Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյան. «Ռաբիսի դեմ պետք չէ պայքարել» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 16:19

Փոխարենը կգործի «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագիրը

Այսօր` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով տեղի կունենա Մշակույթի նախարարության եւ «Հայպետֆիլհարմոնիայի» նախաձեռնած «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր` Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանն ասաց  փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ նախագիծը մասն է կազմում կառավարության  ընդունած` մանուկների եւ պատանիների գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերի: «Ուսանողական ֆիլհարմոնիան» նպատակ ունի մեր պատանիներին ծանոթացնել հայ երաժշտարվեստի հետ եւ պրոպագանդել այն: Այսօր խնդիր է դրված  պատանիներին իրազեկել հայկական մշակույթի մասին, իսկ նախաձեռնության խնդիրն է` համերգ-դասի միջոցով` մատչելի ձեւաչափով հայ երաժշտությունը ներկայացնել նրանց: Տարվա ընթացքում կանցկացվի բազմաբնույթ համերգաշար, ինչը բավական լուրջ աշխատանք է»,-հավելեց փոխնախարարը:

«Հայպետֆիլհարմոնիայի» տնօրեն Գագիկ Մանասյանն ասաց, որ «Ուսանողական ֆիլհարմոնիայի» «նախատիպը»` «Դպրոցական ֆիլհարմոնիան», Հայաստանում գործում էր դեռեւս 1960-ական թթ, սակայն դադարեցվեց ֆինանսական խնդիրների պատճառով. «Այնուհետեւ «Դպրոցական ֆիլհարմոնիան» վերսկսվեց Մշակույթի նախարարության ջանքերով: Հատկանշական է, որ «Դպրոցական» ֆիլհարմոնիան վերսկսելու մասին որոշումը եղել է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած վերջին փաստաթուղթը: Վերաբացումը նոր հնարավորություն կտա` գեղագիտական դաստիարակության գործն արդյունավետ կազմակերպելու համար»:

Մանասյանը նաեւ ասաց, որ «Դպրոցական ֆիլհարմոնիան» մասնաճյուղեր ունի Ղարաբաղում,  Գյումրիում, Ղափանում եւ Եղեգնաձորում: «Այսօր լավ հանդիսատես ունենալու պահանջարկ կա: Պետք չէ պայքարել ռաբիսի եւ ամեն օր հեռուստատեսությամբ երեւացող աստղերի դեմ: Պետք է  ստեղծել եւ առաջարկել լավ երաժշտություն: Այդպես երեխաները բնազդաբար կընտրեն լավը»,-հավելեց պարոն Մանասյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով. «Եթե «Դպրոցական ֆիլհարմոնիան» կրթում է երեխաներին, ապա «Ուսանողական ֆիլհարմոնիան»` ստեղծում է երիտասարդ ունկնդիր ունենալու հիմք: Սակայն դասական երաժշտությունը չպետք է շատ մատուցել, այլապես այն կարժեզրկվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728