Բադեյանի «սովեստը» մաքո՞ւր է
Ինձ երբեմն թվում է, թե ՀՀԿ-ի վերջին հավաքների ժամանակ այդ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները հրահանգավորվել են (վայ, ներեցեք, պետք է «ինստրուկտաժ են անցել» գրեի), թե ոնց «ատբիտ ըլնեն» էդ հղփացած լրագրողներից, որ «նիզնայեշ ատկուդա» հայտնվում են հենց իրենց դիմաց եւ հարցուփորձ անում, ասենք՝ «Լեզվի մասին» «զակոնի» կամ «զակոնը» պահպանել-չպահպանելու ու էլի ինչ-որ անմակարդակ բաների մասին: Ու էդ «ինստրուկտաժի» բաղկացուցիչ մաս են կազմել՝ սովորեցնել հոխորտալը, սեփական բարձր «մակարդակի» եւ լրագրողների «անմակարդակության» մասին «դատողություններ» անելը, հավատարմագրումից զրկելու սպառնալիքներ («ուգռոզա») տեղալը եւ այլն:
Բայց քանի որ իրենք խիստ բարձր մակարդակ ունեն եւ գլուխ չունեն ինչ-որ անմակարդակ ժուռնալիստների հետ, դրա համար «բարձր» մակարդակի «ռազգավոր» են վարում: Դե, մոտավորապես, այնպես, ինչպես լրագրողներին դիմել է «ինծելեկտուալ» հանրապետական Մանվել Բադեյանը. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում…»: Կամ՝ «Հմի էդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա, հո դուք գիժ չեք, արա…» (երկու մեջբերումներն էլ ըստ առցանց «Առավոտ»-ի)… Շատ, շատ բարձր մակարդակ է, մանավանդ, ինչպես վկայում են լրագրողները, գոռգոռալը… Այ, հենց էստեղ է թաղված շան գլուխն, էլի. «ինստրուկտաժում» ասվում է՝ ինչքան բարձր ես գոռգոռում, էնքան մակարդակդ բարձրանում է, դե մոտավորապես ծովի մակարդակի նման՝ խիստ փոթորիկների («բուրյա», էլի) ժամանակ… Հա, չմոռանամ ասել, որ Մանվել Բադեյանի «ինծելեկտի» մասին է խոսում նաեւ այս արտահայտությունը. «…Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում» (նույն տեղում): Բայց ես այլատյացության այս դրսեւորմանը չեմ պատասխանի, նրան լավ պատասխանել է հենց եզդի երիտասարդությունը, հուսամ՝ կպատասխանի նաեւ ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, թեպետ Բադեյանը շտապել է արդարանալ՝ Tert.am-ին ասելով, թե դա… (բռնվեք) «լրագրողի սադրանքն է…» : Այսինքն՝ Բադեյանի «սովեստը» մաքուր ա, էլի, հասկացա՞ք… Դե, իհարկե, ինքը հո չէ՞ր ուզում «ասկառբիծ» անի եզդի ժողովրդին, «բեզգռամոտնի» լրագրողն է զոռով նրա բերանից քաշել այդ վիրավորական արտահայտությունը. բռնել է պատգամավորի օձիքից՝ թափահարել ու՝ «Շո՛ւտ, մի վիրավորական արտահայտություն արա որեւէ ազգային փոքրամասնության հասցեին…»,- հոխորտացել է այդ «սադրիչ», վայ կներեք՝ «պրովոկատոր» ժուռնալիստը, ապա շանտաժ է արել, որ եթե հանկարծ այդպես չասի՝ պատգամավորին դատի է տալու իր հարցերին չպատասխանելու համար… Իսկ ինքը, հասարակ մի «ձիպուտատ», ո՞նց «կարար» չենթարկվել…
Հիմա մի քիչ ավելի լուրջ: Կարելի էր անտեսել այս միջադեպը (իհարկե, ոչ թե վիրավորանքը մի ամբողջ ժողովրդի հասցեին), եթե լրագրողների վրա հոխորտալու սույն երեւույթը շարունակական չլիներ: Բանն այն է, որ մի սպառնալիք էլ մի քանի օր առաջ ՀՀԿ-ական խիստ «ինծիլիգենտ» մեկ այլ պատգամավոր էր արել: Դե, հասկացաք, խոսքը Գալուստ Սահակյանի մասին է, որը ոչ միայն փորձել է բարեկրթության դասեր տալ, այլեւ սպառնացել է լրագրողներին հավատարմագրումից զրկելու քայլեր անել (տե՛ս lragir.am կայքում): Մասնավորապես ասել է. «Երեկ լսում եմ, ասում եք, որ Գալուստ Սահակյանը ջղաձգվեց։ Որտեղի՞ց գտաք կամ ձեր ինչ գործն ա՝ Գալուստ Սահակյանն անձնական իր կյանքում, խոսքում… Դուք կարող եք բնութագրել երեւույթը… Ի՞նչ տպավորություն կլինի, որ մի 80 պատգամավոր դիմեն Ազգային ժողովի նախագահին եւ ասեն, որ մի քանի լրագրողի հավատարմագրումը չեղյալ համարի։ Կխայտառակվի լրագրողը, եթե նույնիսկ դա հետեւանքներ չունենա։ Արձակուրդների ընթացքում մի բան կպատրաստեմ եւ ցույց կտամ, թե ինչպիսի լրագրողներ ունենք» (նույն տեղում): Այո, հենց էսպես. կկատարվի իրենց նախկին կոմունիստական շողշողուն երազանքը. այլեւս ոչ մի սադրիչ հարց չի հնչի եւ ոչ մեկի բերանից զոռով վիրավորական արտահայտություններ չեն քաշի ու չեն խայտառակի խեղճ «ձիպուտատին»:
