Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի տարոսը` բողոքավոր ազատամարտիկներին

Հունիս 06,2013 20:05 Share

 

Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանից հետաքրքվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցներով ու մարդասպանությամբ  չարատավորվե՞ց արդյոք   Արցախյան պատերազմի  մասնակից ազատամարտիկների անունը, կերպարը:

«Ինձ թվում է այս հարցի շուրջ ազատամարտիկներն ավելի հստակ կարող են իրենց դիրքորոշումն  արտահայտել, բայց ազատամարտիկը իրոք մեզ համար եղել և  շարունակում է մնալ  չափանիշ ` բոլոր առումներով: Իսկ ազատամարտիկ  ասելով`  ես, օրինակ, պատկերացնում եմ ոչ թե Լիսկային, այլ Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին, Թաթուլ Կրպեյանին, Վարդան Բախշյանին, Դուշման Վարդանին …Ես բան չունեմ ասելու, մյուս  մարդիկ ևս կռվել են իրենց հայրենիքի համար,  փառք ու պատիվ իրենց, բայց միաժամանակ այդ ամենը պիտի գնահատվի  ըստ արժանվույն, իսկ հասարակությունը ազատամարտիկի կերպարի մեջ պետք է տեսնի այն իդեաները, որոնք ինքը փայփայում է: Բայց այն մարդիկ, որոնք  իրոք կռվել են, մեծ դեր են կատարել, այսօր անտեսված են , սոցիալական ծանր պայմաններում նստացույց են անում: Դա ողբերգություն է: Ազատամարտիկը պիտի գնահատվի հայրենիքի կողմից: Ազատամարտիկ դեռ չի նշանակում, որ նա պետք է լինի դեպուտատ, նախարար, պաշտոնյա…Ազատամարտիկը պետք է մնա ազատամարտիկ, ժողովրդի կողմից սիրված, հարգված, պետության կողմից գնահատված անձնավորություն, իսկ եթե  այս ամենի  հետ  ունակություն ունենա կառավարելու, պաշտոնավարելու, Փառք ու պատիվ իրեն», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է արդարացի, երբ ազատամարտիկները բողոքում են  իրենց  խղճուկ թոշակի, ընչազուրկ լինելու  պատճառով բուժում չստանալու համար , այդ նույն ժամանակ  գեներալ Մանվել Գրիգորյանը հերթական բուժզննման նպատակով  Ֆրանսիայի թանկարժեք կլինիկաներն է գնում, ընդ որում  նրան ուղեկցում են իր քաղաքապետ որդին ու դատավոր դուստրը , մեր զրուցակիցը  պատասխանեց. « Լավ կլինի, որ այդ հնարավորությունները ունենան  մեր բոլոր ազատամարտիկները: Շատ լավ է, որ կա այդ հնարավորությունը,  գեներալ Մանվելը գնում է Ֆրանսիա, թող գնա Ֆրանսիա էլ , Ամերիկա էլ, եվրոպական այլ երկրներ էլ, բայց թող բոլորը ունենան այդ հնարավորությունը, այսինքն բոլորի առողջությունը մեզ համար թանկ է և կարևոր: Ընդհանրապես հասարակության  ամեն մի անդամի առողջությունը մեզ համար պետք է  կարևոր լինի, հզոր է այն հասարակությունը, որ ունի առողջ  անդամներ, իսկ ես կարծում եմ, որ  մեր հասարակությունը հիվանդ է, ծանր հիվանդ է, բայց ոչ անբուժելի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930