Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «2013 թվականի լավագույն մարզիկը Դավիթ Սաֆարյանն է»

Հոկտեմբեր 28,2013 22:52

Այսօր հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության եւ Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը «Royal Tulip Hotel Erevan»-ի «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:

Ամփոփելով մրցաշրջանը՝ ըմբիշը խոսեց տարվա ընթացքում իր մասնակցած կարեւորագույն մրցումների, դրանցում ցույց տված իր արդյունքների եւ հետագա ծրագրերի մասին:

«Անցած տարեվերջին այս նույն վայրում մեր վերջին հանդիպման ժամանակ հավաքականի մարզիչներն ասացին, որ այս տարվա ծրագրերի մեջ գլխավորը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այդպես էլ եղավ: Ճիշտ է, մինչ այդ ես մասնակցեցի նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերին, որն անցումային փուլ էր աշխարհի առաջնության ճանապարհին: Բնականաբար, Բուդապեշտ մեկնել էինք ոսկե մեդալներ նվաճելու համար: Ցավոք, կրկին պարտվեցի ռուսաստանցի Ռոման Վլասովին ու ստացվեց բրոնզե մեդալ: Բայց ամեն բան դեռ առջեւում է, ոչ ոք հուսախաբված չէ եւ պատրաստվելու ենք հաջորդ անգամվան», – ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Խոսելով գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում իր մրցելույթների մասին, Արսենը նշեց, որ այդ ակումբի կազմում արդեն 5-րդ մրցաշրջանն է անցկացնում՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն եւ փոխչեմպիոն, թեեւ անձնական հաշվարկում միշտ հաղթել է: «Այս տարի հանդես եմ գալիս մեկ կարգ բարձր՝ 84 կգ քաշային կարգում եւ արդեն մեկ հաղթանակ տոնել եմ: Ակումբի հետ ութ գոտեմարտի պայմանագիր ունեմ եւ մինչեւ տարեվերջ դրանք բոլորը պիտի անցկացնեմ», – ավելացրեց ըմբիշը: Նա լրագրողների խնդրանքով խոսեց հատկապես Ռոման Վլասովի արգելքն առայժմ հաղթահարել չկարողանալու պատճառների մասին՝ խոստանալով, որ դրանք բոլորը հաշվի են առնվել ու դրանց վրա ավելի մեծ ուշադրություն է դարձվելու հետագա մարզումների ժամանակ:

Aravot.am-ը հետաքրքրվեց, որ մոտենում է 2013 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու ժամանակը: Արսենն առաջին տեղում ո՞ւմ է տեսնում: «Տարին դեռ չի ավարտվել, բայց միանշանակ՝ ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանին: Նա դարձել է Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն: Այսինքն, նվաճել է հնարավոր բարձունքները, ինչը հեշտ չէ: Միեւնույն տարում այդ երկու մեդալները նվաճել չի հաջողվել անգամ Արմեն Նազարյանին, Լեւոն Ջուլֆալակյանին եւ մեր մյուս ամենատիտղոսակիր մարզիկներին», – ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031