Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ես ձեզ խնդրում եմ՝ ձեր ներվերը մի՛ քայքայեք» (Տեսանյութ)

Փետրվար 03,2014 13:46

Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանը սկսվեց բավականին բուռն: Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ի՞նչ է պատրաստվում նա անել կառավարության կողմից պետգույքի մասնավորեցման մասին օրենքի պարբերական եւ խորացող խախտումների կապակցությամբ, ինչի արդյունքում Ազգային ժողովը հեղինակազրկվում է: Նա նկատի ուներ Որոտան ՀԷԿՀ-ի օրեր առաջ կայացած օտարումը: Բանն այն է, որ Որոտան ՀԷԿՀ-ը ընդգրկված չէր այս տարվա մասնավորեցման ենթակա պետգույքի ցանկում, եւ, շրջանցելով մասնավորեցման վերաբերյալ օրենքը, համաձայն որի՝ չի կարող մասնավորեցվել ցանկում չեղած եւ ԱԺ կողմից չհաստատված գույքը, կառավարությունը ուղիղ վաճառքի եղանակով օտարեց Որոտան ՀԷԿՀ-ը մի ամերիկյան ընկերության: «Քավ լիցի, մենք դեմ չենք ամերիկյան ընկերությանը վաճառելուն, բայց մենք դեմ ենք, որ Ազգային ժողովն է շրջանցվում՝ խախտելով մասնավորեցման մասին օրենքը, ի՞նչ եք անելու Դուք՝ որպես ԱԺ նախագահ, երբ կառավարությունը զավթում է ԱԺ սահմանադրական լիազորությունները եւ հեղինակազրկում է Ազգային ժողովը»,-հարցրեց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը շատ սրտամոտ է ընդունում ԱԺ հեղինակությանը վերաբերող ցանկացած ակնարկ, հորդորեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին, որ իր կամ իր խմբակցության մասնավոր կարծիքը՝ ԱԺ հեղինակազրկման մասին չհայտարարի, բայց ասաց նաեւ, որ իրավաբանների հետ կճշտի՝ եթե իսկապես օրենքի խախտում է եղել, եւ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները, ինքն անպայման կանդրադառնա այդ հարցին:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցածին՝ հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է: Որպեսզի կանոնակարգ-օրենքին չհակասի օրակարգի հետ կապ չունեցող այս հարցը, Նիկոլ Փաշինյանը այն ձեւակերպելիս սկսեց «քանի որ մեծ օրակարգում կա բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին երկու հարց» նախաբանով: Այս փոքրիկ «խորամանկությունը» նա հաջորդ հարցի ժամանակ էլ արեց, երբ հետաքրքրվում էր, թե ինչու կառավարությունը հրաժարական չի տվել, թեեւ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այն կառավարությունը, որը 7% աճ չապահովի՝ պետք է հրաժարական տա: Որպեսզի համահունչ լինի հարցը օրակարգին, նա հարցի նախաբանը ձեւակերպեց այսպես՝ «քանի որ օրակարգի հարցերի մեծ մասը կառավարությունն է ներկայացրել՝ ինձ հետաքրքրում է…»:

Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածի վերաբերյալ հարցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը իր տպավորությամբ կիսվեց, ըստ որի՝ «տնտեսագիտական համալսարանը խուլիգանների որջ է, եւ որպես գլխավոր խուլիգան ռեկտորն է հանդես գալիս»: Նա այդ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեն հեռացված այդ ուսանողներն ու ռեկտորը, արդյոք այն պատճառով, որ լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ, չէ՞ որ միաժամանակ երկու քրեական օրենք է խախտվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն է խոչընդոտվել եւ խուլիգանություն է տեղի ունեցել:

Այս մտահոգությունն էլ չկիսեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ասելով՝ «Ես համամիտ չեմ ձեզ հետ», նաեւ նկատողություն արեց պատգամավորին՝ «ձեր ելույթը կոռեկտության սահմաններից դուրս է, ձեզ մոտ ավանդույթ է վիրավորելով մարդկանց՝ ձեր հեղինակությունը բարձրացնել, դա հիմնավոր եւ ճիշտ մոտեցում չէ՝ այլ մարդկանց եւ գերատեսչություններին վիրավորելով անձնական իմիջ բարձրացնելը»: Ապա կոնկրետ հարցին ի պատասխան ասաց՝ «եթե ունեք իրավաբաների հիմնավորում, որ խախտում է կատարվել բուհում, ընթացքի մեջ կդնեմ, բայց կարծում եմ՝ ավելի շատ շինծու գործողություններ են եղել»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության հրաժարականի մասին հարցին, ապա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չէր տալիս այն մինչեւ վերջ հնչեցնել, ասելով, որ Փաշինյանը խախտում է կանոնակարգ- օրենքը եւ օրակարգին չառնչվող հարց է տալիս, ինչին ի պատասխան Ն.Փաշինյանը, արդեն անջատած խոսափողով ինչ-որ բաներ էր ասում: Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պարոն Փաշինյան, ես ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում, իսկ դուք բարկանում եք, ինչո՞ւ: Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»:
Մեկ այլ առիթով էլ, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին տեղից, անջատված խոսափողով ինչ-որ բան էր ասում, Հովիկ Աբրահամյանը հորդորեց. «Ես ձեզ խնդրում եմ, ձեր ներվերը մի քայքայեք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Ողջ երկրի ներվերը դուք եք քաքայում …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728