Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյանը դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին

Դեկտեմբեր 24,2013 13:50

«Ես տիկին Լյուդայից չէի սպասում նման բան, խիստ վիրավորված եմ»,- ասում է առողջապահության նախարարը

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից: Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել «Առավոտի» դեկտեմբերի 19-ի «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» հրապարակմամբ եւ նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Լյուդմիլա Սարգսյանի ուսումնասիրությամբ՝ «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր: Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ»:
Տիկին Սարգսյանի այս հոդվածը կարդալուց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, շատ է զարմացել. «Որովհետեւ նման երեւույթ ուղղակի գոյություն չունի»: Ինչպե՞ս է հնարավոր ապացուցել, որ նման երեւույթ գոյություն չունի՝ մեր այս հարցադրմանը նախախարն էլ իր հերթին հարցադրում արեց. «Իսկ ինչպե՞ս կարող է տիկին Լյուդմիլան ապացուցել, որ նման բան կա: Ես բացառում եմ, որ այս խնդիրը կա, հատկապես, որ խոսքը վերաբերում է նախարարին, նախարարությանը եւ պետպատվերի տեղադրմանը»: Պարոն Դումանյանը կասկածի տակ դրեց, որ անցյալում, իրենից առաջ եղած նախարարների ժամանակ, գուցեեւ եղել է, բայց ինքը եկել է ու բացառել այդ երեւույթները: Պարոն նախարարի խոսքերով՝ «Միգուցե Լյուդմիլա Սարգսյանին այս թեմայով կոնսուլտացիաներ անողների ժամանակ այս խնդիրը մեխանիզմներ է ունեցել եւ դրված է եղել: Իմ ժամանակ, ես եկել եմ նման խնդիր բացառել եմ: Մենք 400-ից ավելի հիմնարկի հետ աշխատում ենք, պայմանագիր ենք ստորագրում ու պետպատվեր ենք տեղադրում, իրենց գումարներ ենք հատկացնում, թող մի հիմնարկ ասի, որ ինձ հետ պայմանագիր չեն ստորագրել, որովհետեւ մեզ տոկոս չեն տվել: Սա քրեական հանցագործության մասին հաղորդում է, եւ, իմիջիայլոց, մենք դիմելու ենք՝ բոլոր միջոցներով, որպեսզի տիկին Լյուդան ապացուցի իր ասածները: Ես ընդամենը խնդրելու եմ 1 օրինակ, 1 հիմնարկի օրինակ բերի, ապացուցի, որ իսկապես նման բան կա, որ ատկատ կա այս հիմնարկում»:

Հաշվի առնելով, որ նախարարությանը, տիկին Սարգսյանի մատնանշած մեխանիզմով, բուժհիմնարկներն ըստ էության կաշառք են տվել, դժվար թե որեւէ մեկը խոստովանի այդ հանցանքը: «Դե, ուրեմն բերեք բոլորս հայտարարենք, որ բոլորս իրար ատկատ ենք տալիս, որովհետեւ ոչ մեկս հետո այդ մասին պաշտոնապես չենք հայտարարի»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե՝ կարծում եք, որ որեւէ հիմնարկի ղեկավար այդ քաջությունը կունենա եւ կասի՞, որ նման բան է եղել: «Այսինքն՝ եթե Լյուդային ասել են, թող ինքը ասի՝ այ, էսինչ տեղում նման բան կա: Լյուդային ասել են, Լյուդան էլ մեզանի՞ց է վախենում ասի»,- ավելացրեց պարոն Դումանյանը:

Նախարարը վստահեցրեց, որ անպայման դատի է տալու տիկին Սարգսյանին. «Եթե նա հրապարակավ ասել է, ես էլ հրապարակավ դատի եմ տալու իրեն, որպեսզի պատգամավորը նաեւ պատասխանատու լինի իր խոսքի համար, ոչ թե ինչ մտքովն անցնի՝ ասի: Ինքը քաղաքական գործիչ է, ինքը մասնագետ չէ, բայց եթե նա մասնագիտական հարց է բարձրացնում, մարդը, որը պատգամավոր է, որը առողջապահության հանձնաժողովից է, մարդ, որին հարգել եմ, ու որի հետ համակարգային տարբեր հարցեր ենք քննարկել, երբեւիցե նման հարց չի բարձրացել ինձ մոտ: Ես ամենապատասխանատու ձեւով ասում եմ՝ նման բաները բացառել եմ»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ պատգամավորը նաեւ նշում է, որ պետպատվերի տեղաբաշխումը գրեթե միանձնյա է կատարվում, իսկ պետպատվեր ստանալու կաշառք-տոկոսները նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին են տալիս, պարոն Դումանյանն ասաց,որ միանձնյա չէ, այլ՝ նախարարության հանձնաժողովն է որոշում, հանձնաժողովի կազմում էլ նախարարն է՝ իր տեղակալնելով ու վարչության պետերով:
Փաստորեն, տիկին Սարգսյանը նկատի ունի հենց այս հանձնաժողովի անդամներին: «Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին»,- վստահեցրել էր տիկին Սարգսյանը «Առավոտի» վերը նշված հրապարակման մեջ:

Գուցե պետք է մեկ այլ մեխանիզմ մշակել՝ պետպատվերը բաշխելու համար, որպեսզի նման կարծիքներ չլինեն, ասենք՝ որ բուժհիմնարկին որքան գումար տրամադրվի՝ որոշի Ազգային ժողովը, մեր այս դիտարկմանն էլ նախարարն ասաց. «Թող Ազգային ժողովը որոշի»:
Պարոն Դումանյանը վստահ է, իր խոսքերով ասած՝ տիկին Լյուդան մե՛ծ սխալ է թույլ տվել. «Ես վստահ եմ, որ ինքը բան է ասել, որում ինքը վստահ չէ, որովհետեւ սա իմ խնդիրը չէ, սա համակարգի խնդիր է: Ես խիստ վիրավորված եմ: Ձեզ կարող եմ անկեղծ ասել, թե որտեղ, ինչքան տնտեսումներ ունեմ, եթե մտքովս անցներ, ես ատկատով որեւէ տեղ մի բան կաշխատեի, որեւէ բուժհիմնարկ, որեւէ մի հիմնարկ չի կարող գալ ասել, որ մեր համակարգում ատկատ գոյություն ունի: Ոչ միայն 100%-ով բացառում եմ, մենք դատի կտանք, եթե տիկին Լյուդան մեզ չի ասում, չի վստահում, թող գա քննչական մարմիններին ասի՝ էդ ով է նման բան ասել: Տիկին Լյուդայից չէի սպասում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031