Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արաբկիրի ոստիկանության քննիչն արձակուրդում էր, դատախազն էլ տեղյակ չէր՝ իր մոտ ինչ կա

Փետրվար 18,2014 13:14

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվեց 10 րոպե տեւած դատական նիստը:

Դատավորից, հայցվորից, նրա ներկայացուցչից եւ դատախազից բացի, որեւէ մեկը նիստերի դահլիճում չկար:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչն արձակուրդում էր, դատախազ տիկին Աշրաֆյանի զանգից հետո պարզ դարձավ, որ նա կվերադառնա մարտի 5-ին, իսկ դատախազ տիկին Աշրաֆյանն էլ ճիշտ է՝ ներկայացել էր, սակայն տեղյակ չէր, թե քրեական գործի նյութերում ինչ կա իր մոտ, որ հանձնի դատարանին՝ կողմին տրամադրելու համար:

Մեկ տարի առաջ քրեական վերաքննիչ դատարանը որոշել էր հայցվոր, 13-րդ դարից Խորասանյաննների տոհմի ժառանգ Կարինե Խորասանյանի բողոքը բավարարել, վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնին վերացնելու բողոքաբերի իրավունքների եւ ազատությունների խախտումը: Սակայն անցել է մեկ տարի, չեն վերականգնվել Կարինե Խորասանյանի իրավունքները, գործն էլ գտնվում է սույն դատարանում՝ այլ կազմով քննելու համար:

Բողոքաբերը պահանջել էր քրեական գործ հարուցել նոտար Էմմա Շաբոյանի նկատմամբ, քննիչը որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Կարինե Խորասանյանի ներկայացուցիչն էր Սուսաննա Հարությունյանը:

Կ. Խորասանյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Կենտրոնականի բաժնին, որ 2003 թ. մայիսի 29-ին «Կենտրոն» նոտարական գրասենյակում իր դստերը պատկանող Ամիրյան 18 շենքի N.բնակարանի 1/2-րդ մասի առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս նոտարի կողմից թույլ են տրվել ձեւակերպումներ, ինչի հետեւանքով թե կադաստրի, թե նոտարի պատճառով զրկվել է ողջ բնակարանից:

Դռնբաց դատական նիստի ժամանակ Կ.Խորասանյանն ասաց, որ իր բնակարանն անցել է անհայտ ծագումով մի անձի՝ Խաչատուր Բեդրոսի Բահարյանին , որին հովանավորում է վարչապետը. «Վարչապետը թող իր հաշվին լավություն անի օտարերկրացուն, այլ ոչ թե իմ հաշվին»: Նա ասաց, որ Ատոմակայանի նախագծողներից է եղել, իր վերջին գործը՝ ուղեկալներն էին լինելու եւ այս գործի պատճառով կորցրել է իր առողջությունը, երկրորդ կարգի հաշմանդամ դարձել, վիրահատվել:

«Ես չորս լեզվի եմ տիրապետում, բայց այս լեզուն չեմ հասկանում: Գործի նյութերը կեղծված են: Դիմել եմ դատախազությանը: Դատախազը պաշտպանում է միջազգային հանցագործին, որի մասին գրված է ինտերնետում, գլխավոր դատախազ Բադալյան ունեն, ես որեւէ մեկը չունեմ: Արդեն չորս տարի է՝ ապրում եմ վախի մեջ: Օտարերկրացու թիկունքին վարչապետն է կանգնած, եւ ինձ ոչնչացնում են արդեն 4 տարի»,-հայտարարեց Կ.Խորասանյանը:

Նա ներկայացրեց իր գերդաստանը, դատավորին ցույց տվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից հրատարակված «Նշանավոր հայերը» գիրքը, ասաց, որ իրենք Երեւանը կառուցողներն են եղել, եւ մեծ ավանդ ունեն մեր պետության կայացման համար:

Ի դեպ, այս գործից բացակայել են բնակարանը ընդհանուր համատեղ սեփականություն լինելու, համատեղ սեփականատերեր լինելու մասին ապացույցները՝ փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը, երբ գործը վերադարձրել էր այլ կազմով քննելու համար, գնահատել էր նախորդ դատարանին, արձանագրել.. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ իրավական գնահատական չտալով քրեական հետապնդման մարմնի կողմից հանցագործության եւ հաղորդման հիման վրա նյութերի թերի, միակողմանի նախապատրաստմանը, կայացրել է անօրինական, անհիմն որոշում, որը սահմանափակել է անձի իրավունքներն ու ազատությունները»:

Քննիչի արձակուրդից վերադառնալով էլ պայմանավորված է հաջորդ դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728