Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

Հոկտեմբեր 23,2013 19:54

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում):

Կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, վարում էր  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Վլադիմիր Գասպարյանը նիստի սկզբում մասնակիցներին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Անուբախ Համբարյանին, Սամվել Հովհաննիսյանին և Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանին:

Անցնելով կոլեգիայի նիստի օրակարգին՝ ոստիկանության պետը մատնանշեց աշխատանքների ձևաչափն ու խնդիրները:

Հաշվետու ժամանակահատվածի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան ոստիկանության ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարները:

Բարձրացված խնդիրների առարկայական քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով առկա թերացումներն ու բացթողումները` ամփոփեց կատարված աշխատանքի ընդհանուր պատկերը:

Կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներին:

Նիստից հետո տեղի ունեցավ վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի նախկին տեղակալներ, ոստիկանության գեներալ-լեյտենանտներ Հովհաննես Հունանյանի և Սաշա Աֆյանի գնահատանքի և մեծարման արարողությունը, որի ընթացքում հրապարակվեցին ոստիկանության պետի ուղերձները, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղվեցին վաստակաշատ իրավապահներին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սաշա Աֆյանը պարգևատրվեց «Մարտական զորակցության», իսկ Հովհաննես Հունանյանը՝ «Սխրագործության համար» մեդալներով:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով «Սխրագործության համար» մեդալով պարգևատրվեց ոստիկանության Սիսիանի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, ով օրերս վտանգելով իր կյանքը՝ փրկել էր 17-ամյա Սոնա Հակոբյանին:

Պարգևատրումից հետո ցուցադրվեց գեներալների գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Հանդիսությունն ավարտվեց համերգով:

 

***

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ ոստիկանությունների միավորված կոլեգիայի նիստը, որը բացեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ ոստիկանական երկու կառույցները, ինչպես և նախանշված էր, համագործակցությունից անցնում են համատեղ աշխատանքի, որի առաջին քայլը կոլեգիայի այս նիստն է:

ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանն իր ելույթում անդրադարձավ օրակարգի առաջին հարցին՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման հրատապ խնդրին՝ ակնկալելով Հայաստանի ոստիկանության աջակցությունը:

ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը ներակայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նշելով, որ 2010-2013 թթ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսանել են ԼՂՀ ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբի 73 ծառայողներ:

Օրակարգի այս հարցի շուրջ արվեցին գործնական առաջարկներ կադրերի ոլորտում համատեղ աշխատանքի հետագա կանոնակարգման, փորձի փոխանակման, փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:

Կոլեգիայի նիստի օրակարգի երկրորդ հարցի՝ օպերատիվ ծառայությունների աշխատանքի կազմակերպման և  ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ տվեց ոլորտի պատասխանատուներին:

Քննարկվեցին նաև 2014 թ. միավորված կոլեգիայի կազմակերպման և օրակարգի հարցերը:

Օրակարգի հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ և տրվեցին հանձնարարականներ:

Նիստի ավարտին ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեց «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով պարգևների արժանացան նաև ԼՂՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան սպաներ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031