Լրահոս
Օրվա լրահոսը

«ՙՀայ դասական երաժշտության գանձերը հանրամատչելի չեն»

Հունիս 12,2013 14:11

Հարցազրույց դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի հետ

-ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ձեր նախագահությամբ գործող ՙՀարմոնիկում՚ երաժշտական կենտրոնը նախաձեռնել են մի ծրագիր, որը նպատակ ունի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բացառիկ ընդունակությունների տեր 12-20 տարեկան 12 երաժիշտների (ջութակահար, ալտահար, թավջութակահար, դաշնակահար) համար ստեղծել մասնագիտական ճիշտ զարգացման հեռանկարային դաշտ…

– Այո, շարունակելով սովորել իրենց  դասատուների մոտ, պատանի երաժիշտները կստանան մեր լավագույն պրոֆեսորների մշտական խորհրդատվությունը, նրանց հետ կաշխատեն նաեւ արտերկրից ժամանած աշխարհի առաջադեմ կատարողական դպրոցների ներկայացուցիչներ՝ հեղինակավոր պրոֆեսորներ, կարեւոր միջազգային մրցույթների գեղ. ղեկավարներ (ամեն ամիս  15-20 օրով կհրավիրվի մի նշանավոր երաժիշտ): Ծրագրում ենք հրավիրել Ա. Ռուբինշտեյնի անվ. դաշնակահարների միջազգային մրցույթի գեղ. ղեկավար Ա. Վարդիին, Վ. Քլայբըրնի Դաշնամուրային ինստիտուտի գործադիր տնօրեն Թ. Ունգըրին եւ այլոց, nրոնք կվարեն մոտ 10 բաց դաս: Youtube-ով հռչակավոր երաժիշտներին լսելը բավարար չէ: Աշխարհի լավագույն կատարողական դպրոցների հրավիրյալ ներկայացուցիչների հետ աշխատելով` մեր պատանիները կսինթեզեն այդ դպրոցների փորձը: Վերջին տարիներին հեղինակավոր դաշնամուրային միջազգային մրցույթներում հայաստանցի դափնեկիրներ չունենք: Մեզ մրցունակ կադրեր են անհրաժեշտ: Մեր ծրագրում ընդգրկված պատանիներին կպատրաստենք բարձրակարգ միջազգային մրցույթների: Այդ մրցույթները կապահովեն կարիերայի աճ եւ համերգային հեռանկար միջազգային բեմերում: Բացի մասնագիտական զարգացումն ապահովելուց, նպատակ ունենք պատանիներին համակողմանիորեն պատրաստել արտերկրում ուսանելու համար, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն ներգրավվել այլ երկրների մշակութային միջավայրում: Ծրագրի ընտրական վերջին փուլը հունիսի վերջին է, դասընթացները կսկսվեն սեպտեմբերից:

– Որպես դեկան` ի՞նչ ծրագրեր եք նախատեսում դաշնամուրային բաժնի ուսանողների ստեղծագործական կյանքն աշխուժացնելու ուղղությամբ:

–  Ցավոք, մեր ուսանողները քաջատեղյակ չեն հայ դաշնամուրային երաժշտությանը: 2013 թ. սեպտեմբերից ԵՊԿ-ի դաշնամուրային բաժնի բոլոր քննությունների, ստուգարքների ժամանակ ուսանողները պարտադիր կերպով կկատարեն հայ կոմպոզիտորների (այդ թվում՝ նաեւ արդի եւ ուսանող կոմպոզիտորների) տարբեր ժանրերի երկեր: Մեր բաժնի լավագույն ուսանողը` որպես մենակատար, կնվագի Հայաստանի պետ. երիտասարդական նվագախմբի հետ. սեպտեմբերին կոնկրետ մի դաշնամուրային կոնցերտի կատարման համար կհայտարարվի մրցույթ, որի հաղթողը ելույթ կունենա վերոնշյալ նվագախմբի հետ: Սեպտեմբերից մեր բաժնի դասախոսները տարեկան 2 անգամ իրենց դասարանով կներկայացնեն բաց դասեր, որոնց, որպես ունկնդիր, կմասնակցեն նաեւ այլ դասախոսների ուսանողներ: Այսպիսով` ուսանողները կծանոթանան տարբեր դասախոսների դասավանդման մեթոդիկաների, տարբեր դաշնամուրային դպրոցների հետ:

– Այժմ գրվո՞ւմ են հայերեն ուսումնական` մասնավորապես դաշնամուրային մեթոդիկայի ձեռնարկներ: Բավարար համարո՞ւմ եք հայերեն մասնագիտական գրքերի ցանկը:

