Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են բեմադրում նորօրյա գրիբոյեդովները Երեւանում

Հունվար 30,2014 14:10

Եվ այսպես, հայ հանրությանը հայտնի դարձավ, որ արդեն մեկուկես տարի, գուցեեւ ավելի, Երեւանում գործում է կիսագաղտնի մի կառույց՝ «Գրիբոյեդով» ակումբի անվան տակ: Դրա մասնակիցներից մեկը առցանց «Առավոտին» տված հարցազրույցում թյուր էր համարել գաղտնի գործելու մասին տեղեկությունը՝ ասելով, թե ակումբը կայք ունի (տե՛ս ), եւ նշել էր այդ կայքի հասցեն :

Դե, ես էլ հետաքրքրասեր մարդ եմ, բացեցի կայքը, որ տեսնեմ՝ ինչքանով գաղտնի չէ: Եթե դուք էլ այցելեք, ապա, հավատացնում եմ, ըստ էության ոչինչ չեք իմանա: Որովհետեւ «Ակումբի մասին» բաժնում դրա հիմնադիր Դմիտրի Կիսելյովի նկարն է միայն՝ մի երկու տափակ (բառիս բուն իմաստով՝ ՏԱՓԱԿ) նախադասությամբ, որ այնքան է ակումբի մասին, որքան դրա մասին կարող է լինել, օրինակ, ձմռանը քնից հանկարծակի զարթնած ռուսական գորշ արջի ոռնոցը:

«Ընկերներ» բաժնում ըստ էության անդամների լուսանկարներն են, «Մամուլ» բաժնում հղումներ են ինչ-որ հոդվածների, «Իրադարձություններ» բաժնում հերթական հանդիպումների հյուրերի նկարներն են՝ «միջոցառման հաշվետվություն» հղումով, որը հասարակ մահկանացուներիս համար չի բացվում, որպեսզի մենք իմանանք, օրինակ, թե 2013 թվականի մայիսի 27-ին Կրեմլի իմպերիալիստական նկրտումների խոսափող, ոչ անհայտ Սերգեյ Կուրղինյանը ուղեղների ինչ լվացում է արել, կամ դարձյալ ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինը 2013 թվականի փետրվարի 25-ին ինչ է խոսել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին… Հասկացա՞ք, արդեն փետրվարի 25-ին մի խումբ հայերի նախապատրաստում էին սեպտեմբերի 3-ի ազգային դավադրությանը:

Մի խոսքով՝ սա իսկապես էլ գաղտնի կառույց է, ինչքան էլ ներկայացնեն, թե պարզապես հանդիպումների ձեւաչափը «off the record» է: Բավական է նայել քննարկված թեմաներին ու հյուրերին՝ հասկանալու համար, որ սրանով ռուսական իմպերիալիզմը իր էքսպանսիայի քարոզչական մի մասն է ապահովել:

Դմիտրի Կիսելյովը հո ինքնուրո՞ւյն չի մտահղացել նման ակումբ ստեղծելու գաղափարը: Մի՞թե պարզ չէ, որ նման հրահանգը եկել է Կրեմլից: Դմիտրի Կիսելյովը հո Ռուբեն Գեւորգյանցի եւ մյուսների սիրուն աչքերի համար չի՞ ամսական էդքան փող ծախսում՝ գալիս Երեւան, հետը էլի հյուրեր բերում, Հայաստանից էլ մի 10-15 հոգի հրավիրում ընթրիքի որեւէ էլիտար ռեստորան…

Դե, եթե հանդիպումները գաղտնի կամ, ինչպես իրենք են ասում, «off the record» են, ես էլ ինչ ասես՝ կարող եմ ենթադրել:

Սկսեմ ենթադրել. նախ՝ Դմիտրի Կիսելյովը պատահական մարդ չէ եւ, բնականաբար, հազիվ թե իր այցերի ու զրույցների մասին չի զեկուցում Մոսկվայում ում որ հարկն է… Եվ Մոսկվան էլ, բնականաբար, դրանք հաշվի է առնում իր հերթական ծավալապաշտական քայլերը պլանավորելիս…

Երկրորդ՝ ենթադրում եմ, եւ միանգամայն տեղին, որ այդ զրույցների ժամանակ են ռուսական իմպերիալիզմի գործակալները հող նախապատրաստել Եվրասիական միությանը միանալու, Եվրոպան փնովելու, Հայաստանը «Գազպրոմին» վաճառելու համար:

Երրորդ՝ կարող եմ նաեւ ենթադրել, որ դրանից հետո են ծնվում եւ ամեն օր պատերին հայտնվում այդ ակումբի անդամ Ռուբեն Գեւորգյանցի հովանավորած կազմակերպության թռուցիկները՝ «Ո՛չ թուրքամետ Ամերիկային» տիպի լոզունգներով:

Չորրորդ՝ եթե գաղտնի է, իրավունք ունե՞մ ես ասելու. ահա թե ինչու Վազգեն Մանուկյանը ծպտուն չհանեց, երբ Հայաստանի անկախությունը վաճառվեց ռուսական «Գազպրոմին»: Եվ հարցնելու՝ մի՞թե մեկուկես տարվա «գրիբոյեդովական» քարոզչությունն էնքան հզոր էր, որ նա մոռացավ 1988 թվականն ու անկախության համար իր պայքարը:

Եվ վերջապես՝ կարող եմ, չէ՞, ենթադրել, որ ռուսական այս հերթական «ինտելեկտուալ» ներխուժման հետեւանք է նաեւ հայ կոմունիստների հունվարի 28-ի՝ ըստ էության Մոսկվային քծնող պիկետը Երեւանում Ուկրաինայի դեսպանատան մոտ՝ ընդդեմ Եվրամայդանի՝ «Եվրոպական ֆաշիզմը չի անցնի» լոզունգով (տե՛ս news.am կայքում՝):
Գրիբոյեդովը ռուս պոետ է, որը Հայաստանին առնչվում է այնքանով, որ Թեհրանում սպանվելուց հետո նրա դիակը Հայաստանով են տեղափոխել Թիֆլիս, եւ որ նրա «Խելքից պատուհաս» պիեսը առաջին անգամ բեմադրվել է Երեւանում (եթե չեմ սխալվում՝ 1827 կամ 1828 թվականին)՝ ռուս սպաների կողմից:

Իսկ ի՞նչ են բեմադրում ռուս սպաների հետնորդները՝ Դմիտրի Կիսելյովի գլխավորությամբ, Երեւանում՝ իրենց հայ գործընկերների մասնակցությամբ, եւ ի՞նչ սպասել այդ բեմադրություններից: Մանավանդ, որ, ըստ «Հայկական ժամանակի», «բեմադրություններից» մեկին թաքուն մասնակցել է նաեւ ՀՀ արտգործնախարարը: Սա է, որ պատված է գաղտնիության մշուշով:

Թեպետ էնքան էլ չէ, որովհետեւ այդ «բեմադրությունների» արձագանքները մենք տեսնում ենք թեկուզ նրանում, որ Հայաստանի ներկա իշխանությունը քայլ առ քայլ մեր երկրի անկախությունը վաճառում է ռուսներին, իսկ «ինտելեկտուալ» ակումբի քննարկումների մասնակիցները դրան առանձնապես չեն էլ ընդդիմանում՝ ըստ էության մասնակից դառնալով ընդդեմ Հայաստանի դավադրությանը:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Տիպիկ Սալոնիկյան ջհուդների թուրքացումը , երիտթերքերի կազմավորումը և արդյունքում`հայկական ցեղասպանությունը

  2. «Լավուշկա,ջանըմ,լավուշկա»(«Զանգեզուր»ֆիլմից):Իսկ եթե լուրջ՝ երբ մի երկիր«շողուլից»ընկած է,ու ոչ մի հեռանկար չունի«թարազուի»գալ՝ այնտեղ Գրիբոեդով էլ կլինի,Պուշկին ու Լերմոնտովն էլ հետը:(Ի սեր Աստծո,ի նկատի չունեմ նշածս անձանց որպես ստեղծագործ կերպար):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031