Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիմ»-ից առաջ պետք է «այբ»-ն ու «բեն»-ը ասել

Մարտ 27,2013 21:46

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի պարզաբանումը

-Պարո’ն Վարդանյան, այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների համար«Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը: «Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար»,- ասել է Հովհաննիսյանը, նաեւ հայտարարել, որ համաձայն չէ այն տեսակետին, որ ընտրություններին ոչ իշխանական ուժերի միասնական ցուցակով հանդես չգալու պատճառն ամբիցիաներն էին ու վստահեցրել, որ«Ժառանգության» մոտ դրանք ամենանվազն են, ուրիշների մոտ` գուցե շատ: Նախ կխնդրեի անդրադառնայիք Հովհաննիսյանի այս հայտարարությանը եւ պարզաբանեք նաեւ, թե ի վերջո Լիլիթ Գալստյանը չընդգրկվեց ՀՅԴ ցուցակում:

-Այո, պրն Հովհաննիսյանը ճիշտ է ասել այդ առաջարկը եղել է: Բայց սա մեր քննարկումների, խորհրդակցությունների, բանակցությունների մի մասն է միայն: Հարցն ունի նախապատմություն: Պետք է ասել ամբողջը: Եթե ասում ենք «գիմ»-ը, պետք է արդեն ասած լինենք «այբ»-ն ու «բեն»-ը: Ես կցանկանամ, որ այս հարցն ամբողջովին հստակ ու պարզ դառնա, այստեղ որեւէ մեկին մեղադրելու խնդիր չունենք: Բնականաբար, այս շարժման առաջին օրերից, երբ հրապարակում ելույթներ էինք ունենում, հայտարարել ենք, որ իբրեւ հանգրվանային լուծում, ելք ամեն ինչ պետք է անենք, որ միասնական ուժերով գնանք Երեւանի ավագանու ընտրություններին եւ հաղթենք: Մեր մոտեցումը եղել է հետեւյալը` Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ` նախագահական ընտրություններից հետո ստեղծված մթնոլորտն ինքնին քաղաքականացված է եւ շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Բնականաբար ամեն ինչ պետք է արվի, որ այս շարժումը, այս ոգեւորությունն ավելի ընդլայնվի, ավելի ուժեղանա եւ իբրեւ առաջին հանգրվանային հաղթանակ` արձանագրվի Երեւանում: Եվ մենք նույնիսկ մինչեւ եռակողմ հանդիպումների` ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն», ձեւաչափը, խորհրդակցություններ ենք ունեցել եւ ԲՀԿ-ի, Ժառանգության հետ: Մենք «Ժառանգությունն» առաջարկել ենք` ամենաճիշտ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պրն Հովհաննիսյանը որոշ տատանումներից հետո հստակեցրել է` ինքը չի ցանկանում գլխավորել ցուցակը: Մենք նաեւ փորձել ենք համոզել, ապացուցել, որ միասնական ցուցակ գլխավորելը չի նշանակում հրաժարվել այս պայքարից, չի նշանակում վերջնականապես ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները: Մենք ունենք անցած ավագանու ընտրությունների օրինակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններից հետո գլխավորեց ՀԱԿ-ի ցուցակը, 2012թ.-ի խորհրդարանականի ժամանակ էլ ընտրվածգործող նախագահը գլխավորեց ՀՀԿ-ի ցուցակը: Այս երկու զուգահեռ գործըթացները միմյանց չեն բացառում, եւ միակ ճիշտ լուծումն այն է, որ ցուցակը գլխավորի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն ինքնին կարող էր նպաստել ոչ իշխանական ուժերի միավորմանը: Դրանից հետո «Ժառանգություն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Մենք ասել ենք` ճիշտ լուծում չէ` նույն նկատառումներից ելնելով: Եթե գնում ենք միասին եւ այս ընտրությունները դիտում ենք հանգրվան, պետք է կուսակցության ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխավորի: Նաեւ ասել ենք` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պետք է գլխավորի ցուցակը: Սա ոչ թե ամբիցիայի խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրվան: Ցավոք, մեր գործընկերներն այս տարբերկը չընդունեցին: Այնուհետեւ, մեր նախաձեռնությամբ, եղան եռակողմ խորհդակցությունները` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության»ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդտեղ էլ մենք նախ կարեւորել ենք, բացատրել, թե ինչու ոչ իշխանական ուժերը պետք է միասին գնան այս ընտրություններին: Մենք ասել ենք` մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է` 1. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, 2. եթե ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա մեզ համար կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխավորի Վարդան Օսկանյանը: ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունն» այստեղ համաձայնության չեկան: Մենք հասկանում ենք երկուսի փաստարկներն էլ եւ քննադատական կամ մեղադրական որեւէ բան չենք ասում: Բնականաբար, «Ժառանգությունն» մտածում է, որ այսօր ընդդիմության հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, հսկայական ձայներ են հավաքել եւ իրենք պետք է լինել առաջինը: ԲՀԿ-ն էլ ասում է, որ սրանք միակ ընտրությունները չեն, եղել են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները կան, ԱԺ ԲՀԿ-ում ունի 30-ից ավել պատգամավոր, իսկ «Ժառանգությունը»` 3 կամ 5 պատգամավոր: Ինչեւ, դրանից հետո մենք նորից ենք շարունակել բանակցությունները«Ժառանգության» հետ եւ պնդել մեր համոզումը, մեր տեսակետը, որ ճիշտը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորելն է: Հետո, երբ արդեն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին եւ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մեզ առաջարկություն է եղել` պրն Հովհաննիսյանն ասում է թող ցանկը գլխավորի Լիլիթ Գալստյանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստյանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելույթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւյալն է` սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն, սա պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը: Բացի այդ մենք «Ժառանգության»-ը նաեւ ասել ենք` մենք հարգում ենք Ձեր տեսակետը, գնահատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանը դերը, բայց որեւէ մեկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թե դաշնակցականներից ով լինի ցանկում: Պրն Հովհաննիսյանն այսօրվա իր ասուլիսում ասել է նաեւ, թե իբր իրենք միակն են, որ վերկուսակցական ցանկ են կազմել, ու վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից: Շատ լավ է, շատ գնահատալի, բայց որեւէ մեկը նեղ կուսակցական շահերով չի առաջանորդվել, այլ առաջիկա ընտրությունների բնույթով. սա քաղաքական ուժերի ընտրապայքար է: Երեւանի օրենքն իր բնույթով կուսակցությունների համամասնական ցուցակների ընտրություն է`քաղաքականն ու քաղաքացիացիականը հակադրելը ճիշտ չէ ու կոռեկտ էլ չէ: Մենք ամբիցիա չենք դրսեւորել, մենք ունեցել ենք հստակ փաստարկներ եւ ինչպես հարգում ենք իրենց փաստարկները, անկնկալում ենք, պահանջում, որ իրենք էլ հարգեն մեր փաստարկները: Ցավոք, ունենք այն ինչ ունենք: Բայց սա արդեն անցած փուլ է: Հիմա պետք է կենտրոնանալ, որ ոչ իշխանական ուժերը համախմբվեն օրինական ընտրություններ ապահովելու համար եւ մտածեն հետընտրական դաշինք ձեւավորելու մասին: Բազմիցս ասել եմ նաեւ, որ գուցե վատ չէ, որ յուրաքանչյուր ուժ առանձին մասնակցի եւ առավելագույն ձայներ հավաքի: Լիլիթ Գալստյանի հետ կապված. վստահ եմ` մեր հասարակությունը, լրագրողները հիշում են, երբ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, մամուլում էլ գրվեց, որ մեր ցանկի առաջին համարներից մեկը լինելու է Լիլիթ Գալստյանը, ցավոք վերջին պահին նա, թերեւս, անձնական, կամ ինչ-որ այլ մոտեցումների պատճառով չհամաձայնեց լինել Դաշնակցության ցանկում` փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է:

