Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

Դեկտեմբեր 12,2013 17:03

Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվարին է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում և արժանացել մի շարք մրցանակների:

Հայկը դասավանդում է, մասնակցում տարբեր միջոցառումների և արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրին: Փոքր Թատրոնի հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի նոր ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել ներառական ժամանակակից պարային խումբ:

Մեկ ամիս շարունակ Հայկն իր երեք գործընկերների հետ Միացյալ Թագավորության Candoco պարային ներառական խմբում անցել է վերապատրաստման դաընթաց:

«Այցս օգնեց բարելավել պարային կարողություններս ժամանակակից ոճում, ինչը բավականին բարդ պարաոճ է հիփ-հոփ պարողի համար, բայց, կարծում եմ, կարողացա հաղթահարել: Ինչպես նաև սովորեցի աշխատել հատուկ կարիքներ ունեցող պարողների հետ, ինչը նույնպես հեշտ չէր, բայց մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատելուց»,-ասում է Հայկը:

Հայկի հետ Անգլիայում էր նաև Թենի Մաթյանը, ով ժամանակակից պար է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և որպես պարուսույց ընդգրկված է մի շարք հեռուստատեսային շոուներում:

«Ես վստահ եմ, որ Բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում: Իրականում, այս ծրագրի վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս և աշխատելու ցանկություն: Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները»,-ասում է Թենին:

Դասական բալետի պարուհի Մարիաննա Պողոսյանն Անգլիա վերապատրաստման մեկնած խմբի կազմում էր: Մեկ ամիս շարունակ ամեն օր հայկական խմբի երեք անդամները աշխատում էին անգլիացի պարուսույցների հետ` ծանոթանալով ներառական պարի անգլիական հարուստ փորձին:

«Կոնկրետ ինձ համար որպես պարուհի, այս այցի արդյունքում բացահայտեցի մարմնիս անսահման հնարավորությունների փաստը, շարժման նոր որակներ, մտավոր և էմոցիոնալ արտահայտչամիջոցների այլևայլ հորիզոններ: Ծանոթացա մարմնով մտածելու գաղափարին և ականատես եղա, թե որքան են նրանք կարևորում ցանկացած արվեստի ներկայացուցչի այս որակը»,-նշում է Մարիաննան:

Դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Սեթա Ուայթը Միացյալ Թագավորությունում հայտնի է Հայաստանը ներկայացնող մի շարք ծրագրերով: Սեթան համոզված է, որ բրիտանական փորձի հիման վրա ձևավորվող հայկական ներառական պարային խումբը կարող է հաջողություններ գրանցել:

«Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ես` որպես ռեժիսոր, ինչպես կարող եմ համագործակցել պարուսույցների և պարողների հետ»,-ասում է Սեթան:

Ծրագրի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Առաջիկայում իրենց գիտելիքները պետք է փոխանցեն Հայաստանում ներառական պարային խմբի կազմավորման գործում ներգրավված այլ մասնակիցներին: Ծրագրին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը և բրիտանահայ համայնքը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031