Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավորների պատասխանը ՀՀ նախագահին. «Մենք փորձել ենք կոտրել ձեր կողմից ստեղծված վախի մթնոլորտը» (տեսանյութ)

Մարտ 20,2013 18:43

«Սերժ Սարգսյանը իր ելույթում կոչ արեց մեզ, որ մենք կարող ենք շարունակել հայհոյել նրան, իսկ մենք կոչ ենք անում` չծաղրել հայ ազգին, քանի որ ժողովուրդը ինքնակոչ չէ: Եթե ձեզ ընտրած լիներ ժողովրդի մեծամասնությունը, անհրաժեշտություն չէր լինի արդարանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում դասադուլավորների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածներին արձագանքեց դասադուլավոր ԵՊՀ ուսանող Արման Ալեքսանյանը: 

Նրա խոսքերով՝ իրենք ոչ մեկի չեն ծաղրել, չեն պարտադրել միանալ դասադուլին, ինչպես նկատել էր ՀՀ նախագահը. «Մենք փորձել ենք կոտրել ձեր կողմից ստեղծված վախի մթնոլորտը համալսարանում: Եթե դեռ չեք նկատել` դուք մենակ եք մնացել Հայաստանում` ձեր նյութապաշտ թիմի հետ: Դրա համար էլ չկա 20 հոգի, որ գան ու մեզ ասեն` հեռանանք համալսարանից»:

Հիշեցնենք, ՀՀ նախագահն ասել էր. «Ինչո՞ւ 20 մարդ չի գնում այնտեղ եւ ասի` ինչո՞ւ եք այստեղ, ա’յ ոչ ուսանողներ…»:

Ա. Ալեքսանյանը, դիմելով ՀՀ նախագահին, հավելեց. «Եթե մի անգամ գայիք Ազատության հրապարակ եւ ժողովրդին հարցնեիք` ինչո՞ւ են հավաքվել, միգուցե ձեր հետեւորդներն էլ գային եւ մեզ հարցնեին` ինչո՞ւ ենք հավաքվել համալսարանում»:

Ոչ ուսանող դասադուլավոր Դանիել Իոաննիսյանն էլ շարունակեց. «Ոչ մեկ այդ մարդկանց չի ծաղրել: Եթե այդ մարդիկ ուզում են հավաքվել բուհի դիմաց եւ ասել` ոչ դասադուլին, իրենց իրավունքն է: Բայց, երբ այդ մարդիկ ավելի շատ են աղմկում, քան դասադուլավորները, արդեն հարց է` ո՞վ է իրականում դասը խանգարում: Երբ այդ մարդիկ հավաքվում են`  ռեկտորատի ներկայացուցիչների գլխավորությամբ, կանգնում են շքամուտքի մոտ եւ մի քանի ժամ սպասում են, որ դասադուլավորները գան իրենց մոտ, իրենք էլ դասի չեն նստում, իրենց կամքով դուրս են գալիս դասերից, որ դասադուլավորները իրենց բուհի մոտ մի 15 րոպե չաղմկեն»:

Նա նաեւ բացատրեց, որ դասադուլավորների մեջ եղած ոչ ուսանողները արդեն ասպիրանտ են, գիտաշխատող,  որոնք նաեւ ուսանող ժամանակ են առանձնացել իրենց պայքարող տեսակով «Բոլորս էլ սովորել ենք, ավարտել ենք թե բակալավրիատը, թե մագիստրատուրան, գիտաշխատողներ ենք: Այսինքն, բուհն ավարտել-չավարտելու խնդիր մեզ համար երբեք չի եղել»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նախօրեին լրատվամիջոցների հետ հարցազրույցում, դասադուլավորներին անդրադառնալով,  ասել էր. «Ինչո՞ւ եք եկել Երեւանի պետական համալսարանում ստիպում եք այս մարդկանց դասադուլ անել: Որովհետեւ դուք ժամանակին մինչեւ վերջ չե՞ք սովորել այստեղ, վիրավորվա՞ծ եք այս բուհից, թե՞ ձեզ խնդրել են այդպես անեք կամ վճարել են, որ այդպես անեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Այս տղաները մտքի զարգացվածության խնդիրներ ունեն:

    Կարծում եմ այն տարիքում են, որ ինքնահաստատման համար պիտի

    այլ թեմաներ քննարկեին եվ լուծումներ գտնեին, բայց երեվում է չեն կայանում իրենց

    մասնագիտության մեջ եվ դեռ գործ չարած ուզում են էժան ձեվերով մտնեն քաղաքականություն:

    Տապալվելու եք հաստատ, բայց նաեվ ինչ-որ չափի մեզ եք նյարդայնացնում

    ( ՀՀ քաղաքացիներիս ): Դե ինչ արած, մենք համ մեծահոգի ենք համ համբերատար:

    Բայց պիտի որ լինեին մարդիկ ձեր շրջապատում, որ փորձեին մի քիչ ինչպես ասում ենք

    խելք սովորեցնեին: Ցավում եմ մեր բոլորի համար տեսնելով թե ինչքան լկտիություն կա ձեր

    խոսքի մեջ:

  2. Նունե says:

    Ապրե՛ք երեխեք: Ես հպարտանում են մեր այն երիտասարդներով, որոնց համար բոլորովին անտարբեր չէ մեր երկրի ներկան և ապագան: Իսկ ինչ վերաբերում է իրանց վարձատրելուն, դա ավելի շուտ ՀՀԿ-ի սիրած աշխատաոճն է: Պետք չէ մյուսներին դատել նույն չափանիշներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031