– Հարցը կարեւոր է, քանի որ դաշնամուրային դեկանատը պատրաստում է ո՜չ միայն կատարողներ, այլեւ դասատուներ: Հայերեն գրականության կարիք կա՜. այդ մասին լուրջ մտածում ենք: Խորհրդային տարիներին`1960-ականներին, ստեղծվել են դաշնամուրային մեթոդիկայի ձեռնարկներ, որոնց մի մասն այլեւս արդիական չէ: Պիտի պահպանել արժեքավոր հինը եւ ստեղծել արժեքավոր նո՜րը: Հետեւում եմ, որ արդի արտասահմանցի ականավոր մանկավարժների մեթոդական աշխատանքները թարգմանվեն հայերեն: Դիմում եմ երաժշտագետներին, որ գրեն մեթոդական ձեռնարկներ. դրանք անհրաժեշտ են:

– Ձեր նախաձեռնությամբ կազմվում, ձայնագրվում եւ թողարկվում է մեր կոմպոզիտորական դպրոցի ողջ ընթացքն ընդգրկող մշակութային պատմական նշանակություն ունեցող ՙՀայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա՚……

– Այսօր մեր դաշնամուրային, ընդհանրապես հայ դասական երաժշտության գանձերը հանրամատչելի չեն: Կարծում եմ` այժմ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր երաժշտական կոլեկտիվ պետք է իր երկացանկում լայնորեն ներառի հայ կոմպոզիտորների երկերը. մենք առավել հետաքրքիր ենք  աշխարհին մեր ազգային ուրույն երաժշտամտածողությամբ: Այս նախաձեռնության նպատակն է ամփոփել հայկական կոմպոզիտորական դպրոցի դաշնամուրի համար ստեղծված գրեթե բոլոր երկերը՝ գրված սոլո դաշնամուրի, դաշնամուրի ու նվագախմբի, երկու դաշնամուրի համար (հայկական դաշնամուրային 1-ին երկերը ստեղծվել են 1,5 դար առաջ` Տ. Չուխաջյանի, Ն. Տիգրանյանի, Մ. Եկմալյանի կողմից): Անհնար է ձայնագրել բոլոր երկերը. շատ դաշնամուրային երկեր կորել են, այժմ արխիվների միջոցով փորձում ենք վերականգնել դրանք: Անտիպ եւ անհայտ են, օրինակ` Մ. Եկմալյանի (ով առաջինն էր, որ մեծ դեր կատարեց ժողովրդական մեղեդիների մշակման, մաքրման գործում) դաշնամուրային երկերը (բացառությամբ ՙՆոկտյուրն՚-ի), որոնք յուրօրինակ  նախաբան են համարվում Կոմիտասի դաշնամուրային ՙՅոթ պարերի՚ համար: Ծանոթ չեն Տ. Չուխաջյանի դաշնամուրային երկերը. դրանք Հայաստանում չեն հրատարակվել… Աշխատանքը խիստ պատասխանատու է: Անթոլոգիայի յուրաքանչյուր հատոր բաղկացած է երկու ձայնասկավառակից. ծրագրում ենք հրատարակել մոտ 60 հատոր` 120  ձայնասկավառակ: Ամեն կոմպոզիտորի հիմնականում հատկացնում ենք 1 ձայնասկավառակ: Առաջին հատորը ներառում է Տ. Չուխաջյանի, Ն. Տիգրանյանի երկերը, երկրորդը` Ս. Էլմասինը, որը բազմաթիվ դաշնամուրային երկերի հեղինակ է: Շուտով կթողարկվի երրորդ հատորը, որը կամփոփի Կոմիտասի դաշնամուրային օրիգինալ երկերը՝ ներառյալ մանկական եւ ուսանողական տարիներին գրվածները, որոնք ցայսօր ձայնագրված չեն եղել: Ա. Խաչատրյանին նվիրված կլինի երեք ձայնասկավառակ, Ա. Բաբաջանյանի սոլո երկերը կամփոփվեն մեկ ձայնասկավառակում, Էդ. Միրզոյանի եւ Ղ. Սարյանի երկերը կզետեղվեն մեկում… Ժամանակակից, նաեւ երիտասարդ կոմպոզիտորների երկերը նույնպես կընդգրկվեն անթոլոգիայում: Կարծում եմ` անթոլոգիայի հրատարակումը կտեւի 3-4 տարի: Համոզված եմ` այդ ընթացքում կստեղծվեն  նոր դաշնամուրային երկեր, որոնք եւս կներառվեն անթոլոգիայում, բացի այդ, կհայտնաբերվեն դեռեւս անհայտները… Անթոլոգիայի ստեղծման հսկայածավալ ծրագիրն իրականանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

Զրույցը՝

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՅԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930