Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, մարզպետը Ալավերդի էր եկել՝ գործարքի
«Հաղթանակի մեջ է Ալավերդին: Ամեն մեկի ներկայությունն այստեղ, չկասկածեք, միլիոն արժի: Անգին է ձեր ներկայությունը»,- այսօր Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա պատմեց ալավերդցիներին, թե այսօր ինչ է տեսել, երրբ մտել է Ալավերդիի քաղաքապետարան. «Դուք գիտեք, որ քաղաքապետարանը ձեր ընտրյալը պիտի լինի: Դուք որոշեք՝ գողանում են, չեն գողանում, դուք պիտի որոշեք: Մոտեցա մի հատ բարեւ ասելու քաղաքապետին, ասելու համար, որ ազատ թողեք մեր քաղաքը, մեր երկիրը, սա ձեր բոստանը չէ, սա ոչ ձեր, ոչ իմ, ոչ Սերժի սեփականությունը չէ: Դա հայ ժողովրդինն է: Իսկ քաղաքապետ տեսնելու փոխարեն ի՞նչ տեսա: Այնտեղ «լեւի» մուտք կար՝ չոռնի խոդ: Այնտեղ մարզպետը, Վանաձորից փախած, արձակուրդի մեջ չոռնի խոդով գյուղապետեր էր ընդունում: Ի՞նչ կապ ունի մարզպետը քաղաքապետի շենքում: Մարզպետը Վանաձոր թող նստի: Մարզպետը Վանաձորում ձեր հարցերը, ձեր կենսաթոշակը, ձեր հացը, ձեր աշխատավարձն ու իրավունքը թող ապահովի: Ոչ թե էստեղ թաքուն գյուղապետերի հերթն ընդունի: Հա, հերոսական գյուղեր, սահմանային գյուղեր, բայց դրանով հանդերձ ժողովրդի ձայնը գողանալու համար գյուղապետը ոչ թե գնում է Վանաձոր՝ իր գյուղի խնդիրը լուծելու համար, այլ գալիս է Ալավերդի՝ ոչ թե ձեզ հետ կիսվելու հարստությամբ, մեր երեխաների վաղվա հեռանկարով, այլ այստեղ գործարք անելու՝ ձախ կողմի լեւի մուտքով: Մենք մերժում ենք դա: Եվ Ալավերդին փետրվարի 18-ին մերժեց դա: Ալավերդին ասաց ոչ կուսակցապետության, ոչ՝ չոռնի խոդերին, ոչ լեւի մուտքերին: Ասաց այո՝ իրավունքին, սահմանադրությանը, ասաց այո, որ ունենալու են մաքուր օդ, աշխատավարձ»:
Նա կոչ արեց ալավերդցիներին ապրիլի 9-ին, ժամը 11-ին գալ Ազատության հրապարակ՝ Երեւան՝ թեկուզ ոտքով, երթուղայինով, ավտոբուսներով. «Մեր հաղթանակն ամենուր է: Նրանով չէ, որ մեզ ոչխարի հոտի պես հաշվեն՝ 3000, 300 հազար, 3 մլն, թե 30 մլն: Հայ մարդ ենք, շունչ ունենք, կյանք ունենք, երեխա ունենք, թոռ ունենք: Իրենք թող մտածեն: Ապրիլի 9-ին նոր Հայաստանի հռչակումն է՝ մեր հաղթանակի համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































