Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդեւանյան. «Ջուրը թանկարժեք ռեսուրս է, որը մենք ունենք, բայց շռայլում ենք»

Հունիս 19,2013 13:28

Այս տարի ՄԱԿ-ը անապատացման դեմ պայքարել է «Թույլ մի տուր չորանա մեր ապագան» կարգախոսով

 «Այս տարի Սեւանա լիճը ռեկորդային բարձրության է հասել՝ 1960-61թթ-ի մակարդակին է հասել, սա ֆանտաստիկ ցուցանիշ է: Գիտեք, եկող պատերազմները լինելու են ոչ միայն հողերի, այլեւ ջրի համար: Խոսքը քաղցրահամ ջրերի մասին է: Ասել, որ մենք ջրից աղքատ ենք՝ ճիշտ չի լինի, ուղղակի մենք չափազանց շռայլ ենք վարվում ջրի հետ: Այն որ ասում են՝ «ջրի գին է», այսինքն, շատ էժան է, դա շատ սխալ էր, ո՞վ ասաց, որ ջուրը պետք է շատ էժան լինի: Դա մեր թանկարժեք ռեսուրսներից է: Իհարկե, ջուրը վերականգնվող ռեսուրս է, բայց էկոլգիայի խախտման դեպքում լավ չի վերականգնվի: Պատկերացրեք մի տարածք, որ ամբողջը հանքավայրեր են, ծանր մետաղների հանքեր, պարզ է, չէ՞, որ այդ տարածքից հավաքած՝ ծանր մետաղներով աղտոտված ջուրը այլեւս պիտանի չէ գյուղատնտեսության մեջ»,-այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 448,4 հազար հեկտար, որից 120,3 հազարը ոռոգման ցանցի տակ է եւ կարելի է ասել՝ երաշտից ապահովագրված է: Ընդհանրապես՝ մեր հողերի 80%-ը ոռոգման կարիք ունի, եւ միայն 20%-ն է անջրդի, այսինքն՝ բնակլիմայական պայմանների շնորհիվ առանց ոռոգման էլ բերք է տալիս: Սակայն այդ 80%-ի միայն կեսն է, որ ոգոգման համակարգերի տակ է: «Մի կողմից չի հերիքում մեր 50% եւ ավելի, որոշ վայրերում՝ մինչեւ 80%: Կորուստների դեմ պայքարելու համար ֆինանսական լուրջ ռեսուրսներ են հարկավոր. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ գումարներ են հարկավոր, որպեսզի հնարավոր լինի այդ ամբողջ համակարգը՝ այդ անոթները յուրաքանչյուր տարի վերականգնել: Ներկայումս մենք կարողանում ենք վերականգնել ամբողջությամբ քանդվածը, իսկ մնացածներում կորուստներ են լինում»:

Ոռոգման համակարգերը երաշտներից ապահովագրելու միակ միջոցն են, իսկ երաշտներ մեր հանրապետությունում լինում են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերում, որտեղ տարվա կտրվածքով տեղումները շատ անհավասարաչափ են: «Երաշտը գյուղատնտեսության ամենածանր վտանգներից է, որը, ի տարբերություն մյուսների, կարելի է կանխագուշակել, մեղմել հետեւանքները»,-ասում է պարոն Վարդեւանյանը: Դրա համար, ըստ նրա, հարկավոր է ջուր հավաքել. «Հաճախ մեծ դիմադրություն է լինում նոր ջրամբարերի կառուցման դեմ, բայց, հաշվի առնելով կլիմայի եւ համակարգային հարցերը, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է փոքր եւ միջին ջրամբարներ կառուցել, որքան՝ շատ, այնքան՝ լավ: Դա մեզ պետք է, որպեսզի ջուրը պահպանենք, օգտագործենք, եւ ինչո՞ւ չէ, նաեւ՝ վաճառենք»:

Սակայն մեր եղած ջրամբարներն էլ լցվում են ոչ ամբողջությամբ՝ ո՞րն է պատճառը, բացի կլիմայականից: Համաձայն պարոն Վարդեւանյանի՝ ջրամբարները չեն լցվում, որովհետեւ գետերի եւ ամբարների ջուրը չափից դուրս շատ են օգտագործում ՀԷԿ-երը. «Եթե եթե ջրամբարում ջուր կա, պետք է վերահսկել, որպեսզի ոչ ոռոգման սեզոնին ջուր բաց չթողնեն: ՀԷԿ-երի առկայությունը լավ է, եթե ճիշտ է օգտագործվում՝ այլընտրանքային եւ էկոլոգիապես մաքուր էներգիա է: Սակայն դրանք չպետք է ողջ տարին աշխատեն: Պետք է ջուրն օգտագործեն միայն այն ժամանակ, երբ գետերը վարար են: Եթե ջուրը շատ է՝ թող աշխատի, լավ է, բայց քիչ ջրի դեպքում պետք է արգելել: Մենք չենք կարող վերահսկել բոլոր ՀԷԿ-երը, սակայն պետությունը կարող է տեսնել նրանց արտադրած էներգիայի ծավալը եւ ասել՝ հոպ, բայց դու այս ամիս իրավունք չունեիր էներգիա արտադրելու, ջուր օգտագործելու»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930