Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկները խորթ մոր տնօրինած ընկերությունից 19 միլիոն դրամ են պահանջում

Փետրվար 21,2014 16:25

Դիլիջան քաղաքի բնակիչներ Վարդուհի Ջուլհակյանը, Աստղիկ Վաթինյանը, Վալենտինա Մելիքջանյանը, Լյոլյա Յակովլեւան, Թինա եւ Լանա Խանամիրյանները «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ից 19 միլիոն 352 հազար 825 դրամի բռնագանձման պահանջով հայց են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սույն գործով դատաքննության նախնական նիստերն ընթանում են մարզի դատարանի Դիլիջանի նստավայրում:

«Դատալեքս» կայքից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվորների միջնորդությունը եւ արգելանք է դրել «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:

2014 թ. հունվարի 24-ին դատարանը քննության է առել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին պատասխանող կողմի միջնորդությունը: Առողջարանային համալիրի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ չի առարկում, որ արգելանքը մնա միայն ընկերության անշարժ գույքի վրա, որի արժեքը կազմում է 1 միլիարդ 470 միլիոն դրամ՝ հայցվորների ներկայացրած 19 միլիոն դրամ պահանջի դիմաց: Բացի այդ, «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ բաժնետոմսերի մի մասի սեփականատեր են հանդիսանում հայցվորներից Լանա եւ Թինա Խանամիրյանները: Դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է առողջարանային համալիրի դրամական միջոցների վրա արգելանքը վերացնել, իսկ ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա արգելանքը թողնել անփոփոփ:

Սույն գործով կայացել են մի քանի նախնական նիստեր, հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին:

Նշենք, որ առողջարանային համալիրը հայտնի է նաեւ որպես «Իմպուլս» համալիր: Այն գործարկվել է 1976թ., Դիլիջանի «Իմպուլս» գործարանի կողմից: Գործարանի երկարամյա տնօրեն Էդվարդ Խանամիրյանը մահացել է 2011 թվականին: Թինա եւ Լանա Խանամիրյանները Էդվարդ Խանամիրյանի երկրորդ ամուսնության զավակներն են:

Է. Խանամիրյանի կինը՝ ազգությամբ ռուս Վալենտինա Խանամիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալիրի բաժնետոմսերի ¾-ը պատկանում է իր ընտանիքին, իսկ 1/4-ը՝ խորթ աղջիկներին:

Վալենտինա Խանամիրյանն ասաց, որ մյուս հայցվորներին առողջարանը աշխատավարձի պարտք ուներ, եւ այդ գումարները արդեն վճարել են: Տիկին Վալենտինայի վկայությամբ՝ իր խորթ աղջիկները համալիրի եկամուտներից մաս են ուզում, սակայն համալիրը այժմ շահույթներ չունի, այն ներկայումս չի գործում, վթարված խողովակաշարի պատճառով ջրամատակարարում չկա, առկա են ջեռուցման հետ կապված խնդիրներ: Մեր տեղեկություններով՝ դատարանում բավարարված միջնորդությամբ ժամանակ է տրվել հայցվոր եւ պատասխանող կողմերի միջեւ հաշտության համաձայնության գալու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Դիլիջանի առողջարանային համալիրի կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728