Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պլաստիկ վիրաբույժների դռները սկսել են թակել նաեւ կովկասյան քթերից զզված հայ տղամարդիկ

Հունիս 13,2013 20:21

Այսօր Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնը աշխատանքի ընդունեց Մոսկվայում կրթված, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնում աշխատող, 12 տարվա պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանին:

Վերջինս առողջ մարդկանց գեղեցկացնելուց, կովկասյան քթերն ու մարմնի այլ օրգանները ձեւափոխելուց զատ, բուժում է հիվանդներին, ֆունկցիոնալ խնդիրներ ունեցողներին, օրինակ`նրանց, ովքեր դեֆորմացիաներ, շնչառական եւ այլ պրոբլեմներ ունեն: Մի խոսքով, այն գյումրեցիները, ովքեր անհապաղ մեկնելու էին մայրաքաղաք`պլաստիկ վիրաբույժներին դիմելու, այժմ ճանապարհների վրա ավելորդ գումարներ չեն ծախսի, քանի որ պլաստիկ վիրաբույժը իր ոտքով կհասնի Գյումրի: Եթե ի նկատի ունենաք, որ Գյումրու ավերակ փողոցների պատճառով էլ բնակիչները օրումեջ ավտովթարի են ենթարկվում ու տարբեր տրավմաներով տեղափոխվում հիվանդանոց, ապա կարելի է ասել, որ պլաստիկ վիրաբույժի կարիքը Գյումրիում հաստատ կա:

Aravot.am-ը Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե գեղեցկանալու նպատակով ովքե՞ր են ավելի շատ դիմում իրենց, կանա՞յք, թե՞ տղամարդիկ: «Մեզ մեծամասամբ դիմում են կանայք, բայց կամաց-կամաց մեր տղամարդիկ էլ են մեզ դիմում, հարաբերակցությունը մոտավորապես կազմում է 3/1- ի`հօգուտ կանանց, տղամարդիկ էլ են սկսել մեծ ուշադրություն դարձնել իրենց վրա: Հայաստանում կովկասյան քիթ հասկացողություն կա, եւ մեծամասամբ դիմում են քթի համար, կանայք հիմա դիմում են նաեւ կրծքերի, որովայնի առաջին պատի, ականջների եւ զանազան խնդիրներով …», ասաց մեր զրուցակիցը: Ըստ պլաստիկ վիրաբույժի, իրեն դիմած մարդկանցից շատերը միշտ իրենց հետ բերում են հայտնի մարդկանց, մոդելների նկարներ, ու ուզում են հենց տվյալ մարդու քթից ունենալ: «Բնական է, մենք իրենց բացատրում ենք, որ ամեն մարդու քիթը ինդիվիդուալ է, եւ պետք է համապատասխանի դեմքին, մարմնին, եւ բնական է պետք ներդաշնակ լինի, խոսի դեմքի ու մարմնի մյուս մասերի հետ: Ում չենք կարող համոզել, որպես օրենք հրաժարվում ենք վիրահատել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, դուրը չգա, չհավանեն եւ այլն»:

Կարեն Պետրոսյանի ասելով, պլաստիկ վիրաբուժության զարգացմանը Հայաստանում զարկ են տվել շուո բիզնեսի ներկայացուցիչները, իսկ այժմ համատարած բոլորն են ուզում գեղեցկանալ`անկախ շոումեն լինելուց: Մեր այն հարցին, թե կովկասյան քիթը իրո՞ք այդքան այլանդակ է ու տգեղ, որ մարդիկ այսպես ասած դանակի տակ են մտնում, պլաստիկ վիրաբույժը պատասխանեց. «Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, այդքան էլ այլանդակ չէ, եւ կարող են ապրել առանց վիրահատության, բայց մարդիկ տարբեր ձեւով են մտածում, ուզում են գեղեցկանալ, իսկ մենք դա իրենց պարգեւում ենք»:

Կարեն Պետրոսյանը ասաց նաեւ , որ շատ հայտնի մարդկանց է ինքը վիրահատել, սակայն անուններ չնշեց, քանի որ տեղեկատվությունը գաղտնի է, բժիշկներն իրավունք չունեն այս մասին խոսելու, այլ հարց է, որ պացիենտը ինքը հրապարակի այդ մասին:

Ի դեպ, մեր զրուցակիցը սեռափոխություններ է կատարում, նա բավական շատ վիրահատություններ է կատարել Մոսկվայում, սակայն Հայաստանում չի կարող վիրահատել ու օգնել տրանսսեքսուալներին, քանի որ չկա օրենք: Այս պահին պլաստիկ վիրաբույժները աշխատում են Առողջապահաության նախարարության հետ` այն մշակելու համար: Մեր զրուցակիցի ասելով, նման վիրահատությունների պահանջարկը Հայաստանում շատ մեծ է, շատ են իրենց դիմողները:

Այս թեմայի շուրջ պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանի հետ հարցազրույցը ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հարգելիներս ասեմ իմացեք
    Հայերը `չունեն կովկասյան քթեր այն պարզ պատճառով որ հայերը կովկասցիներ չեն
    մեր երկիրը գտնվում է հայկական լեռնաշխարհում և կապ չունի թե Կովկասի թե կովկասի լեզուների և թե մշակույթի հետ
    Ժամանակն է որ գոնե մենք չաղավաղենք սեփական դեմքը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930