Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է անցյալ տարվա ապրիլին Մոսկովյան 33 հասցեի դիմաց «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, մարմնական վնասվածք հասցնելու համար:
Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գեորգի Գուլքանյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, մասնավորապես՝ հրապարակեց ոստիկանության հետաքննիչի կողմից Ս. Ջուլհակյանի հաղորդումն ընդունելու մասին արձանագրությունը, ոստիկանության ամփոփագիրը, համաձայն որի՝ «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, համաձայն որի՝ բուժօգնության է դիմել Ս. Ջուլհակյանը, հայտարարելով, թե մատը դռան տակ է մնացել: Պաշտպանը հրապարակեց նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Մարտիրոսյանին ուղղված գրությունը, որով հայտնվել է, որ Ս. Ջուլհակյանը մատը կոտրել է Մոսկովյան 33 հասցեում դռան տակ մնալու պատճառով:
Գ. Գուլքանյանը նաեւ հրապարակեց հիվանդանոցի ընդունարանի կրիմինալ մատյանը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ Ս. Ջուլհակյանը հայտնել էր, թե ձախ ձեռքի 5-րդ մատի կոտրվածքը պատճառ է դռանը անզգույշ հարվածելու:
Պաշտպանը փորձ արեց հրապարակել տուժող Ս. Ջուլհակյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, ասելով, որ դատարանում տված ցուցմունքների միջեւ էական հակասություններ են եղել: Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդհատեց նրան, հայտնելով, որ տուժողը դատարանում տվել է ցուցմունքներ եւ որ Հմայակ Հովհաննիսյանը եւ նրա պաշտպանը էական հակասությունների վերաբերյալ այդ ժամանակ միջնորդություններ չեն արել: Պաշտպան Գ. Գուլքանյանը հայտարարեց, որ դատարանը «անկողմնակալ» է եւ խնդրեց ժամանակ՝ դատարանին բացարկ հայտնելու համար: Երբ դատավորը նկատեց, թե առաջին անգամ է, երբ «անկողմնակալության համար դատարանին բացարկ հայտնվում», Հովհաննիսյանի պաշտպանը իր հերթին նկատեց, որ դատարանը հունից հանում է իրեն եւ որ ինքը բացարկ է հայտնում կողմնակալ դատարանին: Ասվածը դատարանը դիտեց վիրավորանք, միեւնույն ժամանակ դատարանը հակադարձեց, փաստաբանին մեղադրելով. «Դուք չեք տիրապետում առարկային»: Դատարանը կարճատեւ ընդմիջում հայտարարեց:
Կարդացեք նաև
Ի դեպ, տուժող ՓԲԸ նախագահ Ս. Ջուլհակյանն այսօր դատական նիստից բացակայում է եւ գործի քննությունը շարունակվում է առանց նրա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































