Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ազգային հիմնը միայն առաջին տիկինն էր երգում»

Օգոստոս 09,2013 21:37

Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 8-ին մեկնարկած «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումին մասնակցող Պարույր Հայրիկյանին հարց տրվեց Հայաստանի պետական խորհրդանիշների մասին: Հայրիկյանը պետական օրհներգի մասին, մասնավորապես, ասաց.

«Վարչապետի հետ խոսում եմ հեռախոսով՝ տաս օր առաջ: Հին, լավ գործընկերներ ենք եղել խորհրդարանում, գիտեմ, որ ունի նաեւ ազգայինի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, իրեն ներկայացնում եմ մեր այսօրվա հիմներգը, ասում եմ՝ լսիր, ես դիմել եմ կառավարությունը երկու տարի առաջ, դիմել եմ, ձեզնից պատասխան եմ ստացել, որ դուք հավանություն եք տալիս իմ ներկայացրած նախագծին: Հետո ինձ հրավիրել են մշակույթի նախարարություն, հավաքել են ստեղծագործական բոլոր միավորումների ղեկավարներին,եւ ես իրենց ներկայությամբ էլ եմ ներկայացրել: Երաժշտություն նույնն է մնալու, մի քիչ փոխվում է երաժշտությունը, որովհետեւ սահմանադրությամբ մենք այսօր եղածը փոխել չենք կարող: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախագահի պաշտոնաստանձնման օրը ազգային հիմնն է երգվում, եւ միայն նախագահի, առաջին տիկինն էր երգում: Հազարից ավելի մարդ հենց այնպես կանգնած էր, դրանք քաղաքական գործիչներն են, մեր ազգային, քաղաքական կյանքի խորհրդանիշները: Վարչապետը լսում է, ասում է՝ մի քանի խոսքով կբացատրե՞ս, ես հինգ րոպեի ընթացքում ասում եմ՝ չի կարող մեր հիմներգում լինել՝

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Պատկերացրեք ՝ սպաները կանգնած երգում են: Չի ստացվի, չեն կարող դա երգել: Այս քառյակը պետք է հանել, Միքայել Նալբանդյանից վերցնենք մեկ ուրիշ քառատող,բացի դրանից՝ եզրափակիչ մասը… Միքայել Նալբանդյանից «կպել ենք», որովհետեւ Վանի ինքնապաշտպանությունը այս երգի տակ է ընթացել, Սարդարապատ հայ զինվորները գնացել են այս երգով, եւ 88 թվականի հիմնական, ազգը միավորող երգը՝

Ամենայն տեղը մահ մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի ,ով յուր ազգի

Ազատության կզոհվի:

Սա բանաձեւ է, մեզ համար՝ ԱՄԿ-ականներիս համար սա եղել է բանաձեւ, դա է մեզ ուժ տվել: Այո, խորհրդանիշները նույնպես կարող են փոխվել, բայց խորհրդանիշը խորհրդանշում է քո ժողովրդի տվյալ ոլորտում ունեցած մակարդակը: Վաղը մենք այլ մակարդակ կունենանք, ըստ այն մակարդակի՝ կփոխվի»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031