Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով վճիռը` մարտի 4-ին

Մարտ 01,2013 18:02

«Փաստինֆո». ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ Կարեն Ավետիսյանի, այսօրվա նիստում ավարտեց ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի հիման վրա գործի քննությունը: Ր.Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:

Վճիռը կհրապարակվի մարտի 4-ին:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ` լուսանկարների տեսքով, որոնցում պատկերված են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվամբ և կարգախոսով պաստառներ: Դրանք փակցված են եղել խանութների, ինչպես նաև մշակույթի տների վրա: Հայցվոր կողմի պնդմամբ՝ դրանք քարոզչություն պարունակող պաստառներ են և փակցված են եղել անթույլատրելի վայրերում:

Դատաքննության ընթացքում պատասխանողի կողմից հայցվորին ուղղվեց հարց, թե արդյոք նշված պաստառները վերջինս դիտարկում է որպես նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին կողմ կամ դեմ քվեարկելու կոչ: Ի պատասխան հայցվորը դատարանին հայտնեց, որ դրանք, ըստ իրենց, քարոզչական նյութեր են և ենթադրում են թեկնածուի օգտին քվեարկելու կոչ:

Պատասխանող կողմը պնդեց, որ հայցվորը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ կամ պատճառաբանություններ` հիմնավորելու համար իր կողմից ներկայացված փաստերի ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա:

Ինչ վերաբերում է նրան, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներում, որտեղ քարոզչական նյութեր պարունակող պաստառը փակցված է ո՛չ միայն շտաբի դրսում, այլ նաև ներսում, պատասխանողը նշեց, որ շտաբի դրսում և ներսում նույն ցուցանակի տեղադրվելուց դեռևս չի երևում, որ շտաբների թիվը 1988-ից ավելի է կամ պաստառների թիվը գերազանցել է սահմանված քանակը:

Պատասխանող կողմը, մեջբերելով Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը, նշեց, որ ընտրական շտաբների վրա փակցված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված տեղամասերի թիվը և յուրաքանչյուր պաստառի ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը: Ըստ այդմ` դրանք հայտարարագրման ենթակա ծախսեր չեն:

Կողմերը ճառով հանդես գալ չցանկացան: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչները որպես իրենց խոսքի ավարտ նշեցին, որ հայցվորի կողմից ներկայացված փաստարկները չեն համարվում Ընտրական օրենսգրքի խախտում, ուստի դատարանին խնդրեցին հայցն ամբողջությամբ մերժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031