Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորական. «Տիգրան Նաղդալյանին սպանեցին, մարդը մի թեթեւ նստեց ու դուրս եկավ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 13:41 Share

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն մի խումբ անվանի արվեստագետներ նամակ-երաշխավորագիր  են ուղղել՝ ի պաշտպանություն սիրված դերասան Վարդան Պետրոսյանի: Նրանք պահանջում են անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով այդ երաշխավորագիրը: Մտավորականները վստահեցնում են, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից եւ չի խոչընդոտի գործընթացին: Նրանց մի մասն այսօր ասուլիսով հանդես եկավ «Հայելի» ակումբում:

Նկարչուհի  Զարուհի Մուրադյանն ասաց, որ  իրենց նպատակն է ժամ առաջ փոխել խափանման միջոցը եւ Վարդան Պետրոսյանին տանել բուժման: Ըստ նկարչուհու, հիմքը, որով կալանավորել են Վարդանին, բոլորովին իրավական չէ:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նախ խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, ասելով, որ կիսում է զոհվածների ընտանիքներին պատուհասած ցավը, ապա  անդրադարձավ խափանման միջոցին: «Վարդան Պետրոսյանը եւս տուժել է, տարել է վիրահատություններ: Նա հայտարարել է, որ չի խուսափում այն պատասխանատվությունից, որը կորոշի դատարանը: Մենք արդարադատությունից սպասում ենք արդարադատություն, ոչ թե դաժան վերաբերմունք: Չեմ կարծում, որ քննությունը դրանից կշահի: Չեմ կարծում, որ Վարդան Պետրոսյանը, ստանալով նորմալ բուժում, կարող է խուսափել պատասխանատվությունից, ինքը դա հաստատել է արվեստագետի իր բարձր կոչումով: Մեր նամակի նպատակն է փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը»,-ասաց պարոն Բաբայանը:

Դերասան Միքայել Պողոսյանի խոսքով. «Նման պատմություն կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, որեւէ մեկն ապահովագրված չէ դրանից: Ամենից շատ նրա առողջական վիճակն է ինձ վրա շատ ազդել: Այն ցավը, որ հիմա զգում է արվեստագետը, նրա խիղճը, ավելի դաժան է, քան ցանկացած պատիժ: Ինքը դեռ պետք է փորձի ամեն ինչից հոգեբանորեն վերականգնվել: Վարդանը այս քաղաքի գույներից է, ո՞նց կարելի է այդ տղայի կենսագրությունը մրել: Ամենաշատն ինձ վրա ազդեցին քննիչի բառերը՝ ԴԵՌԱՍԱՆ եւ այլն… Եթե չկարողանան այդ քննիչին տույժի ենթարկել, մեր այսօրվա էստեղ մնալը եւ ինչ-որ բան արարելը անհեթեթություն է»:

Միքայել Պողոսյանը խոտ անվանեց այդ քննիչին, հավելելով, որ արվեստագետները Վարդանի թիկունքին են:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով. «Տեղի է ունեցել ողբերգություն, որի կրողները երկու կողմում են, մեր վերաբերմունքն այսօր բարոյաիրավական տեսանկյունից է: Այլ հարց է, որ Վարդան Պետրոսյանը մեր սիրելի արտիստն է, բայց մենք հիմա էսթետիկական կողմից չենք հարցը քննարկում…Կարծում եմ՝  իրավականը չի բացառում բարոյականը: Մեր աշխարհում ամենից շատ պակասում է բարոյականը: Մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ մտադրված սպանություններ են գործում եւ մարսում են»: Հենրիկ Հովհաննիսյանի ձեւակերպմամբ. «Ձեռքներն է ընկել մի ինտելիգենտ եւ որոշել են հաշվեհարդար տեսնել…Ինչո՞ւ… Օրինակ՝ Տիգրան Նաղդալյանին սպանեցին, մարդը մի թեթեւ նստեց ու դուրս եկավ»:

Անվանի խմբավար Տիգրան Հեքեքյանը խոսքը սկսեց զոհվածների հարազատներին ցավակցելով. «Սա կարող էր պատահել ցանկացածի հետ, դեռ պետք է պատճառը պարզել: Եվ ո՞վ է ասել, որ եթե մեկը ողջ է մնացել, ուրեմն անպայման մեղավոր է: Խոսքը անմեղության կանխավարկածին է վերաբերվում, որը այս երկրում չի գործում: Անմեղության կանխավարկածը, չգիտես ինչու, գործում է  միայն իշխանավորների հարազատների դեպքում: Ես Վարդան Պետրոսյանին ճանաչում եմ 50 տարի, նա մեր դասարանի ամենապարկեշտ, ամենակիրթ անձնավորությունն էր: Սա հայտարարում եմ մեր ողջ դասարանի անունից… Օրինակ, իր որդին այժմ  հայկական բանակում է ծառայում, կարող էր եւ չծառայել, ի տարբերություն ոմանց…Խոսքը միայն Վարդան Պետրոսյանի մասին չէ, մտավորական տեսակի մասին է…Այրված խոտի դեզի կողքով անցած երիտասարդներին կալանավորում են, հետո առանց հիմքի ազատում են, սա մեր երկրի արդարադատության խոցելի կողմերից է, որի համար մարդիկ հեռանում են երկրից…Մենք անհապաղ պահանջում ենք մարդուն հետ բերել հիվանդանոց, նախ բուժել, հետո օրենքի սահմաններում լինի քննություն»:

Թատերագետ Արա Խզմալյանն էլ ասում է. «Չմոռանանք, որ մեր համազգային նիհիլիզմի պայմաններում Վարդանը հազարավոր մարդկանց ուրախություն եւ հույս է ներշնչել: Մենք նաեւ այդ առումով բարոյական պատասխանատվություն ունենք»:

Արա Խզմալյանի խոսքով, հասարակության մեջ մեծ հոդախախտում կա, ու իրենց կոչը ողջ հասարակությանն է ուղղված. «Տպավորություն է ստեղծվել, թե ամենավտանգավոր հանցագործը Վարդան Պետրոսյանն է, այս վերաբերմունքը  մտավորականներիս հանդեպ է»:

Ռուբեն Բաբայանը մեջբերեց Իոսիֆ  Բրոդսկու խոսքերը, որ իշխանությունները մարդուն ընկալում են  կամ որպես ստրուկ, կամ թշնամի, իրականում իսկական արվեստագետը ոչ ստրուկ է,   ոչ էլ թշնամի. «Մենք ուզում ենք, որ արդարադատությունը չդառնա դաժանություն, ուզում ենք Վարդան Պետրոսյանը ապաքինվի, նոր պատասխանատվության ենթարկվի: Այլապես կարելի է կարծել, թե այս անձի հանդեպ ամեն ինչ հատուկ է արվում»:

Արվեստագետները ասացին, որ Վարդան Պետրոսյանին ծաղրի ենթարկած քննիչի հանդեպ պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի՝ ողջ քննչական համակարգի հանդեպ վստահությունը վերականգնելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930