Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հիշեց Կատոնին

Նոյեմբեր 14,2013 19:51

Ազգային ժողովում եկող տարվա բյուջեի քննարկման ժամանակ արտահերթ ելույթի իրավունքով հանդես եկավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով իր ասելիքը սկսեց «թեւավոր իմաստուն մարդու խոսքով»՝ հիշելով Կատոնին, ով ասել է՝ «բոլորին գոհացնող օրենքներ չեն լինում», հետեւաբար անիմաստ է անգամ փորձելը: Նա ասաց նաեւ, որ երբ բյուջեն քննարկվում էր կառավարությունում, չկար որեւէ նախարար, որը լիովին գոհ էր իր ոլորտին հատկացված բյուջետային հատկացումներից, հետեւաբար, միամտություն կլիներ կարծելը, որ Ազգային ժողովում որեւէ մեկը գոհ կլիներ բյուջեի նախագծից:

Այդուհանդերձ, արդարադատության նախարարը կոչ արեց խոսել դրականից, չմոռանալ եւ չանտեսել այն լավը, որ կա, ու հիշեցրեց, որ, օրինակ, փողոցային հանցագործությունների թվով Հայաստանը ամենալավ դիրքերում է՝ «չկան այդ հանցագործությունները մեզ մոտ»: «Ոչ ոք չի խոսում, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները մեր երկրում կտրուկ նվազել են»՝ նկատեց նախարարը, եւ ասաց, որ Ազգային ժողովում բողոքում են, թե ինչու է «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին 12 մլն դրամ հատկացվել. «Տվել ենք այդ գումարը եւ այս տարի էլ նախատեսում ենք 20 մլն տալ, որովհետեւ իրավախախտ անչափահասներից 17-ը  այդ ծառայության միջոցով մասնագիտություն են ստացել, իրենց մասնագիտությամբ աշխատում են եւ նոր հանցագործություններ չեն արել»:

Նաեւ ասաց, որ ոչ ոք չի խոսում այն մասին, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածություն չկա, 4300 տեղի պարագայում ունենք 4000 ազատազրկված:

Արդարադատության նախարարն ասաց, որ աշխարհում չկա մի երկիր, որի բյուջեի ծախսերին հնարավոր է հետեւել օնլայն. «Բյուջեն եւ քաղաքականությունը հնարավորի արվեստն է»,-եզրափակեց նախարարը, ով ի դեպ, նշել էր, որ ընդդիմության ներկայացրած տվյալը, թե 5 մլրդ դոլարի պետական պարտք ունենք, իրականությանը չի համապատասխանում, մեր պարտքը 3,8 մլրդ է:

Ի դեպ, ավելի ուշ իր ելույթում 5,28 մլրդի պետական պարտքի մասին խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930