Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիս 31,2013 16:57

Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով: 

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը բերեց խորհրդի անդամներին, որ ընդառաջ հրավերին ժամանել են Մայր Աթոռ` քննարկելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, հայ հավատացելոց կյանքը հուզող խնդիրներ:
Ժողովի նիստերն ատենապետեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների ամբողջացման և նախապատրաստման աշխատանքները:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ի գիտություն ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության պահանջներին թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի վերաբերյալ:
Տեղեկություններ ներկայացվեցին սեպտեմբերի 21-28-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: ԳՀԽ անդամները գնահատանքով ընդունեցին զեկույցը` թելադրելով հանձնախմբին շարունակել կանոնադրության լրամշակման գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:
Հետ քննարկության Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք ներկայացրեց Վեհափառ Հայրապետին հաստատելու այն:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաև թեմի հավատացյալներին և ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը և շինությանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031