ՀՅԴ Գերագույն մարմնի մամուլի դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էլիզա says:

    Ես քաղաքականությունից չեմ հասկանում, բայց մեջս վախ կա, որ հավատով լցված ժողովրդին հիասթափություն կպատճառեն ընդիմադիր կուսակցությունները իրենց անհամաձայնություններով Ու էս խեղճ ժողովուրդը, որը մի վերջին հույսով առաջ է գնում դեպի իր երազանքի իրագործմանը,հանկարծ վեր թռնեն ու տեսնեն ,որ երազ էին տեսնում…ու դա լինի միայն այն պատճառով որ կուսակցությունները ունեն ոչ թե ծրագրեր այլ նպատակներ.
    Ցավում եմ ..գուցե ծայրահեղության մեջ ընկա,բայց ես սիրում եմ իմ երկիրը, իմ տունը, իմ ժողովրդին ու չեմ ուզում կորցնել այն: Մի թե շատ դժվար է սիրելը…եթե սիրեք վերը թվարկածներս չեք թողնի, որ մատը փուշ մտնի,որ որևէ մեկը տրորի այն ամենը ինչ ունենք մենք՝ այս մի բուռ ժողովուրդս, որը չգիտես ինչ հերոսությամբ, բայց չի լքում իր սիրած երկիրը,թեև շատ լավ հասկանում է, որ իր իսկ ծնած նյութապաշտները չեն մտահոգվում իր մասին…սթափվեք ի վերջո….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031