Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը` ՊԵԿ-ի միլիոնանոց խախտումներ է բացահայտել (Տեսանյութ)

Հունվար 17,2014 16:27

Պետական եկամուտների կոմիտեն 2013 թվականին 584.7 միլիոն դրամ ավելի գումար է ներկայացրել սոցապ ծառայությանը` բյուլետենների եւ հղիների նպաստների համար, մինչդեռ այս միլիոնները կասկածելի են եղել եւ չհիմնավորված՝ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացրեց դեպքեր, թե ինչպես եւ ինչ խախտումներ է ՊԵԿ-ը կատարել: Տիկին Ղարիբյանի ներկայացմամբ` ուսումնասիրվել են ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններ, եւ բացահայտվել են դեպքեր, երբ գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին, իսկ տվյալ աշխատողը ընդամենը 1 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` բյուլետեն, եւ այլեւս չի գնացել աշխատանքի` պետությունից ստանալով 150-200 հազար դրամից ավել նպաստ: Բացահայտվել է դեպք, երբ նպաստառուն աշխատել է համատեղության կարգով 2 իրար հետ փոխկապակցված կազմակերպություններում եւ մի ընկերությունից ստացել է իր աշխատակիցներից 1.6 անգամ ավելի աշխատավարձ, իսկ մյուսում` 2.3 անգամ: Ապա այս աշխատակիցը, ներկայացնելով ժամանակավոր անաշխատունակության հղիության թերթիկ, նրան 2 կազմակերպություններում էլ վճարել են 2 միլիոն 565 հազար դրամ նպաստ:

Տեսչության բացահայտած պետական մարմինների այլ խախտումների մասին Aravot.am-ն արդեն տեղեկացրել է :

Բացի այս տեսակի խախտումները, ՊԵԿ-ը նույնիսկ պարգեւատրումների միջոցով է պետական բյուջեից գումարներ «կորզել». ասենք 65-174 հազար դրամ աշխատավարձ ստացողին 2 միլիոն 835 հազար դրամով պարգեւատրել է: Aravot.am-ի այն հարցին, արդյոք տեսչությունը պարզե՞լ է, թե որեւէ պաշտոնյայի հետ բարեկամական կապ ունեն նշված անձինք, տիկին Ղարիբյանն ասաց, որ տեղյակ չէ:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ Սոնա Ղարիբյանի, 2013 թվականին ուսումնասիրվել են նաեւ Արարատի, Կոտայքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում կատարված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին շինարարության համար տրամադրված ծախսերը, եւ հայտնաբերել են 140 միլիոն դրամի խախտումներ:

ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրվել են հարկ վճարողների գործեր եւ տեսչությունը արձանագրել է, որ «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքների պահանջները ՊԵԿ-ը չի ապահովել, հայտնաբերել է նաեւ սահմանված պատժամիջոցների կիրառման խախտումներ: Սրանք, ինչպես տեսչությունն է բնութագրել` հետեւանք են հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ իրականացման: Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով հարկային ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվել է 600 միլիոն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր:

2013-ին պետբյուջե վերականգնվել-վերաձեւակերպվել է, ինչպես տիկին Ղարիբյանն ասաց` 2.3 միլիարդ դրամ:

Նշենք, որ ֆինանսների նախարարության կողմից գլխավոր դատախազություն ուղարկած 5-ի դեպքում քրեական գործ է հարուցվել, իսկ մի քանի պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031