Գազի սակագնի բարձրացման հանրային լսումներին իշխանությունից ներկա էր միայն ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը:
«Հայաստանում հեղափոխությունը կսկսվի այն տեղից, երբ հանրությունը կորոշի չֆինանսավորել քրեաօլիգարխիկ համակարգը»,-այսօր Թեքեյան կենտրոնում գազի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված հանրային լսումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նա հանրությանը կոչ արեց բոյկոտել գազի թանկացումը, քանի որ «Հայռուսգազարդի»՝ Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողով ներկայացրած գազի գնի նոր հայտը հանձնաժողովն առանց հանրային լսումներ անցկացնելու է քննարկել եւ որոշում կայացրել. «Հանձնաժողովը 2-3 շաբաթում Հայաստանի համար ռազմավարական նշանակության որոշում է կայացրել: Սակագների բարձրացման հետեւանքը մեր կյանքի ընդհանուր թանկացում է նշանակում»:
Ըստ Ա. Ղուկասյանի, վատն այն է, որ հանրության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե սակագինն արդեն որոշված է. «Բայց դա այդպես չէ. սակագինը որոշված չէ, հանրությունը կարող է բողոքարկել հանձնաժողովի որոշումը»: Նախագահի նախկին թեկնածուի խոսքերով, այսօր «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը զրկված է միջազգային շուկաներում վարկային եւ այլ ֆինասական ռեսուրսներից եւ գների բարձրացումը միակ ռեսուրսն է, որով իրենց համար գումարներ են ապահովում: Պետք է այդ քրեաօլիգարխիկ համակարգը մենք զրկենք ֆինանսավորումից»:
Կարդացեք նաև
Հանրային լսումների կազմակերպիչ` «Քաղաքացիական նախաձեռնություն» խմբի անդամների խոսքերով, այս քննարկմանը հրավիրվել են ԱԺ պատգամավորներ, կուսակցություններ, ՀՀ նախագահի եւ մարդու իրավունքների աշխատակազմերից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից եւ այլն, սակայն պետական ապարատից որեւէ ներկայացուցիչ այսօր ներկա չէր: Լսումներին եկած միակ իշխանավորը ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էր:
Պարոն Մինասյանը առհասարակ սակագների բարձրացման վերաբերյալ բացասական վերաբերմունք ունի, սակայն նրա խոսքերով. «Պետք է իրատես լինել եւ իրողությունների հետ հաշվի նստել: Թե ինչքանով է հնարավոր մեղմել այն տենդենցները, որը գործում է: Խոսքը սրա մասին է: Ընդհանուր առմամբ, թանկացումները ոչ ոքին էլ ձեռք չեն տալիս, ոչ իշխանությանը, ոչ ժողովրդին, ոչ էլ պետականությանը»:
Իրավաբան Մերի Ղազարյանի ներկայացմամբ, օրենքով հանրային լսումները պետք կազմակերպեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց քանի որ պետության կողմից լիազորված մարմինը` հանձնաժողովը, չի արել, ստիպված են եղել հանրության ուժերով դա անել. «Պետական լիազոր մարմինը պարտավոր է հանրության կարծիքը լսել: Հանձնաժողովի նախագահը` Ռոբերտ Նազարյանը հանրային լսումը համեմատում է շոուի հետ, բայց նա պետք է հասկանա, որ հանրային լսումը խիստ պարտադիր մեթոդ է ցանկացած հանրային գործընթացի ժամանակ: Հանձնաժողովը վաղը նիստ է նշանակել եւ շտապում է հարցը քննարկել առանց հանրության կարծիքը լսելու»:
«Հասարակական պաշտպանների միություն» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը գտնում է, որ հանձնաժողովը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, նախապես հրապարակելով գազի նոր սակագինը: Ըստ նրա, հանձանաժողովը պարտավոր էր հանրային լսումներ կազմակերպել, որից հետո հարցը դներ քննարկման. «Այդ նույն բանն է, որ դատավորը վճիռը հայտարարի մինչեւ դատ անելը: Հայաստանի կառավարությունը որեւէ վերլուծություն հանրությանը չի ներկայացրել, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա այդ թանկացումը, մինչդեռ իշխանությունները պարտավոր էին դա անել:Մենք ստեղծել ենք հանձնաժողով, որը վարձատրվում է սպառողների գրպանից, եւ իր հիմնական գործը հանրության հետ աշխատանքն է, որը նա չի անում»:
Հանրային լսումները սեփական նախաձեռնությամբ կազմակերպելը պարոն Գրիգորյանն այսպես բացատրեց. «Եթե կառավարությունը չի կառավարում ժողովրդին, ժողովուրդն է կառավարում իրենց, հիմա մեզ մոտ այդ վիճակն է: Կամ մենք մեր գրպանից չպիտի պահենք հանձնաժողով կամ մենք պետք է պարտադրենք, որ մեզ լսի»:
Արամ Գրիգորյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































