Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետարանը փորձում է արհեստական լիճը համայնքին վերադարձնել

Հուլիս 19,2013 17:09

Իջեւանի հարավային մուտքի մոտ է գտնվում «Սպիտակ ջուր» գետի վրա կառուցված ջրամբարը: Այն կառուցվել է խորհրդային տարիներին, ջրամբարը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի հանգստի սիրված վայրերից էր: Արհեստական լճի ջրթողման համակարգում առկա խնդիրների պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվեց ջրաբերուկներով, ավազով եւ տիղմով: Լիճը ցամաքեց: Ներկայումս դրա միջով առու հիշեցնող գետակ է հոսում, ցամաքած լճում անասուններ են արածում:

2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքապետարանը լճի տարածքի անհատույց օգտագործման, 40 տարով վարձակալության պայմանագիր է կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ: Տեղի է ունեցել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում, տրվել է գրանցման վկայական: Նշենք, որ մինչ այդ, 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվել էր Վարդան Ղալումյանին: Սակայն Վարուժան Ներսիսյանը դեկտեմբերին դեռեւս իր լիազորությունները ցած չէր դրել:

2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վարդան Ղալումյանի դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես« ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման (վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք՝ ընկերության անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով:

Այս գործով դատաքնննությունը սկսվել է 2012թ. նոյեմբերի 1-ին: 2013 թ. մայիսի 21-ին Իջեւանի քաղաքապետարանը դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովում «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին արգելել ջրամբարի նկատմամբ որեւէ գործողության կատարել, մասնավորապես՝ դադարեցնել ավազի ապօրինի արտահանումը եւ ջրամբարի տարածքից դուրս բերել մեխանիզմները: Գործը քննող Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը քաղաքապետարանի այս միջնորդությունը մերժել է:

Հուլիսի 11-ին նշանակված էր այս գործով որոշման հրապարակման օր: Այդ օրը դատավոր Ա. Խաչիկյանը որոշեց՝ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ինչպես նաեւ լրացուցիչ հետազոտել ներկայացված ապացույցները, քանի որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ գործի լուծման համար, ուստի դատաքննությունը պետք է վերսկսել:

Դատաքննության հաջորդ նիստի օր է նշանակված օգոստոսի 1-ը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տարակուսանք հայտնեց, թե 8 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում ի՞նչ նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Քաղաքապետը մեզ ասաց, որ ըստ քաղաքացիական օրենսգրքի՝ եթե տարածքը անհատույց օգտագործման, վարձակալության է տրվում, ապա կողմերից մեկի նախաձեռնությամբ, մյուս կողմին պատշաճ կերպով ծանուցելուց հետո, դատական կարգով պայմանագիրը չեղյալ է համարվում: Վ. Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից պայմանագիրը չեղյալ է համարվել, վարձակալին այդ մասին պատշաճ ծանուցվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031