափխանյանից հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկացել էր, որ բաժին չներկայանալու դեպքում բերման կենթարկվի:

Զայրացած Կյուրեղյանն էլ ժամանելով բաժին՝ սկսել էր, որպես բողոքի նշան, ինքնավնասում կատարել:

Ոստիկանները, կիրառելով ձեռնամարտի հնարք, արյունահոսող Կյուրեղյանին փորձել են հանգստացնել, սակայն՝ ապարդյուն: Նա չի ենթարկվել ոստիկաններին, դիմադրություն է ցույց տվել, ոստիկանների ցուցմունքներով՝ հայհոյել նրանց, ավելին՝ հրաժարվել է ոստիկանության բաժին հրավիրված բուժքույրերի օգնությունից, որից հետո ոստիկանները ձեռնաշղթաներ են անցկացրել նրան եւ տեղափոխել ձերբակալվածների պահպանման վայր (ՁՊՎ):

Դեպքից հետո Հակոբ Կյուրեղյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ խուլիգանություն կատարելու հանցակազմով:

Բողոքում փաստաբան Թումանյանը պնդում է, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը կայացրել է ակնհայտ անօրինական վճիռ.

«Սույն քրեական գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը դատավճիռը կայացնելիս ղեկավարվել է նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներին տված գնահատականներով, չլինելով անկողմնակալ՝ հիմք է ընդունել միայն տուժող կողմի տված ցուցմունքները եւ հաշվի չի առել դատաքննության ընթացքում դրանց հետազոտման արդյունքում ստացված տեղեկությունները, որով կոպիտ կերպով խախտել է ապացույցների ազատ գնահատման սկզբունքը, որի հետեւանքով կայացրել է ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերին, քրեական դատավարության օրենսդրությանը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներին հակասող դատավճիռ, հետեւյալ պատճառաբանություններով»:

Փաստաբանի խոսքերով՝ Կյուրեղյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ բռնություն չի գործադրել ոչ մի աշխատակցի նկատմամբ, ոչ մեկի չի հարվածել, այն էլ՝ ոտքով, եթե ոտքով հարվածեր գործով տուժող Զորիկ Արղամանյանի որովայնին, ապա վստահ է՝ նրա ձախ ձեռքի 3-րդ մատի եղունգային ֆալանգի ափային մակերեսին չէր առաջանա 0.4 x 0.2 սմ չափերի քերվածք, այլ ավելի լուրջ վնասվածք կստանար, բացի այդ՝ պարանոցի շրջանում երկու՝ 8 սմ եւ 7. 5 սմ երկարությամբ ածելիով վնասվածք, ձախ նախաբազուկի շրջանում վնասվածք ստացած եւ 4-ից 5 մ բարձրությունից իրեն ցած նետած անձը շատ անհավանական է, որ ֆիզիկապես ունակ է, այն էլ ոստիկանության բաժնում որեւէ աշխատակցի հարվածել կամ նշված տեւողությամբ հայհոյել նրանց, ընդ որում՝ աշխատանքային ժամին, երբ բոլոր աշխատակիցները բաժանմունքում են լինում, նաեւ հիշեցնում՝ այդքանը 30 րոպե տեւողությամբ:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031