Կարդացեք նաև
Ստիպված եմ Գ. Սահակյանին, իր գործընկեր Մ. Բադեյանին եւ մյուսներին մեկ անգամ էլ հիշեցնել, որ իրենք կամավոր, կրկնում եմ՝ կամավոր են ընտրել իրենց ճանապարհը՝ դարձել պատգամավոր, նախարար եւ այլն, այսինքն՝ կամավոր իրենց դրել են հանրության ուշադրության կենտրոնում եւ պարտավոր են հանդուրժել հասարակության եւ ամենից առաջ՝ լրագրողների հարցերը, քննադատությունները, գնահատականները, այդ թվում այնպիսինները, ինչպիսիք են «ջղաձգվելը», «հոխորտալը» (ի գիտություն «ինծելեկտուալ» ՀՀԿ-ականների՝ սրանք կոչվում են գնահատողական դատողություններ), հասարակության կողմից իրենց արտահայտություններին համարժեք պատասխան տալը (ինչպես եզդի երիտասարդությունն արեց՝ Բադեյանին զուգարանի թուղթ ուղարկելով) եւ այլն:
Իսկ եթե չեն ուզում, որ իրենց «սադրիչ» հարցեր տան, նկատեն իրենց ջղաձգումները, հոխորտանքները, «ինծելեկտուալ» մակարդակը եւ գնահատեն դա, կարող են անել մի շատ պարզ ու հասարակ քայլ. հրաժարվել պատգամավորական մանդատից, նախարարի կամ այլ բարձր պաշտոնից, գնալ տուն՝ թոռ պահել, ծառ մշակել, կաղամբ ու կարտոֆիլ աճեցնել եւ այլն: Վստահաբար ասում եմ՝ այդ դեպքում ոչ նրանց խիստ «բարձրամակարդակ» «քաղաքական գործունեությունը», ոչ էլ նրանց անձնական կյանքը հասարակությանն ու լրագրողներին բնավ չեն հետաքրքրի: Կամ, թերեւս, կհետաքրքրեն միայն այն ժամանակ, երբ նրանց աճեցրած կաղամբը արտասովոր մեծ կլինի…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Հոդվածն արդեն ուղարկել էի խմբագրություն, երբ լրատվամիջոցներում հրապարակվեց (տե՛ս news.am կայքում՝ ), թե Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել եզդիներից, սակայն նույն լուրի մեջ էլ նշվեց նրա այսօրվա վիրավորական արտահայտությունը լրագրողների հասցեին. «գործ սարքողների նման վիժվածք»: Նրանից հետ չի մնացել նաեւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը (ով բոլորին իր արշինով է չափում, դրա համար էլ նրա աչքին ցանկացած հոդված պատվեր է թվում)՝ ասելով. «Ահա թե ինչ պետք է անել, ոչ թե հարստացնել հաստավիզ լրագրողներին» (տե՛ս news.am կայքում): Այս խոսքերը ուղղակի վկայում են սույն «ինծելեկտուալների» չափազանց «բարձր» մակարդակի մասին:
Հ. Գ. 2 – Լրագրողները ճիշտ կանեն, որ այսպիսի արտահայտություններից հետո բոյկոտեն այս պարոնների նմանների ասուլիսները, ելույթները, մեկնաբանությունները, տեղեկատվական բլոկադա հայտարարեն… Թեպետ՝ նաեւ կասկածում եմ, թե դա նրանց կանհանգստացնի…
«Առավոտ» օրաթերթ



















































ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ լրագրողը հաճախ չէ, որ բարկությունը ”ցույց է տալիս”, թեկուզ և հումորով, որովհետև ազնիվ ու զուսպ մարդ է, բարձրակարգ ու փորձառու լրագրող է բայց ամենևին էլ այդ ,,չտես բիրդանաղա ” դարձած ծախու պատգամավորներին համարժեք անձ չէ: Իսկ այն, որ ”նախշել,, է դրանց, ապա շատ ճիշտ ու տեղին է արել դա: Ամեն ինչից զատ, նա, իր անցած ուղով և վաստակով բարոյական իրավունք է նվաճել, որ այդպես վարվի… Հիշում եմ 25 տարի առաջ, երկրաշարժից ավերված աղետի գոտում ինչպես էր նա հանգուցյալ Այդին Մորիկյանի և մյուս գործընկերների հետ կազմակերպում տեղական թերթերի հրատարակումը` այդ օրերի համար կարեկծանքի խոսքից զատ նաև ոգևորող ու քաջալերող խոսք տարածելու, մարդկանց տոկունությունն ամրապնդելու, համախմբելու, արհավիրքին դեմհանդիման միասնաբար կանգնելու և ժամանակի պահանջին համահունչ ազգասեր մյուս խնդիրները լուծելու համար: Իսկ հետո նաև…: Հարգելի Մեսրոպ, տեղդ թափուր մի թող, հաճախակի հանդես արի, սպսում ենք:
Շատ շնորհակալ եմ, հարգելի պարոն Սուքիասյան: