Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանի առեղծվածը

Հունվար 28,2014 13:11

Բեմահարթակը մեյմունության ասպարեզ չէ: Թվում է՝ շատերն են այսպես մտածում, մանավանդ՝ թատրոնի մարդիկ: Բայց արի ու տես` այսօր քչերն են գործնականում մտահոգված հստակ զանազանելու այն, ինչը բնորոշում է դերասանի իրական արվեստը, եւ այն, ինչը անբռնազբոսիկ ծամածռություն է: 21-րդ դարասկզբին մեզանում ցավալիորեն սվաղվեցին Մելպոմենայի բոլոր չափանիշները. մնացին սոսկ մոտավոր պատկերացումներ անցյալից, մի քանի եզրեր, որոնք իբրեւ թե ծառայում են թացն ու չորը ճանաչելուն, մեկ էլ շռայլ էպիտետներ` «անզուգական», «տաղանդ», «հանճար», որոնք հպարտորեն կրում են թատրոնին «անձնվեր» ծառայողները:

Իսկ հանդիսատե՞սը: Նրա մասին կարծես ոչ ոք էլ մտահոգված չէ: Արդեն անտարակուսելի է, որ ինչ էլ նրան հրամցվի` կուտի, անհրաժեշտ է միայն փաթեթավորել փայլուն թղթով, ախորժալի տեսք հաղորդել եւ ամենակարեւորը` չծանրանալ մտքի վրա` թող հանգիստ վայելի իր «ճաշը»: Վաղուցվա հուշ է, երբ ամեն մի նոր բեմադրության մասին արձագանքում էր մամուլը, կարծիքներ էին շրջում հասարակության մեջ, վեճեր էին ծավալվում, ինչն էլ անշուշտ խթանում էր արվեստագետի ստեղծագործական միտքն ու երեւակայությունը:

Ի՞նչ կատարվեց: Գուցե մեզ այլեւս պետք չէ՞ թատրոնը, բայց վախենում ենք խոստովանել, որ հանկարծ սխալ չհասկանան, չմեղադրեն տգիտության մեջ: Չէ՞ որ արվեստի այդ տաճարը կառուցող ամենահին ժողովուրդներից ենք, ուստի եւ դատապարտված ենք լռակյաց կրելու մեր լուծը: Տպավորությունն այնպիսին է, թե պրոբլեմը բացառապես մեզ է բաժին ընկած եւ աշխարհի անցուդարձը ոչ մի կերպ չի անդրադառնում մեր կյանքին: Թերեւս, «մերն ուրիշ է», բայց չմոռանանք, որ չինական պարսպով շրջապատված չենք:
Կարծում եմ՝ ժամանակն է հիմնովին նորոգելու մեր ներկայիս հնամաշ ու բորբոսնած թատրոնական խոհանոցը` ականջալուր լինելով ժամանակակից թատրոնի պահանջներին եւ առավելապես` հանդիսատեսին, որը թեպետ վախվխելով է փորձում դժգոհել իր հոգեւոր սննդից, այդուհանդերձ ամենահուսալի ապավենն է կենդանի թատրոն ունենալու համար: Հենց նա է կարոտ օժտված եւ մասնագիտորեն գերազանց պատրաստված դերասանի, որի առաքելությունն այսօր առանձնակի է կարեւորվում: Իսկ թե ինչ չափանիշներով է առաջնորդվում այդ կարգի դերասանը, մեծ առեղծված չէ, ամենից առաջ նա պետք է կարողանա վարակել հանդիսատեսին այնպիսի էներգետիկ լիցքով, որը հնարավորություն է տալիս մարդուն վերագտնելու իր թաքնված բնատուր Եսը, կտրվելու առօրյա ապրումներից եւ թոթափելու վնասաբեր բարդույթների ու կարծրատիպերի աղբը:

ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031