Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը զարմացավ: Ասում էինք, որ ապացույցները միանշանակ արդարացման են, բայց Արամ Գրիգորյանի պարագայում չենք սպասում, որ նման դատական ակտ կլինի. փաստաբան. «Հրապարակ»

Հունիս 19,2026 10:36 Share

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ արդարացման վերդիկտը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր է, երկար տարիներ քննիչ եւ դատախազ է աշխատել, 2021-22 թվականներին եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդականը, 2022թ. հուլիսի 30-ին Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Այս գործով Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավոր Արամ Գրիգորյանի կողմից կայացված այս դատավճիռն իրենց համար անսպասելի է եղել․ «Այն պահին, երբ արդարացման դատական ակտը կայացվեց, պարոն Ծառուկյանին ասացինք այդ մասին, ինքը զարմացավ, որ նման ակտ կայացվեց։ Ինքը զարմացավ, որ նման ակտ կայացվեց` ոչ թե որ արդարացվեց, քանի որ մենք գիտեինք, որ միանշանակ իրավական առումով պետք է արդարացում լինի, որովհետեւ որեւէ հանցագործություն չէր կատարել, բայց զարմացավ, որ դատավորը նման որոշում կայացրեց, իսկ դա տեսանելի է, եթե նայեք տեսագրությունները։ Պարոն Ծառուկյանը դատական ակտի հրապարակումից քիչ առաջ էլ հարցնում էր, թե ինչ կլինի: Ասում էինք, որ ապացույցները միանշանակ արդարացման են, բայց Արամ Գրիգորյանի պարագայում չենք սպասում, որ նման դատական ակտ կլինի։ Արդեն խոսում էինք, որ կբողոքարկենք վերաքննիչ, վճռաբեկ, Եվրոպական դատարան։ Մենք այդ ամենի մասին ասել ենք անգամ նիստի ժամանակ»։ Հարցին՝ այս վճիռը բողոքարկվել է, թե՝ ոչ, Սարգսյանը նշեց, որ փաստաբանները դեռ նման ծանուցում չեն ստացել։

Հետաքրքրական է, որ նույն դատավորը վերջին տարիներին քննել է եւ շարունակում է քննել Հայաստանի քաղաքական կյանքի ամենաաղմկահարույց գործերը եւ դրանցով իշխանահաճո որոշումներ է կայացնում։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործերով դատական գործընթացները Արամ Գրիգորյանի վարույթում է։ Նրա վարույթում են Սերժ Սարգսյանի վերաբերյալ մի շարք կոռուպցիոն եւ գույքային բնույթի գործեր։ Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի եւ կոռուպցիոն բնույթի վարույթների շրջանակում գործերը նույնպես Արամ Գրիգորյանի վարույթում են։ Արամ Գրիգորյանն է կայացրել Գրիգորի Խաչատուրովի, Արտուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կալանքի որոշումները։ Այնպես որ, իշխանությունը նրանից բողոքելու ոչ մի պատճառ չունի:

Հարց է առաջանում․ եթե ՀՀ վարչապետը կարծում է, որ դատական համակարգում հնարավոր է «ցանկացած հարց լուծել», ապա այդ գնահատականը վերաբերում է միայն Ծառուկյանի արդարացման դատավճռի՞ն, թե՞ նույն դատավորի կողմից քննված մյուս աղմկահարույց գործերին եւս։ Ի վերջո, եթե դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում մեկ որոշման պատճառով, ապա նույնը կարող է վերաբերել նաեւ նրա կայացրած կամ կայացնելիք մյուս դատական ակտերին։ Իսկ եթե նման կասկածների հիմքեր չկան, ապա վարչապետի հայտարարությունը փաստացի ստվեր է գցում ոչ միայն մեկ վճռի, այլեւ ամբողջ դատական համակարգի եւ այդ համակարգում քննված քաղաքական նշանակության բազմաթիվ գործերի վրա։ Եվ ամենակարեւորը` սա ուղիղ միջամտություն է անկախ համարվող համակարգի` դատական համակարգի գործունեությանը եւ արգելված է օրենքներով ու Սահմանադրությամբ:

Արմինե ՆԱՎՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930