Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները քննարկել են համագործակցության ծրագրերի ընթացքը

Մարտ 16,2013 10:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար և նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ. <<Ստեփանակերտն այսօր համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել և քաղաքային տնտեսության առավել արդյունավետ կառավարման գործում մեծ առաջընթաց է գրացվել, որի համար, պարոն Մարգարյան, շնորհակալ ենք անձամբ Ձեզ` ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության և հետևողականության համար>>,-նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրերի կյանքի կոչման հարցում. <<Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին ենթադրում է, որ երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ և նպատակային: Այս վեց ամիսների ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը իսկապես արդյունավետ է եղել, սակայն մենք չպետք է բավարարվենք ձեռքբերածով և, շարունակելով մեր ակտիվ համագործակցությունը,  պետք է նպաստենք Ստեփանակերտի հետ կապերի էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու այդ համատեքստում, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության և գեղարվեստի հանձնաժողովների օրինակով, առաջարկել է քաղաքի կառավարման գործում ներգրավվել երիտասարդական-հասարակական կառույցներին:

Քննարկվել է նաև առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և տուրիզմի զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու  հնարավորությունները:

Անդրադառնալով մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նախանշել է <<Ժենգյալով հաց>> խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաև նշել է,  որ արդեն իսկ հանձնարարված է Երևանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ, բացի այդ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում էլ ապահովել ԼՂՀ զբոսաշրջության վարչության կայքի համապատասխան հղումը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2013-ին նախատեսված համագործակցության ծրագրերի շրջանակում ապրիլին Ստեփանակերտ կգործուղվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված տարբեր բուժհիմնարկների բժիշկներ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը կազմակերպել Երևանում:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հերթական անգամ որպես քաղաքների բարեկամության խորհրդանիշ Արցախի մայրաքաղաքին նվիրաբերված համապատասխան գրառումով նստարաններ և աղբամաններ նվիրելու համար, որոնք կտեղադրվեն Ստեփանակերտի այգիներում և հանգստի այլ գոտիներում:

Երևանի քաղաքապետի  գլխավորած պատվիրակությունը, Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031