Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդարյան. «Հայ-իրանական հարաբերությունները չեն փոփոխվի» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 14:44

Իրանագետի դիտարկումները` Իրանի արտաքին քաղաքականության շուրջ

«Ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, այնպես էլ Եվրամիության կողմից իրականացվող բավական լուրջ պատժամիջոցների ազդեցույթունն արդեն զգալի է Իրանի տնտեսության վրա: Հնարավոր է, որ իր գրպանի վրա տնտեսական ճգնաժամը զգացած ժողովուրդը բողոք արտահայտի: Եթե դժգոհ մասսան հանկարծ միավորվի, հնարավոր է` լուրջ խմորումներ լինեն` գործող իշխանությունների եւ իրականացված քաղաքականության դեմ»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Խոսելով Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններից` նա նշեց, որ վերջերս Ադրբեջանում կազմակերպված «Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» խորագրով կոնֆերանսի ելույթների ժամանակ «շեշտադրում» է կատարվել Իրանի տարածքում ապրող ադրբեջանցիների մասին, իսկ Իրանի ԱԳ նախարարն էլ կանչել էր Ադրբեջանի դեսպանին եւ բացատրություն պահանջել. «Ադրբեջանական մամուլը այնպես ներկայացրեց, թե իրենք էլ բողոքներ ունեն Իրանում ապրող ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքից, մինչդեռ իրանական մամուլը մեղմ խոսեց այդ մասին»:

Հայաստան-Իրան հարաբերությունների շուրջ իրանագետն ասաց, որ վերջիններս բավական լավ հիմքերի վրա են դրված. «Կան պայմանագրեր եւ ծրագրեր, որոնք իրագործվում են: Եթե հայ-իրանական հարաբերություններում որոշակի ձգձգվածություն է նկատվում, ապա դա ոչ թե երկու երկրների քաղաքական գործիչների քաղաքական կամքի բացակայության, այլ Իրանի տնտեսական ճգնաժամի հետեւանք է: Իրանն այսօր նույն թափով չի կարող իրագործել նախկինում իրականացվող ծրագրերը»:

Գոհար Իսկանդարյանի խոսքով. «Անկախ նրանից, թե ով կլինի Իրանի նոր նախագահը, Հայաստան-Իրան հարաբերությունները փոփոխություն չեն կրի, քանի որ Իրանը Կովկասում իր ներկայությունն ապահովելու մեծ ցանկություն ունի: Իրանն ամեն ինչ անում է` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար: Ինչպես հայտարարել էր Ահմադինեժադը, հայ-իրանական հարաբերությունները հատուկ հարաբերություններ են, ինչը շեշտվեց նաեւ Իրանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի ժամանակ»:

Անդրադառնալով Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին` Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Իրանում ընտրությունները միշտ անկանխատեսելի ելք են ունենում, չնայած «վերջնական որոշումը» Իրանի հոգեւոր առաջնորդինն է:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930