Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Նվազել է լրատվամիջոցների հանդեպ ֆիզիկական բռնությունների թիվը» (Տեսանյութ)

Հունվար 29,2013 15:06

2012թ. լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ 16 դատական հայցի դեպք է գրանցվել

«2012-ին գրանցվել է լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ֆիզիկական բռնության 4, (3-ը` խորհրդարանական,  1-ը` ՏԻՄ ընտրությունների ժամանակ),  ճնշումների 37 եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 23 դեպք` 2011թ. արձանագրված, համապատասխանաբար՝ 5, 49 եւ 7 դեպքի դիմաց»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ԽԱՊԿ 2012 տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Մելիքյանը նշեց, որ 2012-ն ընտրական տարի էր, որի վրա կենտրոնացել էր լրատվամիջոցների ուշադրությունը. «Իրավիճակն ավելի մեղմ էր, քան, օրինակ, 2007թ. ընտրությունների ժամանակ, լրագրողների աշխատանքային միջավայրն  էլ ավելի բարենպաստ էր: Նախորդ տարվա ընտրական ժամանակահատվածում նվազել է լրատվամիջոցների դեմ ֆիզիկական բռնությունների եւ դատական հայցերի թիվը: Դրանց առումով աննախադեպ էր 2011-ը` 36 դեպք` «վիրավորանքի եւ զրպարտության» հոդվածով: Այդ հարցում հատկապես ակտիվ են քաղաքական գործիչները, բայց նախորդ տարի ընդամենը մեկ քաղաքական գործիչ դատական հայց ներկայացրեց բլոգերի դեմ: Ընդհանուր առմամբ` 2012թ. գրանցվել  է լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ 16 դատական հայցի դեպք»:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լրատվամիջոցների հանդեպ բռնությունների եւ ճնշումների թվի նվազումը պայմանավորված է վերջիններիս հետ աստիճանաբար առավել քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու միտումով. «Բայց դատական ատյաններում հարցեր լուծելը գայթակղիչ է դարձել: Դատական հայցերը հաճախ լրատվամիջոցների հետ հարցեր պարզելու բնույթ են կրում: Քանի որ 2011-ին սկսված դատական գործերը շարունակվում են մինչ օրս, մեր վերջին զեկույցն ամենածավալունն է ստացվել»:

ԽԱՊԿ նախագահը նաեւ ասաց, որ կոմիտեի արձանագրած հերոհիշյալ դեպքերն ամբողջական չեն. «Խախտումների ռեալ քանակն արձանագրելը դժվար է, որովհետեւ հաճախ  լրատվամիջոցներն իրենք չեն հրապարակայնացնում իրենց հանդեպ ճնշումները եւ փորձում են հարցն ինքնուրույն լուծել կամ պարզապես արհամարհել»: 2012թ. լրատվամիջոցների հանդեպ ճնշումներից Մելիքյանն առանձնացրեց «A1+»-ի եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած դեպքը եւ այն որակեց որպես անընդունելի:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031