Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստ. «Ինձ ասում են՝ արի մեր ավտոն քշի, մեր «ռաբը» եղի» (Տեսանյութ)

Մարտ 20,2013 15:15

Կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից առաջարկված նոր օրենսդրական նախագծի շուրջ բորբոքված կրքերը դեռ չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է դեղին համարանիշները փոխարինել սպիտակով:

«Ո՞վ կարող է մեզ երաշխավորել, որ էս դաշտը վերջապես կհավասարեցվի: Էդ տղաները մեղք են, իրանք հինգ տարի ա՝ քշում են, հարկ են վճարում, մնացածները՝ չէ»,- այսօր, «Տեսակետ» ակումբում խոսելով օրենսդրական նոր նախաձեռնության մասին, ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով, որ դեղին համարանիշների տերերը բարեխղճորեն հարկ են վճարում, մինչդեռ սպիտակ համարանիշներով մեքենաների վարորդները մատուցում են նույն ծառայությունները, սակայն ոչ մի հարկ չեն վճարում:

«Սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես դեմ է, որ դեղին համարանիշները փոխարինվեն սպիտակով:

«Ես պետք է նստեմ այն տաքսին, որն օրինական է: Իսկ օրինականության տարբերանշանը դեղին համարանիշներն են: Հիմա ասում են՝ ուրիշ տարբերանշան է լինելու: Իսկ ինչո՞ւ ես պետք է այդ տարբերանշանը որոնեմ»,-իր մտահոգությունը հայտնեց Ա. Պողոսյանը՝ ընգծելով, որ չի կարելի նաեւ հանել վարորդների բուժզննումն ու մեքենաների տեխզննումը, փոխարենը՝ այնպես անել, որ այդ գործառույթները ձեւական բնույթ չկրեն:

Ասուլիսին ներկա անհատ տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանը իր պատկերացումները հայտնեց օրենսդրական նոր նախաձեռնության մասին ու հանդես եկավ առաջարկությամբ.

«Թող մեր դեղինները մնան, էն իրանց 70% սպիտակները թող աշխատեն, եթե տեսնենք տարիների ընթացքում կկարգավորվի, մենք էլ կփոխենք: Թող դեղին համարները մնան մինչեւ իրանք իրանց հարցերը լուծեն սպիտակ համարների հետ: Եթե կարողանան, բայց չեն կարողանա»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը բազմիցս կարծիք էր հայտնել, որ մտավախության կա՝ նոր օրենսդրական փոփոխությամբ շուկայում մենաշնորհ կմտցվի:

Aravot.am-ը նրան խնդրեց կոնկրետ անուններ նշել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը անուններ չցանկացավ նշել, բայց ասաց.

«Տրանսպորտի նախարարի հետ այդ քննարկումն եղել ա: Ինքը՝ նախարարը, պարզապես էդ հարցը մեր հետ քննարկել ա: Խոշոր ձեռնարկատերերը առաջարկել են շատ ավտոներ ներկրել: Ինքը հարց ա տվել, ասել ա՝ ո՞նց եք գտնում, որ 3-4 հազար նոր ավտոմեքենա ներկրվի, մենք էլ պատասխանել ենք»:

Անհատ տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանն ավելացրեց. «Ես նրանց «ռաբը» չեմ ու չեմ դառնա»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031