Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանին դուր չեկավ, երբ ՀԱԿ համակիրները վանկարկեցին՝ «Տարոն, խամաճիկ» (ֆոտոշարք)

Ապրիլ 29,2013 23:22

ՀԱԿ ակտիվիստներն այսօր քաղաքապետի իրենց թեկնածուի գլխավորությամբ Աջափնյակ համայնքում քայլերթ անցկացրին: Երթուղին անցավ Բաշինջաղյան, Հալաբյան եւ Մարգարյան հասցեներով:

 

hakhak 1hak ertqaylertvahagn khachatryanԱկտիվիստները «պայքար, պայքար մինչեւ վերջ», «Վահագն քաղաքապետ, Տարոն հեռացիր»  վանկարկելով իրենց քարոզչական բուկլետները բաժանեցին անցորդներին, հորդորեցին իրենց ձայնը տալ ՀԱԿ ավագանու թեկնածուներին: Միաժամանակ հայտարարում էին վաղը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին, հորդորում անպայման մասնակցել:

Ճանապարհին քայլերթի մասնակիցներին ազդանշանով ողջունեց «Բարեւ Երեւան» Դաշինքի մեքենան, վարորդի կողքին նստած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ձեռքով արեց ու պատասխան ողջույնը ստացավ Վահագն Խաչատրյանից:

Պարոն Խաչատրյանը երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ կանգնում ու զրուցում էր համայնքի բնակիչների հետ:

 

Նա ողջունեց ու պայքարի կոչ արեց զրուցարանում  հավաքված, թղթախաղ խաղացող տղամարդկանց, հետո ողջունեց բանջարեղենի կրպակի աշխատակցուհուն ու գովեց վաճառվող ապրանքի ցածր գները. «Լավ էլ գներ են ձեր մոտ կենտրոնի հետ համեմատած: Լավ էլ խնձոր ունեք… լավ ես երթից հետո կառնեմ, կտանեմ »,- ասաց թեկնածուն:

 

Վարսավիրանոցի ու ատամնաբուժարանի կողքով անցնելիս էլ նրա ուղեկիցները կատակեցին՝ բա վարսավիրանոց, ատամնաբուժարան չե՞ք մտնում:

 

Ճանապարհին ՀԱԿ թեկնածուն ողջունեց նաեւ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցներին: Ի դեպ, ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները ՀԱԿ ակտիվիստների վանկարկումներից դուրս էին եկել եւ շեմին՝ժպիտները դեմքներին կանգնել էին:

 

Երթի ընթացքում ՀԱԿ ակտիվիստները մի պահ «Տարոն, խամաճիկ» վանկարկեցին, ինչը պարոն Խաչատրյանին դուր չեկավ: Ավելի ուշ նա  պարզաբանեց, թե ինչու. «Իշխանություններն իրենց այնպես են պահել, որ ամեն ինչի էլ արժանի են, բայց ես ուզում եմ՝ մրցակցության ժամանակ բոլորն իրենց լավ զգան»:

 

Երթն ավարտվեց Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում, որտեղ պարոն Խաչատրյանը իրեն ներկայացրեց. «ՀԱԿ ավագանու ցուցակի առաջին համարն եմ զբաղեցնում, տեղի բնակիչների մի մասը երեւի ինձ լավ հիշում են կամ ճանաչում: Մեծացել եմ այս թաղերում, ավարտել եմ 118 դպրոցը… եկել եմ դիմելու ձեզ, որպեսզի դուք ամսի հինգին մասնակցեք ընտրություններին, գիտեմ, որ դժվար է կյանքը, գիտեմ, որ պրոբլեմների մեջ եք ապրում, գիտեմ, որ իշխանությունը այսօր իր տեղում չի, բայց բոլոր դեպքերում մի պարտականություն կա, որով որ հնարավորություն կտաք մեզ իշխանությանը շնորհակալություն հայտնել կամ ցտեսություն ասել։ Մեզ համար այս ընտրությունները քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ Երեւանի մասին մոռանալու ենք»:

Հետո նա հիշեցրեց քաղաքապետ եղած իր տարիները. «Ես ղեկավարել եմ իշխանությունը 92-96թթ, գիտեմ, որ լավը չեք հիշում, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ այդ հաղթանակի տարիները դարձան ցուրտ եւ մութ տարիներ, բայց գիտեմ նաեւ որ դուք շատ համբերատար եք եղել: Ինձ համար՝ որպես այդ ժամանակվա քաղաքապետ, պրոբլեմներ չեք ստեղծել: Ես միշտ շնորհակալ եմ ձեզնից, բոլոր երեւանցիներից, ովքեր այդ տարիներին օգնել են մեզ քաղաքը կառավարելի դարձնել: Մենք մի ցանկություն ունենք միայն, որպեսզի Երեւանը տեսնենք գեղեցիկ, Երեւանը ոչ միայն օպերան է եւ իր շրջապատը, այլեւ Չերեմուշկան է, Դավիթաշենը , Նորքը,  Մասիվներն են եւ մնացած տեղերը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930