Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին դատախազը վիրավորված է․ մեղադրյալի աթոռին ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն է

Հունիս 19,2026 23:13 Share

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկով դատական նիստը։

Այն կապ չունի ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած ձերբակալության, ապա երկամսյա կալանքի հետ։ Կարապետ Պողոսյանն այժմ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, նրան այնտեղից էին տեղափոխել Շիրակի դատարան՝ նիստի։

Դատարանում քննվող գործը հարուցվել է 2022 թվականին՝ Շիրակի մարզի այն ժամանակվա դատախազ Գուրգեն Գրիգորյանի և Շիրակի մարզի դատախազության դատախազ Հրանտ Մուրադյանի բողոքների հիման վրա։

Ըստ քրեական վարույթի՝ Կարապետ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հրապարակել է Շիրակի մարզի դատախազ Գ. Գրիգորյանի և Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Մուրադյանի մասին արատավորող և նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ։

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հոդվածը կոչվում է «Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը», նախատեսում է․

2-րդ մաս․ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Այսօր դատարանը լսեց Շիրակի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանին, որն ասաց, թե Կարապետ Պողոսյանն իր հրապարակումներով թե՛ անձնական վիրավորանք է հասցրել իրեն, թե՛ մասնագիտական կարողություններն է կասկածի տակ դրել։

Նա հայտարարեց, թե, ըստ իր վերլուծության, իր մասին վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակումները կապված են իր ծառայողական մասնագիտական գործունեության հետ, Կարապետ Պողոսյանը չի շփվել իր հետ, չգիտի՝ ինքն ով է, երբևէ իր անձնային, մարդկային, մասնագիտական որակներին ծանոթ չէ։

Նրա ներկայացմամբ՝ Կարապետ Պողոսյանը, որն, իր տեղեկություններով, զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ, մեղադրվում էր վիրավորանք հասցնելու մեջ, այդ գործով դատախազը Հրանտ Մուրադյանն էր, Պողոսյանը եղելությունը, իրականությունը փորձել է ներկայացնել այլ լույսի ներքո։

Կարապետ Պողոսյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա հետաքրքրվեց, թե Գուրգեն Գրիգորյանի համար որևէ ավելի շոշափելի հետևանք առաջացրե՞լ է այս ամենը, թե՞ զուտ հոգեբանական ճնշված վիճակ է առաջացրել։

Նախկին դատախազը նշեց, որ իր համար ցանկացած վիրավորանք ունի լուրջ հետևանք, լուրջ կշիռ։

«Շոշափելին այն է, որ վիրավորված եմ»,- պատասխանեց Գուրգեն Գրիգորյանը։

Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը Կարապետ Պողոսյանի երեք գործերով ստանձնել է պաշտպանությունը, սակայն դրանք կապված չեն քաղաքական գործի հետ, որի պատճառով այս պահին նա գտնվում է բանտային կալանքի ներքո։

Դրանք տարիներ առաջվա գործեր են, քննվում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

«Այս գործը կապված է նրա կողմից հրապարակային գործունեության ընթացքում որոշակի հարցեր բարձրաձայնելու հետ, և մեր պնդումն այն է, որ դրանց արդյունքում, մեղմ ձևակերպեմ, աշխատանքն ավարտել է Շիրակի մարզի դատախազը։

Սա մեր վարկածն է, մեր մոտեցումն է, մենք այսօր ունեցանք տուժողի մոտեցումը, և մենք փորձեցինք հարցերով դատարանի համար հստակ դարձնել իրականությունը։

Փաստն այն է, որ, մեր պատկերացմամբ, եթե անձը (ի նկատի ունի Շիրակի նախկին դատախազին) ծառայողական քննության ընթացքում դիմում է գրում, ապա նրա կամքը ազատ լինել չի կարող»։

Փաստաբանը նշեց, որ իրենք իրավունք ունեն մտածել ու փարատված կասկած համարել, որ դա եղել է Կարապետ Պողոսյանի իրավապաշտպան գործունեության արդյունքում։

Ըստ փաստաբանի՝ օրենքով վիրավորանքը քրեական պատասխանատվության ենթակա չէ, օրենքով քրեական պատասխանատվության ենթակա են արատավորող տեղեկությունները, իսկ այդ երկու կատեգորիաները սկզբունքորեն տարբեր են, և այս գործով իրենք փորձելու են հասնել արդարացման դատական ակտի։

Ի դեպ, Aravot.am-ը բազմիցս անդրադարձել է Գուրգեն Գրիգորյան-Կարապետ Պողոսյան այսպես ասած հակամարտությանը։

Շուրջ երկու տարի պաշտոնավարելուց հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ին, Շիրակի դատախազի պաշտոնից սեփական դիմումի համաձայն պաշտոնազրկվել էր արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը։

Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կողմից մամուլում հնչեցրած աղմկահարույց հայտարարության հիման վրա։ Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։

Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։

Նախքան պաշտոնազրկվելը Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի դեմ՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել նրան, քանի որ վերջինս սոցցանցերում վիրավորական բնութագիր է տալիս իրեն ու այսպիսով ենթարկում հոգեբանական ճնշման։

Նշենք, որ Գուրգեն Գրիգորյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության ու վերահսկողության պետի տեղակալի պաշտոնը։

Նկատենք նաև, որ Կարապետ Պողոսյանը, որին ԱԺ ընտրությունների օրը ձերբակալեցին, այժմ երկու ամսով կալանավորված է, նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը քննվում է հենց հակակոռուպցիոն կոմիտեում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930