Այսօր Ազգային օպերային թատրոնում, Վերդիի 200-ամյակին նվիրված, կհնչի իտալացի կոմպոզիտորի «Ռեքվիեմը» օպերային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, Պետական երիտասարդական նվագախմբի (ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ մեներգիչների՝ Մարինե Դեինյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Հովհաննես Ներսիսյան (բաս) մեկնաբանմամբ: Ստեղծագործությունը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Արվեստագետները չեն հիշում, որ մեզանում նման մեծ կազմով հնչած լինի հիշյալ երկը: Առաջին անգամ Վերդիի «Ռեքվիեմը» Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ 1960-ականների վերջին հնչեցրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ում «Առավոտը» հրավիրեց զրույցի:
Անվանի խմբավարը նշեց, որ իր ղեկավարած ակադեմիական երգչախմբի հայտագրում մշտապես իրենց տեղն են ունեցել Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Ֆորեի, ինչպես նաեւ Դվորժակի ռեքվիեմները: Ապա հայտնեց, թե ռեքվիեմները միայն անունով են մահերգ, իրականում այս մեծ կտավներում ամենից ուժգին է հնչում հենց մահի մերժումը:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով մասնավորապես Վերդիի ռեքվիեմին, ասաց, որ կոմպոզիտորն այս ստեղծագործությունը գրել է 1873թ.՝ իր մտերիմ բարեկամ, բանաստեղծ Ալեքսանդրո Մանձոնիի հիշատակին, հավելելով, թե մահը միշտ էլ մերձ ու մոտիկ է եղել Վերդիին: Կոմպոզիտորը 27 տարեկանում, ընդամենը 2 ամսում կորցրել է իր կնոջն ու երկու երեխաներին ու ստեղծելով այս երկը, հոգու ողջ տարողությամբ մերժել է մահվան ամայացնող ուժը: «Ռեքվիեմի» պրեմիերան կայացել է Միլանի Սուրբ Մարկոս եկեղեցում, Չեքիջյանի խոսքերով՝ հնչելով որպես մահվանն ուղղված բողոք եւ հարության ղողանջ:
Կարդացեք նաև
Վերջին շրջանում կարծիք է տարածված, թե համաշխարհային դասական երկերի, այդ թվում՝ Վերդիի ստեղծագործությունների մերօրյա կատարումները կարծես հեռացած են բնագրից: Մաեստրոն, այս դիտարկմանը պատասխանելով, ասաց. «Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն դա չի նշանակում, թե մեր ժամանակը հեռացել է, օրինակ, Վերդիից, ամենեւին… Պարզապես Վերդին է մոտեցել մեր ժամանակին»: Մեր զրուցակիցը հավելեց, թե արվեստագետն իրավունք չունի կրկնելու նախորդներին՝ այն պարզ պատճառով, որ չի կրկնվում ժամանակը. «Յուրաքանչյուր ժամանակ իր տուրքն է պահանջում, ու եթե չապացուցեցիր, սնանկ կհռչակվես»: Հետաքրքրությանն էլ՝ մաեստրոն «վստահո՞ւմ» է Դուրգարյանին, պատասխանը հակիրճ էր. «Տեսնելով դիրիժորի պրպտող միտքն ու աճը, իհարկե՝ այո»:
Նշենք, որ ժամանակին Կարեն Դուրգարյանը Երեւանում ղեկավարել է Վերդիի «Ռեքվիեմը»՝ «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերության սիմֆոնիկ նվագախմբի եւ Բուդապեշտից հրավիրված երգչախմբի հետ: Ամենամոտ ժամանակներում Դուրգարյանն այս երկը կմեկնաբանի նաեւ Չինաստանում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































