Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են գիշերային Գյումրիում պատմություններ սարքած երիտասարդին

Հուլիս 08,2013 23:12

Հենց նոր ոստիկանական մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու «Նիվեա» կոսմետիկայի խանութի սեփականատիրոջ որդին՝ 20-ամյա Համլետ Թումասյանը:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում գտնվող կոշիկի, օծանելիքի տաղավարներին` դրանք ավերակ դարձնելով:

Ըստ Գագիկ Շամշյանի, Գյումրիում շրջանառվում էր վարկած այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի մեքենային հետապնդել է «Ջիփ» մակնիշի մեքենա, անգամ հնչել են կրակոցներ, որի պատճառով էլ «Մերսեդես»-ի վարորդը բախվել է տաղավարներին: Նշվում էր, որ «Մերսեդես»-ի ղեկին եղել է  53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, ով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի որդու  ընտանեկան վարորդն էր:

Սակայն պարզվում է, որ ղեկին եղել է ոչ 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, ինչպես որ փորձում էին հրամցնել ու համոզել հասարակությանը, այլ՝ Սերոբ Գրիգորյանի որդու` Արկադիի աներձագը` 20-ամյա Համլետ Թումասյանը: Վերջինս, ինչպես նշեցինք, «Նիվեա» կոսմետիկայի խանութի տիրոջ որդին է, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան էլ հենց այս խանութի տիրոջ անվամբ է:

Ոստիկանական մեր աղբյուրների տեղեկացմամբ, հենց այս երիտասարդն է հարբած վիճակում բախվել կենտրոնական շուկայի տաղավարներին` նյութական մեծ վնասներ պատճառելով առևտրականներին: Ըստ ոստիկանների, Գյումրիում ոչ մի կրակոց էլ չի հնչել, այլ վերջինս այնպես է հարվածել տաղավարներին` ելնելով մայթի վրա, որ շատերը այդ ձայնից կարծել են, թե Գյումրիում նորից կրակոցներ են: Երիտասարդը, ըստ նույն աղբյուրների, կերուխում է արել կազինոներից մեկում ու գինովցած ընկել այսպիսի տխուր պատմության մեջ:

Ի դեպ, ճանաչողները նրան բնութագրում են որպես համեստ ու խելոք տղայի: Վերջինս ամուսնացած չէ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031