Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Եվրամիությունը օգնելու է Հայաստանին, որ ի՞նչ անի, մնացածը Գյուլնազ տատի հեքիաթներից են» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 13:12

«Եվրոպան մեզ ասաց այնքանով, որքանով…: Վիլնյուսում անգամ Հայաստան անունը չհնչեց, Վիլնյուսն ապացուցեց, որ ՀՀ-ն վստահելի գործընկեր չէ, ՀՀ-ի անունը ընդհանրապես չշոշափվեց, սուբյեկտից վերածվեցինք օբյեկտի, Վիլնյուսում մենք կորցրեցինք լավագույն շանսը»,-այսօր «Սլաք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքներն՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, թե «ՀՀ Իշխանություններն այսօր մեծ խաբեբայությամբ են զբաղված» ու շարունակեց. «Իշխանությունները խաբում են ժողովրդին, թե Մաքսային միությունը ԽՍՀՄ-ի նման բան է լինելու, մինչդեռ ԽՍՀՄ-ում կար սոցիալական հավասարություն: Ըստ էության խախտվում է Սահմանադրությունը, մաքսային միությունը դառնում է մի վերպետական մարմին: Քաղաքացիներին խաբում են անվտանգության հարցով, բառիս բուն իմաստով: Համենայն դեպս՝ այն զենքը, որ ստացավ Ադրբեջանը ՌԴ կողմից,  դա իր զենքն է, նրա տնօրինության տակ: Իսկ 102-րդ ռազմաբազայում եղած զենքը Ռուսաստանինն  է»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե իշխանությունները միայն հարստություն և իշխանություն պահելու խնդիր են լուծում:

Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ապա պարոն Մարտիրոսյանն այն բնորոշեց որպես վասալի և տիրոջ հանդիպում ու նշեց. «Պուտինի այցը գալիս է հաստատելու, որ Ռուսաստանը կարող է շանտաժի լեզվով հարցեր լուծել»:

Արմեն Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց Սերժ Սարգսյանի վիլնյուսյան ելույթի այն հատվածին, որտեղ խոսում է համապետական ընտրությունների մասին. «Սրանով նա հենց եվրաչինովնիկներին ասաց, որ մենք իրար հետ ենք այդ կեղծիքներն արել, այդ կեղտոտ խաղի մեջ մենք միասին ենք մտել, ուստի ձեր առջև ես մաքուր եմ: Ինչպես կեղծիքներ ընդունել եք, մենք այդ կեղծիքներով էլ շարժվելու ենք»:

Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում որտեղի՞ց այն ցնծությունը իշխանության շրջանում, թե մեր ցանկացած փաստաթուղթն ենք ստորագրել: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս ողջ փաստաթղթում մեկ նախադասություն կա, այս համաձայնագիրը չեն ստորագրելու, քանի որ  ՀՀ-ն միջազգային այլ հանձնառություններ ունի: Այդ դեպքում Եվրամիությունը օգնելու է Հայաստանին, որ ի՞նչ անի: Մնացածը Գյուլնազ տատի հեքիաթներից է: Այն, ինչ կատարվել է Վիլնյուսում, ուղղակի խայտառակություն է Հայաստանի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031