Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «Մաթեմատիկոս մրցանակակիրների թվով Ֆրանսիան աշխարհում երկրորդն է»

Փետրվար 20,2014 12:59

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը այսօր կայացած ասուլիսը վերաբերվում էր Ֆրանսիական համալսարաններում հայ ուսանողներին տրվող սովորելու հնարավորությանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժնի աշխատակիցները կներկայացրին ֆրանսիական համալսարանների մագիստրատուրաներում և դոկտորանտուրաներում ուսանելու, ինչպես նաև դեսպանության կրթաթոշակների ծրագրից օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես տեղեկացրին, որ բակալավրիատի ուսանողը տարեկան վճարում է ընդամենը 183 եվրո, դոկտորանտուրայի համար՝ 388 եվրո:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ասաց, որ ուրախ է գեղեցիկ արեւային օրը ընդունել լրագրողներին, եւ նկատեց, որ համահունչ եղանակ է երազանքների մասին խոսելու համար: «Ֆրանսիան ցանկանում է, որ երիտասարդները, այդ թվում՝ հայ երիտասարդները հնարավորություն ունենան սովորել Ֆրանսիայի բարձրամակարդակ հաստատություններում: Ինչ վերաբերվում է Հայաստանին, Ձեր երկրում ֆրանսիական կրթօջախ ասվածը ասոցացվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ: Այս բուհի էությունը ներդաշնակվում է անվանման հետ, քանի որ ուսումնառության ավարտին շրջանավարտներին տրամադրվում է նաեւ Ֆրանսիական դիպլոմ»;

Դեսպանի փաստմամբ, արդեն 1000 դիպլոմ է տվել Ֆրանսիական համալսարանը՝ 10 տարիների ընթացքում: «Հայաստանում Ֆրանսիական համալսարանը լուրջ հաջողություններ է գրանցել: Որքան էլ իր հաջողության պսակը կրի, Ֆրանսիական համալսարանը եղածով չի բավարարվում»,-համոզված է պարոն Ռենոն:

Նաեւ հավելում է. «Չնայած այս ամենին, մենք դիմում ենք Հայաստանի ուսանողներին իրենց կրթական գործընթացը շարունակելու նաեւ Ֆրանսիայի համալսարաններում: Միջազգային կրթական շուկայում ֆրանսիական բուհական կրթությունը պահանջված է, արտասահմանցի ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդն է, 300000 արտասահմանցի ուսանող կրթություն է ստանում Ֆրանսիայի բուհական համակարգում եւ տարբեր դպրոցներում: Նրանց 20 տոկոսը իրենց կրթությունը շարունակում է մաստեր կատեգորիայում, իսկ 40-ը՝ դոկտորանտուրայում: 2011-2012 թթ Ֆրանսիական ուսումնական հաստատություններում գրանցված է եղել շուրջ 1000 հայ ուսանող»:

Անրի Ռենոն խոսեց նաեւ Ֆրանսիայում կրթություն ստացածների շրջանում անցկացված հարցման մասին: Նրա խոսքով՝ արդյունքները գոհացուցիչ են.« ¾-ի գնահատմամբ, ֆրանսիական կրթությունը հնարավորություն է տվել բարձր աշխատատեղեր զբաղեցնել, 35 տոկոսը մասնագիտական վերաուղղորդման հնարավորություն է ստացել Ֆրանսիայում: Ի դեպ, Ֆրանսիան Նոբելյան մրցանակ ստացողների թվով աշխարհում չորրորդն է, իսկ մաթեմատիկայի գծով գիտական տարբեր մրցանակների թվով՝ երկրորդը»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանն էլ ասաց, որ ուսուցման լեզուն Ֆրանսիայում ֆրանսերենն է, սակայն ի տարբերություն այլ երկրների, Ֆրանսիայում մեկնարկային փուլում պարտադիր պայման չէ ֆրանսերենի իմացությունը: «Բոլոր նրանք, ովքեր ուզում են շարունակել իրենց կրթությունը Ֆրանսիայում, խորհուրդ կտամ ֆրանսերենին ծանոթանալ Հայաստանում: Դա կարելի է անել Ալիան Ֆրանսեզի միջոցով»,-նշեց պարոն Կասբարյանը:

Նրա տեղեկացմամբ, Ֆրանսիայում շուրջ 700 ծրագրով կրթությունն անցկացվում է անգլերենով: Դրանց թվում են ինժեներատեխնիկական, տուրիզմի, կառավարման, տնտեսագիտական բլոկի, ճշգրիտ գիտությունների ծրագրերը, որոնք զուգահեռաբար ուղեկցվում են ֆրանսերենի դասընթացներով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գիտության եւ տեխնիկայի հարցերով կցորդ Ալիս Լենան տեղեկացրեց «էմպաս կամպուս Ֆրանս» ծրագրի հայաստանյան ներկայացուցչության մասին, որը զբաղվում է ուսանողների շարժունակությամբ, ուղեկցում հայ ուսանողներին նրանց ուսուցման ընթացքում: «Ցանկանում ենք, որ հայ ուսանողները տեղեկանան Ֆրանսիայում ուսանելու մեծ հնարավորությունների մասին, դրա համար այցելել ենք հայաստանյան բազմաթիվ ավագ դպրոցներ, նաեւ այնպիսի դպրոցներ, որտեղ ֆրանսերենի ուսուցումը պարտադիր չէ»,-հայտնեց տիկին Լենան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728