Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եմ ասել ու էլի կասեմ՝ հաղթանակի համար էի գնացել նախագիծ». Լոլա Քարամյան

Ապրիլ 11,2013 17:30

«Պարելիս մարմինդ պետք է խոսի, ամեն մի շարժումդ մի բան նշանակի», – ասում է 26-ամյա Լոլա Քարամյանը, ում շատերը ճանաչում են «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծից: Պարել սկսել է վաղ տարիքից. 9 տարեկանում ընդունվել է Երևանի պետական պարարվեստի ուսումնարանի բալետի բաժին, այն ավարտելուց հետո արդեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում է ուսանել, որից հետո սկսել է ինքնուրույն դասավանդել երեխաներին: Դա իհարկե հաճելի աշխատանք է իր համար, բայց հաճելին ոչ միշտ է կատարելապես օգտակար լինում. «Համալսարանն ավարտելուց հետո, երբ սկսեցի դասավանդել՝  դադարել էի պարել, դրա համար էլ որոշեցի մասնակցել «Պարիր, թե կարող ես» նախագծին ու նորից պարել», – ասում է Լոլան: «Պարիր, թե կարող ես»-ը նրա մասնակցած առաջին ու դեռևս միակ նախագիծն է, որից ակնկալիքները մեծ էին. «Շատ եմ ասել ու էլի կասեմ՝ հաղթանակի համար էի գնացել նախագիծ, չեմ սիրում, երբ ասում են՝ մասնակցությունն արդեն հաղթանակ է, – նշում է Լոլան, – ես զգում էի, որ կհասնեմ եզրափակիչ, որովհետև բնավորությամբ պայքարող ու ձգտող եմ»: Ակնկալիքները չարդարացան, նախագծում հաղթել չհաջողվեց, բայց դա Լոլային թևաթափ չարեց, ընդհակառակը, ասում է՝ ավելի է ուժեղացել: «Հաղթողի անունը լսելու պահին ոչինչ չէի զգում, միայն դատարկություն, թեև հենց սկզբից ինձ տրամադրել էի, որ մրցութային իրավիճակում ամեն ինչ հնարավոր է, ամեն դեպքում ուրախանալ է պետք», – ասում է Լոլան: Նախագծում տղա հաղթողի ընտրության հարցում նա դժգոհ չէ. «Երկուսն էլ յուրովի լավն են, երկուսն էլ շատ լավ են պարում: Ես ուրախ եմ, որ Հովոն հաղթեց, որովհետև իմ զույգն է, բայց նույնչափ կուրախանայի եթե Արմանը հաղթեր, – նշում է Լոլան ու հավելում, – որոշել էի հաղթելու դեպքում Ամերիկայի իմ տոմսը Արմանին տալ»: Պատճառը մեկն էր՝ ուզում էր առաջին ու երկրորդ տեղը գրաված տղաները միասին գնային ԱՄՆ, բայց ոչ ինքը հաղթեց, ոչ էլ Արմանը հնարավորություն ունեցավ մեկնելու: «Պարիր, թե կարող ես» նախագիծը Լոլային շատ բան է տվել, բայց ոչինչ չի վերցրել. «Տվեց շատ լավ պարուսույցների ու պարողների հետ ծանոթանալու և աշխատելու հնարավորություն, տվեց ճանաչում ու սեր, և որ ամենակարևորն է՝ նորից պարելու հնարավորություն», – ասում է նա: Նախագծից հետո շարունակում է աշխատել երեխաների հետ՝ Գեղագիտության ազգային կենտրոնում և Նուբարաշենի վարչական շրջանի մարզամշակույթային կենտրոնում: Լոլան մտադիր է նաև հիմնել սեփական պարի դպրոցը, նրա խոսքով՝ հավանաբար մեկ ամսվա ընթացքում կիրականացնի ցանկությունը: Լոլայի համար պարը կյանք է. «Ես ապրում եմ պարով, եթե նորից ծնվեի հաստատ էլի պարուհի էի դառնալու», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930