Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան. «Դուք նկարահանելու համար պետք է թույլտվություն ունենաք» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 23:00

 ՀՀ ոստիկանապետի տունը հսկող ոստիկանը խոչընդոտեց լրագրողի աշխատանքը:

gaspariՔաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր երեկոյան կրկին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան դիմաց բողոքի ակցիա անցկացրեց:

«Ոստիկանությունը բազմաթիվ մարդկանց խոշտանգում է. արդյոք այդ մարդկանց  ընտանիքներին անհանգստություն չի՞ պատճառում: Այսօր Տիգրան Առաքելյանը, որը շինծու մեղադրանքով եւ ստախոս ոստիկանների ցուցմունքերով գտնվում է բանտում, նրա 52-ամյա հայրը ինֆարկտից մահացավ: Ունենք ինչ-որ ազնվական դաս, որոնք անձեռնմխելի են, իսկ շարքայինները այսպես ասած ճորտե՞ր են… ես պետք է թաղամասում ակցիա չանե՞մ, հանկարծ թե, Աստված մի արասցե, հանկարծ ոստիկանապետի կինն ու երեխաները չիմանա՞ն ինչպիսի անձնավորություն է Վլադիմիր Գասպարյանը: Չեմ ցանկանում նրա ընտանիքին անհանգստացնել, բայց նրա հարեւանները պետք է իմանան՝ ով է իրենց հարեւանը: Արդյոք գիտե՞ն՝ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ոստիկանապետ է  նշանակել մեկին, ով խոշտանգել է Գրիշա Վիրաբյանին: Դա ի՞նչ է նշանակում, եթե ոչ  համաեվրոպական արժեքների ծաղր: Փոխանակ խոշտանգողը հեռացվի համակարգից մի հատ էլ պաշտոնի բարձրացո՞ւմ է  ստանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Գասպարին՝ ներկայացնելով իր պահանջներն ու ոչ թե ոստիկանության, այլ ոստիկանապետի տան դիմաց ակցիա անցկացնելու պատճառը:

Վ. Գասպարիի խաղաղ ակցիային միջամտեցին ոստիկանները: Ոստիկաններից մեկը՝ ինչպես ինքը ներկայացավ՝ Տիգրան Կարապետյանը, տեսնելով Aravot.am-ի տեսախցիկը, պնդեց՝ «Դուք մեզ նկարահանելու համար պետք է թույլտվություն ունենաք: Բարի եղեք, ասեք` ես նկարում եմ, որ ես մի կողմ քաշվեմ, ինձ մի նկարեք»:

Նա հետո կորցրեց իրեն եւ սկսեց գոռգոռալ եւ խոչընդոտեց Aravot.am -ի աշխատանքը: Ավելի ուշ վեց կարմիր բերետավորներ միացան ոստիկանապետի տունը հսկող ոստիկաններին:

Վ. Գասպարիի ակցիան ավարտվեց առանց քաշքշուկի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930