Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ՌԴ-ի հետ պայմանագիր չունի՝ երրորդ երկրից զենք ձեռք չբերելու մասին

Դեկտեմբեր 09,2013 17:43

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսում, նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը խոսելով ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին, կարծիք հայտնեց, որ ԽՍՀՄ-ի տարիներին ապրած ավագ սերնդի համար թերեւս հաճելի է լսել, որ «նորից մտնելու ենք Մաքսային, այսինքն Ռուսաստանի լծի տակ»:

Ապա, բանախոսը, իր գնահատմամբ «փակագծեր բացեց» որոշ հարցերի շուրջ, որոնց մասին մարդիկ դեռ «տեղյակ չեն»: «Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, պատկերացրեք, որ երրորդ պետությունից ներկրում անենք Հայաստան, մեր մաքսազերծումը շատ բարձր կլինի գների առումով: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կձգտի անել այն, որ իր ապրանքատեսակները մտնի Հայաստան: Եվ տնտեսական առումով մենք անկախ չենք լինի: Ուզում եմ բոլորդ հասկանանք, որ մենք չենք կարող անկախ տնտեսական գործունեություն ծավալենք՝ առանց Ռուսաստանի, այսինքն` մեր տերերի թույլտվության: Մենք տեր ենք բերել մեր վրա, մենք ընդամենը կատարող կդառնանք: Մենք բոլորս էլ համաձայն ենք՝ համագործակցել որեւէ պետության հետ կամ որեւէ միության՝ Մաքսային կլինի, թե Եվրամիություն, բայց, հավասարը հավասարի, ոչ թե գնանք դառնանք վասալ՝ մի պետության»:

Ապա, բանախոսն ահազանգեց, իր գնահատմամբ, ամենավտանգավորի մասին. «Զենք-զինամթերք, մեր սպառազինության հետ կապված: Պատկերացրեք, մենք, ինչքան հիշում եմ, որ պայմանագիր ունենք, որ առանց Ռուսաստանի թույլտվության, մենք իրավունք չունենք որեւէ պետությունից զենք գնենք: Դուք պատկերացնում եք՝ այս դեպքում Ադրբեջանն ինչ ձեւ կհզորանա, երրորդ պետությունից մենք չենք կարա զենք-զինամթերք գնենք, իսկ Ադրբեջանն ունի այդ հնարավորությունը: Սաղս էլ տեղյակ ենք, բոլորս էլ գիտակցում ենք, որ էսօր ինքը սպառազինությամբ շատ հզոր ա, քան ՀՀ-ն: Եվ նման շատ բաներ ու եթե որոշ մարդկանց կթվա, որ մտնում ենք ՄՄ, կարող է գներն էժանանան…որոշ ապրանքատեսակների էժանացում կլինի, բայց հիմնականում մենք խնդիր ենք ունենալու հենց ՄՄ-ի հետ կապված: Մենք մեր կամքով, ժողովուրդը չի մտել Մաքսային միություն, մի անհատ, մի անձ, իր աթոռի համար ժողովրդին տանում է Մաքսային միություն, որ մարդիկ չեն հասկանում՝ ո՞ւր են գնում: Գնաց, նստեց, որոշեց, որ պիտի լինի ՄՄ»:

Սասուն Միքայելյանը գտնում է, որ որոշումը պետք է հանրաքվեով կայացվեր:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանագիր չունի՝ երրորդ երկրից զենք չգնելու մասին: Ավելին, նա նկատեց, որ Հայաստանն այսօր տարբեր երկրներից է զենք եւ զինամթերք գնում, բայց ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, բնականաբար, մանրամասներ չհրապարակեց:

Նման տեղեկատվության չէր տիրապետում նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ով եւս Հայաստանի կողմից ձեռք բերվող զինտեխնիկայի մասին տեղեկատվության «արտահոսքից» ձեռնպահ մնաց՝ հասկանալի պատճառներով: Մեր զրուցակիցը ոչ ռազմական, ոչ էլ հոգեբանական առումներով ճիշտ չի համարում, որ հիմա սկսենք թվարկել թե ինչքա՞ն եւ ի՞նչ զենք ունենք: Բայց հիշեցնում է, որ տակավին վերջերս էին ինտենսիվ խոսակցություններ պտտվում այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է ռազմաօդային պաշտպանական զինատեսակներ ձեռք բերել: Խոսքը Չինաստանից գնվելիք զենքի մասին է, որն, ըստ մասնագետների, «Սմերչին» հավասար զինատեսակ է:

«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ այդ տրամաբանությանը հանգում, որ Հայաստանն աստիճանաբար կթուլանա, բայց ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի պետական բյուջեին համարժեք միայն ռազմական բյուջե ունի Ադրբեջանը: Իր մեծ եղբայր Թուրքիան, ինչպես 1994 թվականի շրջափակման միջոցով փորձեց ճնշել, ամեն ինչ անել, որպեսզի պատերազմական զարգացումներն այլ ուղղությամբ գնան, կարծում եմ, այսօր էլ ոչինչ չի փոխվել ու Թուրքիան Ադրբեջանին երեւացող-չերեւացող բոլոր ճանապարհներով կօգնի: Եվ եթե մեր զինված ուժերը մարտունակ չլինեն, մեր ազատամարտիկների արիական ոգին չլինի, ու եթե Ադրբեջանն այսօր էլ վստահ լիներ, որ իր զենքն ու զինամթերքն իրեն օգնելու են հաղթել՝ կվերսկսեր պատերազմական գործողությունները»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031