Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ սիրում տեղի-անտեղի երեւալ»

Հուլիս 16,2013 13:56

Ամերիկաբնակ դերասանուհի Շաքե Թուխմանյանը՝ իր, ընտանիքի եւ հայկական մշակույթի մասին

Դերասանուհի Շաքե Թուխմանյանը 1970-ականների հայ թատրոնի եւ կինոյի հայտնություններից էր: 1968թ. 17 տարեկանում  Մայր թատրոնում մարմնավորած նրա Դեզդեմոնան իսկապես ցնցեց թատերական աշխարհը: Հետո էլ կինոյում դերասանուհու պարզ, անմիջական ու անկաշկանդ հերոսուհիները (Ֆ. Դովլաթյանի «Երկունք», Հ. Մալյանի «Հայրիկ» եւ այլն) հմայեցին հանդիսատեսին եւ փոխեցին պատկերացումները մեր կինոյում արդեն հաստատված հայ երիտասարդ կնոջ կերպարի մասին: Շատերը Շաքեի «եվրոպականացված» հերոսուհիների մեջ տեսան ժառանգական կապ, քանի որ դերասանուհու քույրերը՝ Նելլի, Սիրվարդ եւ Փիրուզ Գալֆայանները արաբական կինոյի նշանավոր դեմքերից էին: Տարիներ անց՝ 1980-ականների սկզբներին, դերասանուհին հայտնվելով ԱՄՆ-ում, կարողացավ հաղթահարել հոլիվուդյան պատնեշը, ինչը շատերին չէ տրված, եւ նկարահանվեց երկու ֆիլմում՝ ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի «Կողմնակի արահետ» եւ Անդրյու Նիկոլի «Զենքի բարոնը»: Մեր հեռուստադիտողն էլ հանդիպեց սիրված դերասանուհուն «Մեղավորները» հայ-ամերիկյան սերիալում, ինչը հետագայում ստացավ էկրանային տարբերակ: Սակայն ստացվել է այնպես, որ Շաքեն հայաստանյան կինոբոհեմի մաս չի կազմել, նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ընդգրկվում հայաստանյան  կինոփառատոներին, մասնավորաբար՝ «Ոսկե ծիրանին»: 1984թ. Լոս Անջելեսում դերասանուհու եւ նրա ամուսնու՝ դերասան, ռեժիսոր Ժան Նշանյանի հիմնած «Վարդան Աճեմյան» թատերախումբն էլ 1990-ականներին մեկ-երկու անգամ հանդես եկավ հայրենիքում, եւ վերջ: Ասում են, որ դերասանուհին, ի տարբերություն իր ամուսնու, որը հայրենիքում իրականացնում է բեմադրություններ եւ որդու՝ դերասան, երգիչ Արման Նշանյանի, ում հաճախ հանդիպում ենք հայաստանյան TV-ների տարբեր նախագծերում, ապրում է «փակ» կյանքով եւ այլն:

Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց օրերս հայրենիք ժամանած դերասանուհու հետ:

Շաքե Թուխմանյանը հայտնեց, որ իր մասնակցությամբ «Կողմնակի արահետ» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի՝ մի քանի անվանակարգերում, իսկ ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Ա. Փեյնը՝ «Օսկարի»՝ որպես սցենարիստ: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ իր մասնակցությամբ «N 12» ֆիլմը ԱՄՆ-ում առաջին մրցանակի է արժանացել սարսափ ֆիլմերի մրցույթում: «Նկարահանվել եմ «Սեքս, սեր եւ գաղտնիքներ» սերիալում, ամուսնուս հետ էլ՝ «Զենքի բարոնում» եւ այլն: Գտնում եմ, որ իմ մասնակցությամբ ֆիլմերը, որ արժանացել են «Ոսկե գլոբուս», «Օսկար» եւ այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակների, ես էլ անմասն չեմ այդ մրցանակներից: Ժամանակին «Ոսկե ծիրանի» հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի հետ վարել եմ փառատոնի բացումը, հետո որոշեցինք այդ փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրել Ալեքսանդր Փեյնին, ով թեեւ մեծ ցանկություն հայտնեց մասնակցել, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Ի վերջո, ավելի քան 30 տարի ամուսնուս հետ Սփյուռքում  պահպանում ենք  հայ թատրոնը, ներկայացնում ենք հայ դրամատուրգներին: Ամպագոռգոռ թող չհնչի, բայց մենք  այս տարիների ընթացքում հայկական մշակույթ ենք ներկայացրել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» թատերախմբի գործունեության հետ կապված հավելեց նաեւ, որ վերջին ներկայացումը եղել է Նիլ Սայմոնի երեք նովելների հիման վրա «Կալիֆոռնիական հարկաբաժինը»՝ ամուսնու բեմադրությամբ, որտեղ հանդես են եկել ամերիկաբնակ Վիոլետ Գեւորգյանը, Լեւոն Շարաֆյանը եւ վաղամեռիկ Տաթեւիկ Ղափլանյանը: Մարտին էլ դերասանուհուն հրավիրել է իրանահայ ճանաչված գրող, դերասան, բեմադրիչ Վահիկ Փիրամզեյը՝ իր «Փորձառու ստախոսները» կոմեդիայում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար:

Ինչ վերաբերում է իր «փակ» կյանքով ապրելուն եւ մեր ռեպլիկին, թե ընտանիքի տղամարդկանց ինքն է ղեկավարում, տիկին Թուխմանյանն ասաց. «Ապրում եմ ոչ թե փակ, այլ համեստ կյանքով: Զբաղվում եմ յոգայով, սիրում եմ բնությունը, մաքուր օդն ու կենդանիներին: Չեմ սիրում տեղի-անտեղի երեւալ էկրանին: Հիմնականում այն երիտասարդները, ովքեր անակնկալ երեւում են էկրանին, նույնքան անակնկալ էլ անհետանում են: Երազում եմ մի նախագծի մասին, որտեղ ընդգրկված կլինի ընտանիքս: Կարեւոր չէ՝ ֆիլմ է, սերիալ է… Պետք է ասելիք լինի: Օրինակ, Փիրամզեյի կատակերգության մեջ ասվում է՝ կինը կամ տուն կշինի, կամ տուն կքանդի: Սա ինձ համար թեզ է դարձել: Թեեւ ընտանիքիս անդամներն իրենց քայլերում ազատ են, այդուհանդերձ, գիտեմ նրանց յուրաքանչյուր քայը: Այս պահին ամուսինս Երեւանի դրամատիկական թատրոնում բեմադրում է Բեռնարդ Սլեյի «Վերջին ծաղրածուն»: Դրանից առաջ նա իրականացրել էր նույն հեղինակի «Ռոմանտիկ կոմեդիան», իսկ Արմանս… «վազվզում» է եւ այստեղ, եւ այնտեղ: Հունիսին նա մեծ համերգ ունեցավ Լոս Անջելեսում…»:

Մեզանում քարկոծվող սերիալների մասին էլ դերասանուհին ընդամենը նկատեց. «ԱՄՆ-ում պատահական մարդ չի հայտնվի սերիալում: Ավելին՝  ինչպես ընդունված է, սերիալների համար էլ հայտարարում են ու անցկացնում քաստինգ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Շաքե Թուխմանյանը՝ որդու եւ ամուսնու հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031