Լրահոս
Օրվա լրահոսը

Իեն Անդերսոնի նոր ալբոմը՝ ապրիլի 14-ին

Փետրվար 07,2014 14:15

Բրիտանական պրոգրեսիվ ռոքի լեգենդ, Jethro Tull-ի առաջատար Իեն Անդերսոնի նոր ձայնասկավառակը, որը կոչվում է Homo Erraticus, լույս կտեսնի ապրիլի 14-ին: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Jethro Tull-ի պաշտոնական ինտերնետային կայքում հունվարի 31-ին: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ դրա հետ մեկտեղ՝ ապրիլին կմեկնարկի նաեւ Անդերսոնի 2014թ. լայնածավալ շրջագայությունը, որի ընթացքում նոր սկավառակը կհնչի ամբողջությամբ, ինչին կհետեւի Jethro Tull-ի դասական ստեղծագործությունների ընտրանի: Այս ամենը համեմված է լինելու տեսաշարով եւ բեմականացումներով: Ձայնասկավառակը թողարկվելու է Անդերսոնին պատկանող Calliandra Records լեյբլի ներքո:

Homo Erraticus-ը կշարունակի Jethro Tull-ի` 1972-ին լույս տեսած դասական պրոգրեսիվ ալբոմի` Thick As A Brick-ի հերոս Ջերալդ Բոստոքի պատմությունը: Ըստ առասպելի` Thick As A Brick կոնցեպտուալ ալբոմը հիմնված է եղել հրաշամանուկ Ջերալդ Բոստոքի բանաստեղծությունների վրա: 2012-ին Իեն Անդերսոնը թողարկեց Thick As A Brick 2-ը, որում հեղինակը պատկերացնում է, թե ինչ կարող էր եղած լինել Ջերալդ Բոստոքի հետ 40 տարի անց: Այժմ եւս մեկ` թվով երրորդ ամբողջական ձայնասկավառակ կկենտրոնանա Բոստոքի երեւակայական աշխարհի շուրջ:

Նոր սկավառակի հնչողությունը, Իեն Անդերսոնի նկարագրմամբ, լինելու է ավելի ծանր եւ ավելի պակաս ֆոլքային: Նրա խոսքերով` դա «հաջորդ էպիկական ճանապարհորդությունն է դեպի պրոգրեսիվ ռոքի տարօրինակության պանթեոն»: Հունվարի վերջին Derby Telegraph պարբերականին տված հարցազրույցում Անդերսոնը պատմել էր նոր ձայնասկավառակում բարձրացվող թեմաների մասին. «Թեման, որով ես հետաքրքրված էի, մեր տեսակի` անդադար գլոբալ միգրացիայի միտումը հետազոտելն էր: Մարդկանց տեղաշարժը երկրագնդի շուրջ հակասական թեմա է այս պահին, բայց այն կարող է քննարկվել բավականին ներպարփակ առումով: Հեշտորեն մոռացվում է, որ մենք բոլորս, ի սկզբանե, եկել ենք նույն տեղից, եւ իմաստավորված միգրացիան միշտ տեղի է ունեցել: Մենք նախաձեռնող տեսակ ենք. խոտը միշտ ավելի կանաչ է, այնպես որ, մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեր պատկերացմամբ ավելի լավ հեռանկարներ կան: Մարդկությունը երբեք մշտական հայրենիք չի ունեցել, մենք միշտ հետազոտել ենք: Միգրացիայի զգացումը միշտ առկա է»:

Անդերսոնը նաեւ ասել է, որ մտադիր չէ հանգստի անցնել: «Ինչո՞ւ նույնիսկ մտածել այդ մասին, եթե դու դեռ կարող ես շարունակել անել այն, ինչ սիրում ես՝ փորձելով եւ մարտահրավեր նետելով ինքդ քեզ», – ասել է երաժիշտը:

Որպես Jethro Tull-ի առաջատար եւ սոլո երաժիշտ, Իեն Անդերսոնը ելույթ է ունեցել 54 երկրներում՝ 45 տարիների ընթացքում: Նա համարվում է պրոգրեսիվ ռոքի լեգենդ եւ ճանաչված է որպես երաժիշտ, ով առաջինը ֆլեյտան ներմուծեց ռոք երաժշտություն: Ողջ երաժշտական կարիերայի ընթացքում Jethro Tull-ը վաճառել է ավելի քան 60 միլիոն ձայնասկավառակ:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728