Ալեքսանդրա Ավագյանը 29 տարվա ֆոտոլրագրողի իր գործունեության ընթացքում հասցրել է նկարել Բեռլինի պատի քանդումը, Չեխոսլովակիայի Թավշյա հեղափոխությունը, ինչպես նաև իր կյանքը վտանգի էր մատնել Լիբանանում՝ լուսաբանելով «Հեզբոլահ»-ին: Գրում է «Մալիբու թայմս» թերթը:
Ապրիլի 4-ին նա ցուցահանդես-դասախոսություն կունենա Լոս Անջելեսում, «Մալիբուի պատանիից՝ հակամարտությունների լուսանկարիչ և այլ» խորագրով:
«Դա այն մասին է, թե ինչպես մի աղջիկ, որը սիրում է Մալիբուի ծովափը, ինչը պարզապես հրաշալի տեղ է պատանիների համար, սկսում է լուսաբանել հեղափոխությունները, – ասում է Ավագյանը, – թե ինչպես է Մալիբուի լողափը թողնելով՝ գնում «Հեզբոլահ»-ին լուսաբանելու»:
53-ամյա Ավգյանն այժմ ապրում է Վաշինգթոնում՝ ամուսնու և որդու հետ: Նա ասում է, որ իր նպատակն է ցույց տալ Ամերիկայում ապրողներին, թե ինչ է կատարվում աշխարհում:
Կարդացեք նաև
Ավագյանն իր ընտանիքի հետ Մալիբուում է հաստատվել 1973թ., երբ նա 13 տարեկան էր, ապրել են այնտեղ մինչև 1993թ.: Նա սկսել է հետաքրքրվել երկրների հակամարտություններով, երբ սովորում էր Նյու Յորքի Սարահ Լոուրենս քոլեջի լիբերալ արվեստների բաժնում:
«Ես ամեն օր կլանում էի «Նյու Յորք թայմս»-ը», – ասում է նա, – «Այդ ժամանակ ես արդեն բավական լուրջ լուսանկարիչ էի: Ես սկսեցի հետաքրքվել հեղափոխություններով, և թե ինչի են պատրաստ մարդիկ՝ հանուն գաղափարի, թե ինչ կարող են անել մարդիկ ճնշումներից ձերբազատվելու համար»:
Ավագյանը, որը միայն հոր կողմից է հայ, ասում է, որ այդ ընթացքում նա իմացել է, թե ինչ սարսափելի փորձությունների միջով է անցել իր ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ: Նա իմացել է, որ իր հորեղբայրը մահացել է չորս տարեկանում, երբ նրան գցել էին Սիրիայի անապատները:
Նրա աշխատանքները հրապարկվել են «Նեյշընըլ Ջեոգրաֆիկ»-ում, «Թայմ» հանդեսում, «Նյու Յորք թայմսում», ինչպես նաև մասնակցել են տարբեր ցուցահանդեսների:
Նրա 1994թ. լուսանկարը, որտեղ իսրայելցի երիտասարդ տղաներն ու աղջիկները նստած են Գազայի ծովափում, իսկ նրանցից փոքր հեռու դրված են իրենց զենքերը, մեկն է պատերազմական 150 լուսանկարներից, որոնք ցուցադրվում են Լոս Անջելեսի Աննեբերգի ցուցասրահում: Մինչև 1887թ. հասնող լուսանկարները պատկանում են Հյուսթոնի արվեստի թանգարանին և այժմ 10 տարվա շրջող «Պատերազմ/լուսանկարներ. ռազմական հակամարտությունների պատկերներ և դրա հետևանքները» ցուցահանդեսի շրջանակում մինչև հունիսի 2-ը ցուցադրվելու են Լոս Անջելեսում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































