Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերի ճիտին պարտքը

Հունիս 11,2013 10:15

«Արմավիան» սնանկ ճանաչելու գործընթացը գործարար Միխայիլ Բաղդասարովը ձգձգում է իշխանությունների «հորդորով»։ Կամավոր սնանկացման արդյունքում ավիաընկերությանը ֆինանսավորած հայաստանյան բանկերում տեղի է ունենալու վարկերի դասակարգում, և որպես հետևանք՝ վատթարանալու են պարտադիր նորմատիվային ցուցանիշները։ «Արմավիայի» շուրջ իրավիճակին տեղյակ աղբյուրները ՍիվիլՆեթին հայտնել են, որ թեև ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է ընկերության սնանկացման գործընթաց սկսել (ինչը բխում է նրա շահերից), իշխանությունները նրան թույլ չեն տալիս նման քայլի գնալ։

Ավիափոխադրումները դադարեցնելու և սնանկացման գործընթաց նախաձեռնելու «Արմավիայի» հայտարարությունից (մարտի 29) անցել է ավելի քան երկու ամիս։ Առայսօր սնանկության մասին դիմում ավիաընկերությունը դատարան չի ներկայացրել։

«Արմավիան» վարկային լուրջ պարտավորություններ ունի հայկական բանկերում: Վարկերի մի մասը տրվել է՝ առանց ռիսկերի լիարժեք գնահատման (երբեմն նաև՝ իշխանությունների հորդորով). սնանկացման գործընթացի արդյունքում ավիաընկերությանը վարկավորած բանկերը լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Թեև «Արմավիայի» վարկերի հիմնական մասն ապահովված է գրավով (գրավադրված են ընկերության օդանավերը, վարչական շենքը), դատարանի կողմից պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո բանկերը ստիպված են լինելու դասակարգել ընկերության վարկերը։ Պարզ ասած՝ պարտապանը դառնում է անվճարունակ, իսկ բանկերը վարկերը ճանաչում են անհուսալի։ Իհարկե, գույքի բռնագանձումից և դրա իրացումից հետո բանկերը կկարողանան վերադարձնել միջոցները, սակայն մինչ այդ ստիպված են լինելու դասակարգված վարկերի չափով նվազեցնել կապիտալը։ Արդյունքում մի շարք բանկերում կարող են վատթարանալ նորմատիվային ցուցանիշները։

ԿԲ «Առևտրային բանկերի վարկերն ըստ ոլորտների (ամսական)» հրապարակման համաձայն՝ օդային տրանսպորտի գործունեության ոլորտի վարկային պորտֆելն ապրիլի վերջին կազմել է Դ17 մլրդ (մոտ $42 մլն)։ Թեև ապրիլին «Արմավիան» դե ֆակտո գործունեություն չի ծավալել, օդային տրանսպորտի գործունեության ոլորտի վարկային պորտֆելի ծավալը նվազել է $700 հազ-ով։

ՍիվիլՆեթի աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղդասարովը փորձելու է գրավադրումից հանել օդանավերը, իսկ Bambardier CRJ օդանավը շահագործել Թբիլիսի-Երևան ավիաուղղությամբ։ Վրացական Georgian Airways-ը նախատեսում է Երևանի և Թբիլիսիի միջև կանոնավոր օդային փոխադրումներ սկսել, և Միխայիլ Բաղդասարովը բանակցում է այդ չվերթներում «Արմավիայի» ավիապարկի շահագործման հնարավորության շուրջ։

Արմենակ Չատինյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930