Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ թագավորին

Դեկտեմբեր 12,2013 14:05 Share

Մեր զրուցակիցն է ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ,  վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը

– Պարոն Խալիկյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայ շախմատիստները ձախողվեցին Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններում:

– Փաստորեն, դուք ոչ թե հարց եք տալիս, այլ գնահատական: Ես չեմ կիսում ձեր կարծիքը: Ցանկացած բնագավառում Հայաստանի ներկայացուցիչների միջազգային ելույթները, որտեղ նրանք տեղ են զբաղեցնում առաջին հնգյակում՝ Ռուսաստանի եւ Ամերիկայի ներկայացուցիչների կողքին, պատվաբեր է: Այլ բան է, երբ դա քայլ հետ է մեր ունեցած շախմատային ձեռքբերումներից: Պրոֆեսիոնալ սպորտը ուժի, արիության եւ ոգու ներդաշնակ դրսեւորման ձեւ է եւ ցավոք, մեր տղաները հատկապես Եվրոպայի առաջնության վերջին տուրում տեղի տվեցին ադրբեջանցիների հետ պայքարում, որը եւ մեր թիմի երկրպագուների մոտ դժգոհություն առաջացրեց:

– Աշխարհը՝ աշխարհ, բայց մեզ համար շատ կարեւոր է հարեւանների հետ համեմատվելը: Ադրբեջանի շախմատի թիմի հաջողություններն աճում են, իսկ մենք դոփում ենք տեղում:

– Ուր էր, թե այդպես լիներ: Օլիմպիական չեմպիոնի տեղում դոփելը երազանք է: Ադրբեջանում, նաեւ Վրաստանում շախմատը վերելք է ապրում: Ադրբեջանցիներն աշխարհի առաջնությանը երկրորդ կազմով հանդես եկան եւ մեր տղաները չկարողացան կոտրել նրանց դիմադրությունը: Մեր հավաքականը պահեստայիններ չունի: Վերջին քսան տարում Հայաստանում չի աճել շախմատիստ, որը կարողանա հիմնական թիմում հանդես գալ:

– Ուզում եք ասել՝ տղաները հոգնե՞լ են:

– Կարելի է եւ այդպես, տարիներն իրենցը վերցնում են, բայց թիմի հաջողությունների վրա էապես ազդել է երկրի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի զբաղվածությունը: Ես, ինչպես նաեւ աշխարհի շատ շախմատային գիտակներ, համոզված ենք, որ մեր թիմի հաջողությունների մեջ իր անգնահատելի բաժինն ունի Սերժ Սարգսյանը: Միայն նախագահի վերջին ժամանակների ուշադրության փոքր-ինչ պակասով է պայմանավորված թիմի ոգու անկումը:

– Ստացվում է, որ թիմը խաղում էր Սերժ Սարգսյանի համար:

– Ոչ, թիմը նախագահի գլխավորությամբ խաղում էր մեր ժողովրդի համար: Իսկ այն, որ թեկուզեւ այս տարի առաջնությունների օրերին Հայաստանում չկար շախմատային մթնոլորտ, ապացուցում է իմ վերոհիշյալ մտքերը:

– Իսկ ի՞նչ կասեք դպրոցներում շախմատը որպես առարկա դասավանդելու մասին:

– Դա շատ անզգույշ եւ հավակնոտ քայլ էր, որ կատարվեց առանց լուրջ քննարկումների: Մեր երեխաները փորձադաշտ չեն: Կարելի էր այն սկսել մեկ-երկու դպրոցներում եւ հետո, դրական արդյունքների դեպքում՝ տարածվել: Սկսենք այն բանից, որ շախմատ նշանակում է մահ թագավորին: Լեգենդն ասում է, որ շախմատի Կաիսսա աստվածուհին սիրահարված լինելով պատերազմի աստծուն, նրան սովորեցնում է շախմատ խաղալ, որպեսզի վերջինս իր ագրեսիվ հագուրդները բավարարի շախմատի խաղատախտակի վրա: Շախմատը «անտոգոնիստական» խաղ է եւ դժվար թե դպրոցում դառնա «դիսցիպլինի» առարկա: Շախմատը, ի թիվս այլ հատկանիշների, դաստիարակում է անհնազանդություն, անհանդուրժողականություն, ստանդարտից դուրս տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ: Վերջինս դրական գործիք է բարձր գիտակցությամբ օժտված, ինֆորմացիոն մեծ բազա ունեցող մարդկանց մոտ եւ չարիք է բնակչության առավել մեծ մասի մոտ՝ դրանից բխող բացասական հետեւանքներով…
Շախմատը օժտվածների խաղ է եւ, կարծում եմ, չի կարող մշակույթի տարր դառնալ:

– Որպես Հայաստանի քաղաքացի՝ Ձեր կարծիքը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:

– Մեր պետական սահմանները մեր զինվորների հետ միասին պահում են ռուս զինվորները, մեր գազը, լույսը, օդը, երկաթուղին, ընդերքը, լեզուն ռուսական են, մեր ժողովրդի ստվար մասը Ռուսաստանի քաղաքացի է, այնպես որ, կարծում եմ՝ մենք այլընտրանք չունեինք: Մնացել էր միայն հոգեւոր միացումը, այն էլ միասնական խաչով ամրագրեցինք:

– Փաստորեն, Վլադիմիր Պուտինի այցով ժողովրդական մկրտություն կատարվեց:

– Մկրտության հայկական արարողակարգի մեջ կա մի պարտադիր պահ, երբ քահանան դիմում է բոլոր ներկաներին՝ «Այժմ բոլորս դեմքով շուռ գանք արեւմուտք եւ հրաժարինք չարից, իսկ հիմա դեմքով շուռ գանք արեւելք եւ փառաբանենք տիրոջը»:

– Պարոն Խալիկյան, դեմ չե՞ք լինի, եթե մեր հարցազրույցը տպվի «Մահ թագավորին» վերնագրով:

– Ես կնախընտրեի «Փառք տիրոջը» խորագիրը:

Մ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031